2011թ.-ի պետբյուջեի նախագծով ԱԳՆ-ին նախատեսվում է հատկացնել 9,483 մլրդ դրամ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 20, 2010 21:51
ՙՀայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի մասին՚ օրենքի նախագծով ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից իրականացվող 17 ծրագրերի ֆինանսավորման համար նախատեսված է 9,483 մլրդ դրամ, ինչը 2010թ.-ի պետբյուջեով հաստատված ցուցանիշի համեմատ 656 մլն դրամով ավելի է: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների հոկտեմբերի 20-ի համատեղ նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը:
Պետբյուջեից կֆինանսավորվեն, մասնավորապես, ԱԳՆ կենտրոնական ապարատի, դեսպանությունների և ներկայացուցչությունների, ՆԱՏՕ–ում ռազմական կցորդների, արտասահմանում առեւտրային ներկայացուցչությունների, Երևանում ՆԱՏՕ–ի հասարակական տեղեկատվական կենտրոնի պահպանման, միջազգային կազմակերպություններին անդամակցության ծախսերը:
Ըստ փոխնախարարի, 2011թ.-ին ՀՀ դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման ծախսերը ծրագրավորվել են շուրջ 6, 5 մլրդ դրամի չափով, ինչը 2010թ.-ի մակարդակը գերազանցում է 274 մլն դրամով: Ծախսերի աճը պայմանավորված է 2010 թ.-ի ընթացքում հինգ երկրներում` Ճապոնիայում, Իրաքում, Քուվեյթում, Բրազիլիայում, Իսպանիայում, արդեն իսկ բացված և մինչև 2010-ի տարեվերջ բացվելիք ևս երկու` Նիդերլանդներում և Չեխիայում, նոր դեսպանությունների պահպանման համար 2011թ.-ին անհրաժեշտ լրացուցիչ գումարների նախատեսմամբ:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ հայտնեց, որ ԱԳՆ կենտրոնական ապարատում նախատեսվել են կցորդների 10 նոր հաստիքներ, ինչը պայմանավորված է Դիվանագիտական ակադեմիայի ստեղծմամբ և այն որոշմամբ, որ տարեկան Ակադեմիայի 10 շրջանավարտ ընդունվելու է ԱԳՆ համակարգ: 2011թ.-ին նաև որոշ գումար է նախատեսված նախարարության շենքի ընթացիկ վերանորոգման համար, քանի որ այդ նպատակով շուրջ 10 տարի գումարներ չեն հատկացվել: Գալիք տարի առաջին անգամ շուրջ 25 մլն դրամի չափով ֆինանսավորում է նախատեսվել գրքերի, հոդվածների տպագրության, ֆիլմերի նկարահանման համար: Նշվեց նաև, որ յուրաքանչյուր տարվա բյուջեի քննարկման ժամանակ այս ծրագրի ֆինանսավորման հարցը բարձրացվել է, սակայն միայն այս անգամ հնարավոր դարձավ գումար նախատեսել, ինչը, իհարկե, բավարար չէ:
Միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարների համար 2011թ–ի պետբյուջեով, ընդհանուր առմամբ, նախատեսված է 1,417 մլրդ դրամ, որից 1,262 մլրդ դրամը` ԱԳՆ–ի գծով: Հատկացվելիք գումարով վճարվելու են 86 միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին անդամակցության վճարները: Ինչպես նշեց Պ.Սաֆարյանը, ԱԳՆ–ի գծով նախատեսված գումարից շուրջ 1 մլրդ դրամը կուղղվի ընթացիկ պարտավորությունների կատարմանը, իսկ 229 մլն դրամը` նախորդ պարտքերի մարմանը, ինչը ՙհնարավորություն է տալու մեզ բոլոր միջազգային կազմակերպությունների գծով մեր պարտավորություններն ամբողջապես կատարել 2011թ.-ին, միաժամանակ կատարելով այդ կազմակերպությունների հետ ունեցած պայմանագրերը` նախորդ տարիների պարտքը մարելու գծով՚:
Նշենք, որ բյուջեի նախագծի հիմքում դրված է 1 ԱՄՆ դոլարի դիմաց 363,74 ՀՀ դրամ հաշվարկային փոխարժեքը:
Գայանե Մելիքյան






Facebook
Tweet This
Email This Post
