Երեւանում սկսվել են ԵԴԽԽ 5-րդ լիագումար նիստի աշխատանքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 19, 2010 16:34

Այսօր Երեւանում իր աշխատանքներն է սկսել Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստը:

«Համագործակցությունը Եվրոպայի խորհրդի շրջանակներում հանդիսանում է հանցավորության դեմ արդյունավետ պայքարի երաշխիքը, ապահովում մեր պետությունների համակողմանի ինտեգրումը համաշխարհային գործընթացներին: Այդ համագործակցությունը մենք դիտարկում ենք որպես դատախազության մարմինների աշխատանքի բարելավման անհրաժեշտ պայման` մեր քաղաքացիների անվտանգության եւ իրավական պաշտպանվածության ապահովման համար»,- ողջունելով հյուրերին` իր բացման խոսքում նշել է ՀՀ գլխավոր դատախազը եւ հույս հայտնել, որ անմիջական եւ անհատական շփումները կնպաստեն մեր համագործակցության, մեր երկրների իրավապահ եւ արդարադատության մարմինների փոխգործակցության ամրապնդմանն ու բարելավմանը:

«Եվրոպայի խորհրդի շրջանակներում բազմակողմանի համագործակցությունը հանդիսանում է մեր հանրապետության արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից մեկը, որը ներառում է մեր պետությունների կենսագործունեության բազմաթիվ ոլորտներ եւ այստեղ հատուկ նշանակություն ունի իրավապահ մարմինների, այդ թվում` դատախազության համագործակցությունը»,- ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազը:

ԵԴԽԽ լիագումար նիստը Հայաստանում տեղի է ունենում առաջին անգամ, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել պատվիրակներ ավելի քան երեք տասնյակ երկրից: Լիագումար նիստի բացմանը մասնակցել են ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:

Երեք աշխատանքային օրերի ընթացքում նախատեսվում է քննարկել անչափահասների վերաբերյալ քրեական գործերով արդարադատության իրականացման, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկներում պատժի կրման ընթացքում եվրոպական չափորոշիչների կիրառման ընթացքում դատախազության դերին վերաբերող հարցեր: Տեղի կունենան Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի նախագահի, փոխնախագահի, ինչպես նաեւ` Խորհրդի բյուրոյի անդամների ընտրությունը:

Դիտվել է 868 անգամ:
Print Friendly

Leave a Reply