Համահայկական էլեկտրոնային գրադարանում մինչ օրս տեղադրվել է 1698 գիրք

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 21, 2010 11:22

Համահայկական էլեկտրոնային գրադարանում մինչ օրս տեղադրվել է 1698 գիրք, որից 174-ը` հայ գրականության, 173-ը` արտասահմանյան, 93-ը` հայոց պատմության վերաբերյալ: Գրադարանի, որը հոկտեմբերի 24-ին կդառնա երկու տարեկան, համահիմնադիր Գեւորգ Ղազարյանը «Արմենպրես»-ին ասաց, որ հայալեզու էլեկտրոնային գրականության սակավությունը նրան ու ընկերոջը` Հակոբ Վարդանյանին, նման գրադարան ստեղծելու գաղափար է տվել:

«Մենք չունեինք ֆինանսական միջոցներ, համակարգչային ծրագրավորման գիտելիքներ, ձեռքի տակ չկային թվայնացված հայալեզու գրքեր: Սեփական միջոցներով եւ ընկերների աջակցությամբ հաջողվեց այդքան գրքեր տեղադրել գրադարանի կայքում»,-ասաց Գ. Ղազարյանը` հավելելով, որ ցանկացած ընթերցող ազատ կարող է գրադարանից գիրք ներբեռնել: Համահայկական էլեկտրոնային գրադարանում կարելի է գտնել քաղաքագիտության, հայոց եւ ընդհանուր պատմության, հայ, միջազգային գրականության, հայոց եւ օտար լեզուների ուսուցման ու այլ գրքեր: «Մենք նպատակ ունենք գրքերի թվայնացման գործընթացն ավելի կանոնակարգված դարձնել:

Արդեն ընթերցողներն իրենք են սկսել գրքեր թվայնացնել, ինչը ողջունելի է»,-ընդգծեց Գեւորգ Ղազարյանը: Գրադարանի համահիմնադիրները նաեւ փորձում են համագործակցել պետական կառույցների հետ: Համահայկական էլեկտրոնային գրադարանում կարելի է գտնել հայկական քարտեզներ, գործում է նաեւ «Հայկական անկյուն» հանրագիտարան-էջը, որտեղ զետեղված են Հայաստանին ու հայ ժողովրդին վերաբերող հետաքրքիր հոդվածներ:

Դիտվել է 3544 անգամ:
Print Friendly

Leave a Reply