Վթարված ինքնաթիռի զոհ գնացած Արթուրը չհասցրեց գիտությունների թեկնածու դառնալ ու ամուսնանալ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | July 17, 2009 12:04

Արթուր Գրիգորյան

Երեկ Թեհրան-Երևան վթարված ինքնաթիռի զոհված ուղևորներից 27-ամյա Արթուր Գրիգորյանի շենքի բակում հավաքվել էին ընկերներն ու հարազատները, իսկ հայրն ու քեռին մեկնել են Թեհրան:

Արթուրին աշխատանքի վայրից Թեհրան էին գործուղել դեպքից 10 օր առաջ: Նա աշխատում էր Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտում` որպես ծրագրավորման լաբորատորիայի վարիչ: Երիտասարդ տարիքում մասնագիտական հաջողությունների հասնելը պատահական չէր. ինչպես նշում են ուսանողական ընկերները, նա նպատակասլաց էր, աշխատասեր ու հավասարակշռված, իսկ կուրսում աչքի էր ընկնում բացառիկ խելքով:

Արթուրը, ավարտելով ֆիզմաթ թեքումով միջնակարգ դպրոցը, 1999 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: Նույն ֆակուլտետում ասպիրանտ էր և պատրաստվում էր դեկտեմբերին պաշտպանել «Արհեստական ինտելեկտ» թեմայով գիտական թեզը: 

Դավիթն ու Սերգեյը Արթուրի մտերիմ ընկերներից են, իսկ Սերգեյի հետ` նաև գործընկերներ:

«Արթուրն իմ ղեկավարն էր: Նրա խորհրդով ու աջակցությամբ էի ընդունվել այնտեղ աշխատելու: Շատ ծրագրեր ու նպատակներ ունեինք,-ափսոսանքով պատմում է Սերգեյը,-Նա իմ խորհրդատուն էր թե՛ կյանքում, թե՛ աշխատանքում»:

Ուսանողական ընկեր Դավիթը պատմում է. «Տասը տարի է` իրար ճանաչում էինք, շատ մտերիմ էինք: 2003-ին ավարտեցինք բակալավրատուրան, ես գնացի բանակ, հետո էլ` Մոսկվա: Վերադառնալուց հետո մասնագիտական աշխատանքի տեղավորվելու հնարավորություն եղավ, բայց քանի որ համալսարանն ավարտելուց հետո չէի զբաղվել իմ մասնագիտությամբ, տարիների ընթացքում շատ բան մոռացել էի: Արթուրի մոտ 2 ամիս պարապեցի, վերականգնեցի սովորածս ու ընդունվեցի աշխատանքի»:

Ընկերները պատմում են, որ իրենց կուրսը շատ ակտիվ էր, և հաճախ էին խնջույքներ կազմակերպում: Նրանց խոսքով` Արթուրն այդ ամենի կենտրոնում էր:

«Մեր քեֆերի թամադան էր,-հիշում է Դավիթը,-հա՛մ ճարտար լեզու ուներ, հա՛մ էլ շատ կազմակերպված էր»:

«Արթուրն էն տղերքից չէր, որ միայն հզոր ուղեղ ունեն ու իրենց նվիրում են գիտությանը, նա սովորելուց լավ սովորում էր, աշխատելուց` լավ աշխատում, քեֆ անելուց` լավ քեֆ ամում»,-շարունակում է Սերգեյը:

Ընկերներն ասում են, որ Արթուրն իր առջև դրված նպատակներին անշեղորեն հասնում էր և իրենց ևս ստիպում էր լինել նպատակասլաց ու համառ:

«Եթե Արթուրը չլիներ, ես չէի ընդունվի մագիստրատուրա և ասպիրանտուրա,-ասում է Սերգեյը,-նա էր խորհուրդ տալիս, աջակցում, ուզում էր, որ կյանքում հաջողությունների հասնենք»:

Դավիթը հիշում է.«Մի անգամ քննության ժամանակ միասին էինք լսարանում: Դե, ես լավ սովորող չէի, չէի պարապել, տոմսը քաշեցի` համարյա ոչինչ չգիտեի: Արթուրն այնպես հուշեց, որ հինգ ստացա` ուսանողական կյանքում առաջին ու վերջին հինգը»:

ynkeroj-het2Արթուրը սիրում էր կյանքը: Սերգեյն ասում է, որ գործից հետո ամեն անգամ ինչ-որ բան էր նախաձեռնում, ընկերներով գնում էին մի տեղ` ժամանակ անցկացնելու, նաև լողի էին գնում, շախմատ խաղում:

Արթուրի վերադարձից հետո պետք է նշեին բուհ ընդունվելու և իրենց ծանոթության 10 տարին:

«Նպատակներ ու երազանքներ շատ ուներ,-ասում է Սերգեյը,-առաջիկա նպատակներից էր թեզի պաշտպանությունը, բայց վերջերս մի զրույցի ժամանակ ասեց՝ թեզս պաշտպանեմ, բնակարանի հարց լուծեմ ու մի լավ հարսանիք անենք…արդեն ամուսնության մասին էր մտածում…»:

Դիտվել է 2282 անգամ:
Print Friendly

Leave a Reply