Ժողովրդավարության ապագան խմորվում է Հայաստանում. 2020-ի հեռանկարները
Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | Հայկուհի Բարսեղյան | October 19, 2010 18:25Ինչպիսի՞ն կլինի ժողովրդավարությունը 2020-ին. այս հարցի պատասխանն են փորձում գտնել այսօր Երևանում մեկնարկած Եվրոպայի Խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումի մասնակիցները:
Այս տարվա ֆորումը կոչված է ռազմավարական ուղիներ գտնել` ժողովրդավարության ամրապնդման և արդյունավետ կառավարման համար եվրոպական տարածքում` միաժամանակ հաշվի առնելով տարածաշրջանային և համաշխարհային մարտահրավերները:
Եռօրյա ֆորումի ընթացքում կքննարկվեն մի շարք հարցեր, ինչպես Եվրոպական իրավական բազայի ազդեցությունը ժողովրդավարության ձևավորման վրա, պետք է արդյո՞ք գոյություն ունենա ժողովրդավարության իրավունքը, ժողովրդավարությունը և գլոբալ կառավարումը, ժողովրդավարական քաղաքական մշակույթ և այլն:
Ֆորումը գումարվում է 2005 թվականի ԵԽ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովի որոշման հիման վրա եւ համարվում է կազմակերպության կարեւորագույն ամենամյա միջոցառումներից:
Ֆորումի բացման արարողությանը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ միջոցառումը պատահական չէ Երևանում կազմակերպվում. Հայաստանի, Շվեդիայի եւ Իսպանիայի համատեղ նախաձեռնությամբ Երևանում Եվրոպայի խորհրդի հետ կազմակերպելով այս նշանակալի միջոցառումը` Հայաստանը իր ներդրումն է բերում համաեվրոպական ժողովրդավարական գործընթացների զարգացմանը:
«Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո ապագայի նկատմամբ պատասխանատվության զգացումն էր, որ մղեց ժամանակի առաջնորդներին լծվելու Եվրոպայում կայունության, զարգացման և խաղաղության ամուր հիմքերը դնելու այդքան անհրաժեշտ գործընթացին: Եվ այն ժամանակ գտնվեց դեղամիջոց, որի կենսունակությունը ապացուցեց ժամանակը` ազատության և ժողովրդավարության գաղափարներն ունակ են հաղթահարելու անվստահության մթնոլորտը, փլուզելու քարե պատնեշները, կանխելու մեծ պատերազմները և ապահովելու զարգացման հեռանկարը,- ասում է Նալբանդյանը:- Սառը պատերազմի ավարտը վերացրեց մինչ այդ գոյություն ունեցող անջրպետը: ԵԽ անդամ-երկրները և հասարակությունները որդեգրել են ընդհանուր արժեքներ և նպատակներ: Ժողովրդավարության ասպարեզում տարբեր միջազգային կազմակարեպությունների շրջանակներում մշակվել է չափանիշների մի ընդհանուր համակարգ: Անկասկած, Եվրոպայի խորհուրդը, իր ընդգրկուն բնույթով և նշանակությամբ, կարեւոր տեղ է զբաղեցնում նման կառույցների շարքում: Դրա հետ մեկտեղ, այդ չափանիշների իրականացումը, եթե հավատարիմ մնանք ֆորումի վերնագրին, շարունակում է մարտահրավեր հանդիսանալ ԵԽ շրջանակներում»:
Շուտով կլրանա Հայաստանի` Եվրոխորհրդին անդամակցության 10 տարին: «Հայաստանը շարունակում է իրականացնել իր պարտավորությունները` ընթանալով ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների վրա խարսխված հասարակության կառուցման ուղիով»,- ասում է Նալբանդյանը:
Նախկին Հարավսլավիայի հանրապետություն Մակեդոնիայի փոխարտգործնախարար Զորան Պետրովը նշում է, որ կատարյալ հասարակություն և հասարակարգ գոյություն չունի: Նրա խոսքով` ժողովրդավարական գործընթացը ճիշտ ուղով տանելու համար պետք է քաղաքական երկխոսություն իրականացնել ընտրազանգվածի հետ: «Մինչև 2020-ը մեր նպատակը պետք է լինի ժողովրդավարության գաղափարի ամրապնդումը և եվրոպական երկրների միավորումը»,- ասում է Պետրովը:
ԵԽԽՎ փոխնախագահ Ջոն Պրեսկոտն էլ նշում է, որ Եվրախորհուրդը առաջին քաղաքական պրոյեկտն է, որի նպատակն է միավորել եվրոպական երկրները և ունի այդքան բազմազան անդամակցություն:
«Ֆորումը հավակնոտ, բայց նաև կարևոր նպատակ ունի. դիտարկել ապագան և պարզել, թե ինչպիսին պետք է լինի ժողովրդավարությունը տասը տարի անց»,- ասում է Պրեսկոտը: Նրա խոսքով` սոցիալական խորը ճգնաժամը ցույց տվեց, որ դեմոկրատիան պետք է վերափոխել և ամրապնդել ներսից. «Դեմոկրատիան կատարյալ չէ, այն պետք է վերափոխենք և հարմարեցնենք ժամանակի իրողություններին»:
Պրեսկոտը թվարկեց մի շարք մարտահրավերներ, որոնց ժողովրդավարությունը դեմ է առել արդեն 21-րդ դարում. ամենուրեք գլուխ է բարձրացնում ռասիզմը, այլատյացությունը, կրոնական անհանդուրժողականությունը: «Այս ամենը բերում է լարվածության առաջացման համայնքների միջև, սոցիալական օտարման, ինչը խրախուսում է բռնությունը»,- ասում է Պրեսկոտը:
Որպես դեմոկրատիայի նորագույն մարտահրավեր Պրեսկոտը մատնանշում է կլիմայի փոփոխությունները. «21-րդ դարում պետք է ուշադրություն դրաձնենք կյանքի որակին և բնությունը հարգելուն»:
Սերբիայի արտգործնախարար Վուկ Ջերեմիչն էլ թվարկեց ձեռքբերուները, որոնք Սերբիան ունեցել է ժողովրդավարություն հաստատելուց հետո: Ջերեմիչը նշում է, որ Սերբիայի խորհրդարանը առաջինն է եղել Եվրոպայում, որ փաստացի ներողություն է խնդրել իր երկրի կատարած սխալների համար: «Ժողովրդավարությունը մեզ ուժ տվեց, որ դիտարկենք անցյալը և ընդունենք մեր սխալները»,- ասում է Ջերեմիչը` հավելելով, որ 2020-ին ակնկալում է ժողովրդավարության լիակատար հաղթանակ:
Ժողովրդավարության մարտահրավերները և ապագան քննարկող մասնագետներին Կառավարության ընդունելությունների տան դիմաց այսօր դիմավորեցին ՀԱԿ-ի ցուցարարները: Նրանք պահանջում էին ազատություն քաղբանտարկյալներին: «Ասում են, որ ժողովրդական երկիր ենք, ժողովրդավարության ապագան են քննարկում, ուրեմն քաղբանտարկյալներ նման երկրում չպետք է լինեն»,- ասում է Հանրահավաքի մասակիցներից մեկը:
Ցուցարաները փորձեցին նամանկներ հանձնել եվրապական կառույցների ներկայացուցիչներին, ինչին խոչընդոտում են ցուցարարներին արգելապատնեշած ոստիկանները:
ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը նշում է, որ նրանք, ովքեր թույլ չտվեցին, որ ցուցարարները նամակ հանձնեն միջազգային կառույցների ներկայացուցիչներին, «ևս մեկ անգամ ապացուցեցին, որ հեռու են ժողովրդավարությունից»: Ռուստամյանը նշում է, որ իր համոզմամբ` նամակները մինչև բողոքի ակցիան արդեն հանձնված են եղել այսօրվա ֆորումի օտարերկրյա մասնակիցներին. «Առձեռնից բացի նամակ հանձնելու բազմաթիվ այլ, ավելի արդյունավետ միջոցներ կան»:
Ռուստամյանն ասում է, որ Հայաստանում կան ժողովրդավարությանը սպառնացող բոլոր մարտահրավերները, որ մասնագետները ներկայացնում են. դեռևս կայացած չէ ոչ ներկայացուցչական ժողովրդավարությունը ոչ էլ առավել ևս մասնակցայինը:
Նրա խոսքով` ժողովրդավարությունը պետք է լինի ոչ միայն նպատակ, այլ նաև միջոց պետական արդյունավետ կառավարման համակարգ հաստատելու համար, ինչի ընկալումը, սակայն, Հայաստանում դեռևս չկա:










Facebook
Tweet This
Email This Post
