ՆԱՏՕ-ն կոչ է անում Թալիբանի առաջնորդներին` սկսել խաղաղության բանակցություններ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 21, 2010 12:45

The New York Times հրատարակության տեղեկատվությամբ` ՆԱՏՕ-ն կոչ է անում Թալիբանի առաջնորդներին սկսել խաղաղության բանակցություններ, որոնք վերջ կդնեն պատերազմին Աֆղանստանում: Ենթադրվում են դեմ առ դեմ և ընդլայնված բանակցություններ: Նույն հրատարակության տվյալներով` բանակցությունների առաջին շարքը արդեն կայացել է Քաբուլում և նրա սահմաններից դուրս, որոնց մասնակցել են Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի մերձավոր շրջապատի ներկայացուցիչները, Պակիստանի Քվետտա քաղաքի թալիբները, ովքեր գերակա դիրքեր են զբաղեցնում Աֆղանստանի պատերազմում: The New York Times-ը նշում է նաև, որ Աֆղանստանի ղեկավարության ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել «Հագգանի ցանցի» ներկայացուցիչների հետ, ովքեր համարվում են երկրում ամենաուժեղ պարտիզանական կազմակերպությունը, ինչպես նաև Փեշավարի խորհրդի անդամների հետ, որոնց մարտիկների հենակայանը գտնվում է Աֆղանստանի արևելքում: Ընդ որում`թերթը հատուկ ընդգծում է, որ Թալիբանի առաջնորդները, ովքեր Պակիստանից են եկել բանակցությունների, հուսալի երաշխիքի հույս ունեն, որ ՆԱՏՕ-ի զորքերը իրենց վրա չեն հարձակվի և իրենց չեն ձերբակալի: Դեռ ավելին` թալիբները Աֆղանստան են տեղափոխվել Հյուսիսատլանտյան դաշինքի տրամադրած ինքնաթիռով` ՆԱՏՕ-ի զինվորների թիկնազորությամբ: Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զինուժի հրամանատար Դևիդ Փեթրեուսը փորձագետների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ Համիդ Քարզայի կառավարությունը գաղտնի բանակցություններ է վարում թալիբների հետ: Anso վերլուծական խումբը, որը խորհրդակցում է Աֆղանստանի անվտանգության հարցերով` հասարակական կազմակերպությունների հետ, կարծիք է հայտնել, որ թալիբներին պետք է ներառել գործընթացմներում և ոչ թե խուսանավել նրանցից: Գեներալ Փեթրեուսը լավատեսական պատկեր է ներկայացրել. նրա խոսքով`Քաբուլը անվտանգ վայր է, ուր բարգավաճում է գործարարությունը, կրթության և գրագիտության մակարդակն է բարձրանում, վտարանդիները վերադառնում են հայրենիք: Այդուհանդերձ` բռնությունները չեն դադարում Աֆղանստանում: Միայն վերջին ամսվա ընթացքում դաշնային համակազմից զոհվել  է 40 զինծառայող: Երկրում կա 150 հազար խաղաղապահ:

Դիտվել է 891 անգամ:
Print Friendly

Leave a Reply