Հ.Դեմոյան. «Հակահայկական գաղափարախոսությունն Ադրբեջանում բարձրացված է պետական մակարդակի»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 20, 2010 15:08

Հակահայկան ֆաշիստական եւ ռասիստական գաղափարախոսությունն Ադրբեջանում բարձրացված է պետական քաղաքականության մակարդակի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում այսօր կայացած ասուլիսում նման կարծիք հայտնեց Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հայող ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` ավելացնելով, որ այդ նպատակով Ադրբեջանը ծախսում է հսկայական ֆինանսական միջոցներ:

«Այս երեւույթը ես անվանել եմ պատմահենություն, որն ածանցվում է ծովահենությունից»,- նշեց Հ.Դեմոյանը, ըստ որի` ադրբեջանական պատմահենությունն իրականացվում է մի բուրգի կողմից, որը նույնանում է Ալիեւների ընտանիքի հետ: Նրա խոսքով, բուրգի գագաթին կանգնած է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որի անդադար հայտարարությունները նպատակաուղղված են հայկական լսարանին ահաբեկելուն:

«Որքան էլ այդ հայտարարությունները հայկական լսարանին ահաբեկելու համար են նախատեսված, ահաբեկում են նաեւ ադրբեջանական լսարանին, քանի որ անընդհատ պարունակում են պատերազմի սպառնալիք»,- ընդգծեց պատմաբանը: Հ. Դեմոյանի ներկայացմամբ, հակահայկական քարոզչությամբ ակտիվորեն զբաղվում է նաեւ Հեյդար Ալիեւի հիմնադրամը, որը գլխավորում է Ադրբեջանի Առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան, ով իր գործունեության արդյունքում արժանացել է Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանի, այնուհետեւ դարձել նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան: «Հ. Ալիեւի հիմնադրամը զբաղվում է ոչ միայն հակահայկական քարոզչությամբ, այլեւ ամբողջ աշխարհում ադրբեջանական տեսակետն առաջ մղելով»,- ավելացրեց Հ. Դեմոյանը:

Նա նաեւ նշեց, որ Ի.Ալիեւի դուստր Լեյլա Ալիեւան նույնպես ձեռնպահ չի մնում այդ քարոզչությամբ զբաղվելուց, ինչն իրականացնում է Մոսկվայի ուսանողական միջավայրում: «Իր քարոզչությունն առաջ տանելու նպատակով Ադրբեջանը նաեւ փորձում է «ստեղծել փաստեր» եւ գտնել «գիտնականներ», որոնք կզարգացնեն այդ փաստերը»,- ասաց Հ. Դեմոյանը` շեշտելով, որ Ադրբեջանն ակտիվորեն օգտագործում է նաեւ նորագույն տեխնոլոգիաները եւ ինտերնետ ռեսուրսները:

Նա դրական գնահատեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Գորիսում սփյուռքահայ լրագրողների եւ խմբագիրների հետ հանդիպման ժամանակ, ընդգծելով, որ այն բովանդակային առումով տարբերվում էր Հայաստանի պաշտոնյաների այլ ելույթներից: «Այս ելույթում իրերը կոչվեցին իրենց անուններով»,- շեշտեց պատմաբանը` ընդգծելով, որ ադրբեջանական քարոզչությանը դիմակայելու համար պետք է օգտագործել ՀՀ կարեւորագույն ռեսուրսը` սփյուռքը:

«Մեզ անհրաժեշտ է Մոսկվայում, Վաշինգտոնում, Փարիզում եւ Բեռլինում բացել հրատարակչություններ, որոնք բարձր որակով գրքեր կտպագրեն եւ կներկայացնեն հայկական տեսակետները»,- ասաց Հ. Դեմոյանը` շեշտելով, որ այս խնդիրները կարող են գտնել շատ պարզ լուծումներ:

Դիտվել է 1189 անգամ:
Print Friendly

Leave a Reply