Ահաբեկչության իրական սպառնալիք, թե՞ քաղաքական խաղ (ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ահազանգերը)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | October 21, 2010 5:12

Սեպտեմբերի 28-ին Էյֆելյան աշտարակում ռումբի տեղակայման մասին կեղծ ահազանգ ստացվեց: Դրանից մի օր առաջ ֆրանսիական իշխանությունները փակել էին Փարիզի կենտրոնի Սեն Լազար կայարանը,  մինչդեռ պարզվեց, որ կայարանում հայտնաբերված կապոցն անվնաս է:

Սա Էյֆելյան աշտարակի երկրորդ տարհանումն էր. սեպտեմբերի 14-ին, երբ Ֆրանսիայի Սենատը հաստատեց մահմեդական կանանց  գլխանոցի արգելքը, որը ուժի մեջ կմտնի 2011թ. մարտից, ռումբի պայթյունի ահազանգ եղավ:  Ֆրանսիայի իշխանությունները տարհանեցին Էյֆելյան աշտարակի այցելուներին և Սեն Միշել  մետրոկայարանը, բայց ոչինչ չգտնվեց:

Ֆրանսիան, որի 5 միլիոն մահմեդական բնակչությունը Եվրոպայի ամենամեծ համայնքն է համարվում, անցյալ ամիս օրենք ընդունեց` դառնալով գլխանոցն  արգելող առաջին եվրոպական երկիրը: Շուրջ 2 հազար մահմեդական կին է կրում այն Ֆրանսիայում:

Այս միջադեպերը հանրային մտահոգություն առաջացրին և  բորբոքեցին Ֆրանսիայում ահաբեկչության սպառնալիքի  վախը,  մանավանդ երբ Ֆրանսիայի ներքին հետախուզության կենտրոնական դիրեկտորատի ղեկավար Բեռնարդ Սքուարչինին ֆրանսիական «Դիմանշ» ամսագրին հաղորդեց, որ Ֆրանսիայում ահաբեկչության հարձակման վտանգը երբեք այսքան ուժեղ չի եղել:

Մինչ այդ Մաղրեբի ալ-Քաիդան  (AQIM) ապրիլին սպանել էր մի գերու` Ֆրանսիայի քաղաքացու, իսկ հուլիսին Ֆրանսիայի վարչապետ Ֆրենցիս Ֆիլլնը հայտարարել էր, որ Ֆրանսիան պատերազմի մեջ է AQIM-ի հետ: Ֆիլլնի հայտարարությունը եղավ AQIM-ի զինվորականության դեմ ֆրանս-մավրիտանական հարձակումից 3 օր անց` հուլիսի 22-ին: Ֆրանսիան մասնակցել էր  Հյուսիսային Մալիի ռազմական ռեյդին, որը 6 զինվորականի մահվան պատճառ դարձավ: Հարձակումից հետո AQIM-ը Ֆրանսիայի նախագահ Սարկոզիին անվանեց Ալլահի թշնամի և զգուշացրեց, որ չեն հանգստա, մինչև չլուծեն  իրենց զինակիցների մահվան վրեժը:

Եվ որպես այդ զոհերի պատասխան` սեպտեմբերի 15-16-ը AQIM-ը Նիգերում  բռանաբարել է 7 գերու (5 ֆրանսիայի քաղաքացի և 2 աֆրիկացի գործընկեր). գերիները դեռևս պահվում են:

Փարիզի իշխանությունները դրանից հետո պատերազմ հայտարարեցին AQIM-ին` մատնանշելով շարժման ղեկավար Աբդելմալեք Դրուքդելին դատապարտելու նպատակը:

Սեպտեմբերից մինչ օրս ֆրանսիական իշխանությունները հանդես են գալիս ահաբեկչության ահագնացող սպառնալիքի մասին հայտարարություններով, ու թեև սեպտեմբերին եղած ահազանգերը կեղծ էին, իշխանությունները չեն հրաժարվում պահակակետերը Փարիզում թողնելուց:

Դեռևս սեպտեմբերի 6-ին «Շպիգելը» գրեց, թե ԱՄՆ-ից զեկույցներ են ստացել այն մասին, որ Գերմանիայում ծնված իսլամիստ էքստրեմիստը (ձերբակալված Աֆղանստանում) ասել է, որ ահաբեկչական հարձակումներ են նախապատրաստվել Գերմանիայում և Եվրոպայի ցանկացած այլ վայրում, այդ թվում` Ֆրանսիայում: Այս լուրը կայծակնային արագությամբ տարածվեց Եվրոպայում:

Սեպտեմբերի 11-ին Բեռնարդ Սքուարչինին «Դիմանշ» ամսագրին հաղորդեց, որ «սպառնալիքը երբեք այդքան մեծ չի եղել», և «բոլոր լույսերը կարմիր են վառում»: Բանն այն է, որ Ֆրանսիան ազգային անվտանգության ահազանգի համակարգ ունի, որ կոչվում է Vigipirate. այն ունի 4 մակարդակ. դեղին, որը նշանակում է անորոշ սպառնալիք, նարնջագույն` հավանական սպառնալիք, կարմիր` զգալիորեն հնարավոր սպառնալիք, ալ կարմիր` որոշակի կամ հայտնի սպառնալիք:

Սքուարչինին ներկա իրավիճակը նույնիսկ նմանեցրեց «1995 թ. սպառնալիքին». այդ տարի Ֆրանսիան դարձավ առաջին եվրոպական երկիրը, որ ահաբեկչական հարվածներ կրեց իսլամիստ էքստրեմիստներից: 9 օր անց Ֆրանսիայի ՆԳՆ Բրայս Հորթեֆոն լրագրողներին հայտնեց, որ «վերջին մի քանի օրերին ժամ առ ժամ  ահաբեկչության սպառնալիքը մեծանում  է»:

Թեև ֆրանսիական իշխանություններն ակտիվորեն քննարկում են ահաբեկչական սպառնալիքի մեծ հավանականությունը, այնուամենյանիվ Vigipirate-ի մակարդակը 2005թ. հուլիսին Լոնդոնի ռումբի պայթյունից հետո դեռևս կարմիր է: ֆրանսիացիները  տարակուսանքի մեջ են. եթե սպառնալիքն այդքան մեծ է, ինչո՞ւ է գույնը դեռ կարմիր:

Հորթեֆոն Փարիզի արևելյան Սեյն-էթ-Մառնե շրջան այցի ժամանակ նշեց, որ «ահաբեկչության սպառնալիքը իրական է», բայց նաև ասաց, որ Ֆրանսիան չի բարձրացրել իր ահաբեկչական ահազանգը ալ կարմիրի աստիճանի:

Ֆրանսիական ԶԼՄ-ները նույնիսկ գրեցին, թե նախագահ Նիկոլաս Սարկոզին, որի վարկանիշը չափազանց ցածր  է, «ճիշտ ժամանակին» է ահաբեկչության սպառնալիքի դեմ տակտիկան վերցրել  ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի խաղացանկից:

Իսկապես, վարչապետ Ֆրենսիս Ֆիլլնի խորհրդարանական կուսակցությունների լիդերների հետ հանդիպումը մեղմացրեց նաև կառավարությունում առկա սկանդալները  և թոշակի բարեփոխումների դեմ հարաճուն հանրային բողոքը:

Ֆրանսիայի կառավարության բարեփոխումների ծրագրով նախատեսվում է կենսաթոշակային տարիքի շեմը բարձրացնել և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար: Ֆրանսիայում բողոքի ակցիաներին մասնակցում է մոտ 3,5 միլիոն մարդ: Գործադուլի են դուրս եկել տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտների աշխատակիցներ, ուսանողներ ու նույնիսկ դպրոցականներ:

«Ֆրանսիացի ժողովուրդը հիմար չէ,- հայտարարեց սոցիալիստական կուսակցության պաշտոնյա և նախագահի նախկին թեկնածու Սեգոլեն Ռոյլը,- ահաբեկչության դեմ պայքարը լուրջ և զգույշ ջանքեր է պահանջում և համեմատելի չէ հանկարծակի ահազանգերի հայտարարությունների հետ, որ արվում են իշխանությունների կողմից»:

Կարելի է ենթադրել, որ ահաբեկչության սպառնալիքն առասպել է, և Ֆրանսիայի իշխանությունները նպատակ ունեն շեղել հանրությանը ներքին հիմնախնդիրներից և կոմպենսացնել Սարկոզիի ցածր ժողովրդականությունը: Զգուշացումները կարող են նաև որպես հնարավոր հարձակմանը նախապատրաստվելու միջոց լինել:

Ամեն դեպքում չի կարելի ասել, որ AQIM-ից եկող ահաբեկչության սպառնալիք չկա. ահաբեկչական այդ կազմակերպությունը կապված է Օսամա բին Լադենի հետ և գործում է գլխավորապես աֆրիկյան Սահել անապատում:

«Այո, այս պահին Եվրոպայում ահաբեկչության սպառնալիք կա: Այն չպետք է ո՛չ գերագնահատվի, ո՛չ էլ թերագնահատվի,- հայտարարել է Հորթեֆոն` ավելացնելով, որ Դրուքդելի սպառնալիքները կարող են նրա պատերազմը բերել Ֆրանսիայի տարածք:- Իհարկե, ահազանգերը (Փարիզի) կեղծ էին, բայց ժամանակի ընթացքում սպառնալիքը կարող է իրական դառնալ, մարդիկ վերջերս լսում են, որ «գայլը կարծես շատ հաճախ է սուլում»:

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ն նույնպես պետական մակարդակով ահազանգեց Եվրոպայում ահաբեկչության սպառնալիքի մասին, նույնիսկ խորհուրդ տվեց Միացյալ Նահանգների քաղաքացիներին հետաձգել իրենց չվերթները Եվրոպա:

Ելնելով հետախուզական տվյալներով հայտնի դարձած տեղեկատվությունից` ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարեց, որ ալ-Քաիդան և կից կառույցները շարունակում են ահաբեկչական հարձակումների նախագծումը: Եվրոպական երկրներն արդեն համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկել, իսկ մի քանիսն էլ հրապարակայնորեն նշել են սպառնալիքի մասին:

Ահաբեկիչները կարող են ընտրել զենքերի կամ միջոցների զանազան ձևեր ու հարվածել և՛ պաշտոնական, և՛ մասնավոր կառույցներին: ԱՄՆ քաղաքացիները զգուշացվել են, որ հավանականությունը մեծ է հատկապես հանրային տրանսպորտում և տուրիստական ենթակառուցվածքներում: Այս տեղեկատվությունը ամբողջությամբ ԱՄՆ-ը տրամադրել է իր եվրոպացի դաշնակիցներին:

Այդ կապակցությամբ նույնիսկ թեժ գծեր են բացվել ԱՄՆ քաղաքացիների համար. 1-888-407-4747 (ԱՄՆ-ում և Կանադայում) և 1-202-501-4444 (աշխարհի բոլոր վայրերում):

Չվերթների այս ահազանգի ժամկետը լրանում է 2011 թ. հունվարի 31-ին:

Խոսելով ԱՄՆ ահազանգերի մասին` որոշ փորձագետներ հակված են ֆրանսիական ընդդիմության տեսակետներին, թե ԱՄՆ-ն նույնպես քաղաքական հարցեր է լուծում այդ ահազանգերով: Մասնավորապես, պակիստանյան դիվանագետներն ու ամերիկացի հետախուզական մի շարք պաշտոնյաներ պնդում են, որ ԱՄՆ-ի ահազանգը Արևմտյան Եվրոպայում ալ-Քաիդայի հարձակման մասին քաղաքական բնույթ ունի և հիմնված չէ նոր հեղինակային տեղեկատվության վրա:

Բրիտանիայում Պակիստանի բարձրագույն հանձնակատար Վաջիդ Շամսուլ Հասանը նշում է, որ ԱՄՆ ահազանգը, որ ստիպեց Բրիտանիային, Ֆրանսիային և այլ երկրների բարձրացնել ահաբեկչության սպառնալիքի մակարդակները, Պակիստանում ԱՄՆ ռազմական քաղաքականությունն արդարացնելու փորձ էր:

Հասանը, որ վետերան դիվանագետ է և Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի մտերիմը, նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Օբամայի այս քաղաքական խաղը պայմանավորված է նոյեմբերին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններով: Օբաման դրանով փորձում է ամերիկացիներին ցույց տալ, որ աֆղանական պատերազմի ռազմավարությունը, որ ժողովրդականություն չի վայելում հանրության մեջ, անհրաժեշտ էր ու կարևոր: «ԱՄՆ-ի այսօրինակ զեկույցները ֆրուստրացիաների  խառնուրդ են, ոչ կոմպետենտ և հիմնարար իրողությունների պակաս ունեն»:

Հասանը նշել է նաև, որ ԱՄՆ քաղաքական գործիչները ձախողվել են: «Նրանք ոչ էլ հասկացան, որ Պակիստանի սուվերենության վրա կրկնվող ԱՄՆ ներխուժումները կարող են հանգեցնել հանրային զայրույթի թեժացմանը և ամերիկյան անձնակազմի ու շահերի դեմ հարձակումներին»: «Այս կառավարությունը չի ցանկանում հետ կանգնել այս ճանապարհից,-ասաց նա,- մարդիկ վիրավորված են: Եթե նրանք (ամերիկացիները) կրկին ինչ-որ մեկին սպանեն, նրանք (մարդիկ) կհակազդեն… 3000 ամերիկացի անձնակազմ կա Պակիստանում. նրանք հեշտ խոցելի թիրախ կդառնան»:

Դիտվել է 2094 անգամ:
Print Friendly

Leave a Reply