Կոչ ենք ուղղում բոլորին` խուռներամ ու առատաձեռն մասնակցել համահայկական այս նախաձեռնությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 20, 2010 13:42

Սիրելի հայրենակիցներ, Արդեն սկսվել է Հայաստան Համահայկական Հիմնադրամի հերթական դրամահավաքը, որ Նոյեմբերի 25-ին կեզրափակվի ԱՄՆ¬ում հեռուստամարաթոնով: Դրամահավաքի նպատակը այս անգամ եւս նույնն է` մասնակցել Արցախի բարգավաճմանը եւ տնտեսական վերելքին. ավելի ճշգրիտª աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրամատակարարման ծրագրերին: Արցախը ազատագրվեց արցախահայության ազատատենչ մարտունակության եւ համայն հայության գործուն զորակցության շնորհիվ: Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իրողություն է, այն արժանի է մնալու հայության ուշադրության եւ գուրգուրանքի առարկան: Մենք պարտավոր ենք կարելին ու անկարելին անել Արցախի համար: Պարտավոր ենք շենացնել, պաշտպանել վերջին դարերի մեր ամենամեծ հաղթանակի գրավականը: Յուրաքանչյուրիս պարտքն է կանգնել արցախահայության կողքին, հատկապես այսօր, երբ Արցախի հարցի քաղաքական լուծումը դեռեւս դժվար բանակցությունների առարկա է: Հետեւաբար` Արցախին տրված որեւէ նյութական օժանդակություն նաեւ քաղաքական իմաստով բարոյական արժեք ունի: Այն համահայկական շարունակվող զորակցություն է Արցախի ազատագրության դատին: Արցախը վերջնականապես ազատագրված կլինի, երբ ինքն իրեն կպարտադրի քաղաքական միջազգային ընտանիքին` իբրեւ պետական անկախ միավոր: Այդ նպատակին հասնելու համար կարեւոր է համայն հայության արթնամտությունն ու նրա կարողականության նպատակասլաց գործածությունը: Այս է պատճառը, որ այս հերթական դրամահավաքի ընթացքում հավաքված գումարի չափից ավելին կարեւոր է դրամահավաքին մասնակցողների թիվը` իբրեւ ապացույց հայության միասնական կամքին: Առ այդ`կոչ ենք ուղղում բոլորին` խուռներամ ու առատաձեռն մասնակցել համահայկական այս նախաձեռնությանը: 19 Հոկտեմբեր, 2010

Դիտվել է 1322 անգամ:
Print Friendly

Leave a Reply