ԳԹԿ-ն սկսել է արտաքին գնահատման գործընթացը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 20, 2010 10:26

Գնահատման եւ թեստավորման կենտրոնն սկսել է հանրակրթական դպրոցներում գիտելիքների արտաքին գնահատման գործընթացը: Սեպտեմբերին կրթության եւ գիտության նախարարին կից կոլեգիայի նիստում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը հանդես էր եկել զեկուցմամբ` ներկայացնելով գիտելիքների արտաքին գնահատման գործընթացը հանրակրթական դպրոցներում: Զեկույցը վերաբերում էր նախորդ ուսումնական տարիներին դպրոցներում անցկացված ընթացիկ գնահատումներին: Զեկույցում Գ. Խաչատրյանը կարեւորել էր այդ գնահատումները` որպես կրթության որակի ստուգման գործիք:

Ըստ էության, խրախուսվել էր, որ նման ստուգումները լինեն ավելի ակտիվ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը, սեպտեմբերի 27-ից ԳԹԿ-ն սկսել է այդ ուղղությամբ աշխատանքները: «Առաջին խնդիրը, որ մենք դրել ենք մեր առջեւ, հանրապետության 91 ավագ դպրոցների 10-րդ դասարան ընդունված աշակերտների նախնական գիտելիքների ստուգումն է, որպեսզի կարողանանք ընդհանուր պատկերացում կազմել, թե ինչ նախնական բազայով են այդ երեխաները եկել ավագ դպրոց, եւ հնարավորություն ունենանք հետագայում հետեւելու նրանց կրթական զարգացմանը:

Այս գործընթացը կիրականացվի երեք տարի շարունակ, եւ մենք կունենանք ավագ դպրոցների շրջանավարտների զարգացման դինամիկայի հստակ պատկեր»,- նշեց Գ. Խաչատրյանը` ավելացնելով, որ կրթության որակն այսօր ամբողջ աշխարհում ուշադրության առարկա է: Նրա խոսքով` կրթության առաջ ծառացած իրենց հիմնական խնդիրը որակի ստուգումն է, եւ առկա վիճակը գնահատելն ու հետեւություններ անելը, միջազգային կրթական դաշտին ինտեգրվելը: Այդ խնդիրների լուծման ուղղությունն էր համարվում նոր, անկախ մարմնի ստեղծումը:

«Այդ անկախ մարմինը ԳԹԿ-ն է, որի նպատակաը բոլորովին էլ չի եղել միասնական քննությունների անցկացումը միայն: Մեր խնդիրը կրթական հաստատությունների սովորողների գիտելիքների, կարողությունների եւ հմտությունների գնահատման իրականացումն ու դպրոցի հետ հետադարձ կապի ապահովումն է, որպեսզի հնարավորինս բարելավվի կրթական մակարդակը», – շեշտեց Գ. Խաչատրյանը: Այս տարի արտաքին գնահատման գործընթացը սկսվել է «Հայոց լեզու, հայ գրականություն» եւ «Մաթեմատիկա» առարկաներից: ԳԹԿ-ի ներկայացուցիչներն արդեն եղել են հանրապետության բոլոր մարզերում, այսօրվանից` արտաքին գնահատումներ անցկացվում են Երեւանի ավագ դպրոցներում:

Մայրաքաղաքում այդ գործընթացն իրականացվելու է երկու փուլով: Ի տարբերություն միասնական քննության թեստերի այս թեստերն ունեն կարճ եւ ընդարձակ պատասխաններով առաջադրանքներ, եւ աշակերտների աշխատանքների վերջնական պատկերը ձեւավորելու համար դեռ ժամանակ է պահանջվում: «Աշխատանքները դեռ ստուգվում են: Քանի որ դրանք միայն մեքենայական ստուգում չէ, ուստի ընդհանուր պատկերն ունենալու համար ժամանակ է պահանջվում: Այնուամենայնիվ, նշեմ, որ նախնական տվյալները հուսադրող չեն: Գիտելիքների մակարդակը բավականին ցածր է:

Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ որոշ դպրոցներում նույնպես սեփական նախաձեռնությամբ կազմել էին թեստեր` ստուգելու ավագ դպրոց ընդունված աշակերտների գիտելիքները: Այդ թեստերը համեմատելով ԳԹԿ-ի կազմած թեստերի հետ` պետք է ասել, որ երկու թեստերն էլ գրեթե նույն մակարդակի էին, այսինքն մտավախություն, որ մեր կազմած թեստերը գուցե բարդ են, չկա»,- նշեց Գ. Խաչատրյանը` հավելելով, որ աշխատանքների ստուգումներից հետո ԳԹԿ վերլուծական բաժինը սկսում է մանրամասն ուսումնասիրություններ:

Այդ վերլուծությունները ԳԹԿ-ը ներկայացնում է Կառավարությանը, ԿԳ նախարարությանը, Ազգային ժողովին եւ մարզպետարաններին` հետեւություններ անելու: Գ. Խաչատրյանը նշեց նաեւ, որ ծրագրվում է արտաքին գնահատում անցակցնել 5-րդ դասարանում` «Հայոց լեզու, հայ գրականություն» եւ «Մաթեմատիկա» առարկաներից, զուգահեռաբար արտաքին ընթացիկ գնահատումներ անցկացնել օտար լեզվից 6-րդ դասարաններում: «Նոյեմբերին նախատեսել ենք անցկացնել ազգային ստուգատես «Պատմություն» առարկայից, իսկ դեկտեմբերին կստուգվեն 8-րդ դասարանցիների գիտելիքները բնագիտական առարկաներից», -ներկայացրեց ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը:

Դիտվել է 2492 անգամ:
Print Friendly

Leave a Reply