Եթե ուզում ես երջանիկ լինել, եղի՛ր առողջ
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | October 21, 2010 0:11
Խոցային հիվանդության պատճառները
Ստամոքսի խոցը քրոնիկական հիվանդություն է, որը բնութագրվում է ստամոքսի լորձաթաղանթի վրա պարբերաբար առաջացող տարբեր խորության ու տեղակայման խոցային ձևախախտումներով:
Խոցերը բաց վերքեր են, որոնք առաջանում են աղաթթվի ազդեցությամբ ստամոքսի լորձաթաղանթի պաշտպանական հյուսվածքների խաթարման հետևանքով: Հիմնականում դրանք երկարատև օգտագործվող հակաբորբոքային դեղամիջոցների կամ էլ մանրէների ազդեցության հետևանք են: Մոլորակի ազգաբնակչության 7-15 %-ը տառապում է այս հիվանդությամբ: Այն հաճախ է հանդիպում 20-50 տարեկան տղամարդկանց մոտ: Հայտնի է վաղնջական ժամանակներից: Միջինասիացի բժիշկ Ավիցենան (Իբն-Սինա) առաջինն է նկարագրել հիվանդությունը, ներկայացրել բնորոշ ախտանշանները և դրա սեզոնային հետաճող բնույթը:
Խոցային հիվանդությունները ստամոքսի բնական պաշտպանական ֆունկցիայի և ագրեսիվ գործոնների հավասարակշռության խախտման հետևանք են, որոնց առաջացմանը նպաստում են`
-մարսողական համակարգի քրոնիկական հիվանդությունները (գաստրիտ, հաստ աղիքի բորբոքում(կոլիտ), պանկրեատիտ, խոլեցիստիտ ևն),
– ոչ ողջամիտ սնունդը,
– Helicobacter pylori մանրէով վարակումը, որը մշակում է քայքայիչ հատկությամբ օժտված հատուկ ֆերմենտներ,
-ծխախոտի ու ալկոհոլի չարաշահումը,
-խոցի առաջացմանը նպաստող դեղամիջոցների երկարատև օգտագործումը,
-ժառանգականությունը, հաճախակի սթրեսային իրավիճակները, որոնք դառնում են աղեստամոքսային տրակտի մկանների ու արյունատար անոթների կծկման պատճառ,
-ստամոքսի պատերի մեխանիկական վնասվածքը:
Հիմնական ախտանշաններն են.
Փորի ցավը
Սա ամենատարածված ախտանշանն է, այն կարող է նման լինել այրոցքի, ծակծկոցի: Առաջանում է պորտից կրծքավանդակ ընկած հատվածում, երբեմն կարող է ճառագայթել թիկունքին: Ամենատարածվածը, իհարկե, անմիջապես կրծքավանդակի տակից իրանի ձախ կողմ ձգվող ցավն է:
Մարսողության խանգարում
Մյուս ախտանշանը կրծքավանդակում այրոցի զգացումն է, հաճախակի բխկոցն ու զկրտոցը: Որոշ հիվանդներ բողոքում են խեղդվելու զգացողությունից:
Հիվանդները կարող են ունենալ այլ բողոքներ, որոնք կարծես կապ չունեն բուն պատճառի հետ. գլխացավ, գլխապտույտ, հոգնածություն, թուլություն ու գունատություն: Երբեմն խոցի հետևանքով օրգանի հյուսվածքը դառնում է ակոսավոր, ինչը նույնպես դժվարացնում է սննդի անցումը աղեստամոքսային տրակտով: Սա կարող է սրտխառնուք առաջացնել: Ոմանք բողոքում են սննդի ընդունումից անմիջապես հետո փորի փքումից, մյուսներն էլ` ախորժակի բացակայությունից: Այս բոլոր գործոններն էլ կարող են հանգեցնել քաշի կորստի:
Խոցի կլինիկական պատկերը պայմանավորված է ինչպես դրա տեղակայման գործոնով, այնպես էլ հիվանդի տարիքով: Օրինակ` երեխաների մոտ ախտանշանները կարող են բացակայել: Դրանք կարող են նման լինել գաստրիտի կլինիկական պատկերին: Հիմնականում ցավը սկսվում է կրծքավանդակում ուտելուց 2-3 ժամ հետո, հաճախ ունենում են «քաղցած» բնույթ, այսինքն` սնունդն ընդունելուց հետո ցավերը հանգստանում են կամ էլ անհանգստացնում գիշերվա ժամերին: Այս վիճակին բնորոշ են փորկապությունը, որովայնի փքումը, այրոցքը, զկրտոցը, սրտխառնոցը և փսխումը: Եթե ստամոքսի խոցն ընդհանրապես չբուժվի կամ էլ բուժվի ոչ լիարժեք, ապա հետևանքները կարող են լուրջ լինել, ինչպիսիք են`
-արյունահոսությունը, որին բնորոշ են վառ կարմիր արյուն փսխելը, թուլությունն ու ուշագնացության վիճակը: Կղանքը կարող է սուրճի գույն ունենալ կամ էլ ձյութի նման լինել: Նշված ախտանշանների դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի,
-պրենետրացիան` ստամոքսի պատի մկանային հյուսվածքի քայքայումն ու խոցի թափանցումը հարակից օրգաններ (լյարդ, ենթաստամոքսային գեղձ),
-խոցին հարող հյուսվածքների բորբոքումը, որին նույնպես բնորոշ են մշտական փսխումները, փորի փքումն ու ախորժակի բացակայությունը:
Նման բարդությունները կարող են չարորակ նորագոյացությունների պատճառ դառնալ, ազդել հիվանդի կյանքի որակի ու աշխատունակության վրա:
Ստամոքսի խոցի, գաստրիտի ու քաղցկեղի հարուցիչը` «նոբելյան մանրէն»
2005 թ. բժշկության ոլորտում կատարված հայտնագործությունների համար առաջադրված մրցանակակրի թեկնածուներն ավստրալիացի Բարրի Մարշալն ու Ռոբին Ուորենն էին: Նրանք Helicobacter pylori մանրէի հայտնագործման և գաստրիտի ու ստամոքսի խոցի պարագայում դրանց դերի ուսումնասիրության համար արժանացան Նոբելյան մրցանակի: Մինչ այդ բժիշկները խոցերի առաջացման գլխավոր պատճառ համարում էին սթրեսներն ու ոչ ճիշտ կենսակերպը: Սակայն ավստրալիացիները պարզեցին, որ ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդությունների 90%-ը և գաստրիտների 80%-ը բացատրվում են Helicobacter pylori մանրէի գործունեությամբ:
Երկրագնդի բնակչության 2/3-ի մեջ այդ մարէն կա, սակայն մարդկանց մեծ մասը նույնիսկ չի էլ կասկածում դրա գոյության մասին: Այս մանրէով վարակվածության աստիճանը տարբեր մայրցամաքներում տարբեր է. օրինակ` Ռուսաստանում ու Աֆրիկայում Helicobacter pylori-ի իսկական 100 %-անոց գրոհ է դիտարկվել, ինչը առաջացնում է քաղցկեղ, գաստրիտ և ստամոքսի խոց, մինչդեռ Եվրամիության անդամ երկրներում նման «գրոհ» կարծես չկա, ինչպես հաստատում են մասնագետները: Հիշյալ մանրէն կարող է օրգանիզմում երկար ժամանակ «սուսուփուս» բնակվել. այն բավական թույլ հարուցիչ է: Սակայն երբ նպաստավոր պայմաններ են ստեղծվում, ինչպիսիք են, ասենք, սնման ռեժիմի խախտումը, զգայական լարվածությունն ու բարձր թթվայնությունը, մանրէն կարող է զարգանալ ու հանգեցնել խոցի կամ քաղցկեղի առաջացման: Համարվում է, որ մանրէով վարակվելու պատճառ կարող են դառնալ հիգիենայի կանոնների խախտումը: Helicobacter pylori մանրէն բնադրվում է օրգանիզմում ու կարող է երկար բնակվելայնտեղ, սակայն ճիշտ բուժման դեպքում արդյունավետությունը կազմում է 80-90%:
80-ականների բժշկական գրականության մեջ կասկածի տակ էր առնվում այն վարկածը, որ ստամոքսում առկա աղաթթվի մեծ խտության պարագայում կարող է որևիցե մանրէ գոյություն ունենալ, քանի որ աղաթթուն քայքայում և լուծում է գրեթե ամեն ինչ: Սակայն, ապացուցվեց, որ Helicobacter pylori-ն (Hp) շատ կենսունակ մանրէ է: Նրա համար մարդու օրգանիզմը բնական միջավայր է: Այս մանրէն հանդիպում է նաև խոզերի, կատուների, ոչմարդանման կապիկների մոտ. վարակը կարող է տարածվել երկու հնարավոր ճանապարհով ` կղանքից բերան և բերանից բերան: Կղանքից բերան ուղիով մանրէն փոխանցվում է վարակված խմելու ջրի կամ էլ սննդի մեջ հում բանջարեղեն (որը ջրվում է ոռոգման խողովակներից հոսող ջրով) օգտագործելու միջոցով: Hp մանրէն ծովային, ինչպես և գետի սառը ջրում կարող է ապրել երկու շաբաթ:
Բերանից բերան ուղիով վարակումն ավելի քիչ է հանդիպում. բժիշկները տվյալներ ունեն, որ Hp մանրէն կարող է ապրել նաև թքի ու ատամնանստվածքի մեջ:
Հաճախ են պատահում էնդոսկոպի, բիոպսիայի համար նախատեսված ունելիների ոչ լիաժեք ախտազերծման հետևանքով առաջացած ախտահարման դեպքեր (բժշկական սխալի հետևանքով):






Facebook
Tweet This
Email This Post
