Հայաստանի 2011թ.-ի պետբյուջեի նախագծով եկամուտները նախատեսվում են շուրջ 850 մլրդ դրամ, ծախսերը` 998,6 մլրդ դրամ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 19, 2010 1:22

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների հոկտեմբերի 18-ի համատեղ նիստերում մեկնարկեցին ՙՀՀ 2011թ.-ի պետական բյուջեի մասին՚ օրենքի նախագծի նախնական քննարկումները: Կառավարության ներկայացրած նախագիծը եկամուտների գծով կազմում է շուրջ 850 մլրդ դրամ, ծախսերի գծով` 998,6 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդ)` 148,6 մլրդ դրամ:

Բյուջեի նախագծի հիմքում դրված է 1 ԱՄՆ դոլարի դիմաց 363,74 ՀՀ դրամ հաշվարկային փոխարժեքը:

Եկամուտների ընդհանուր գումարը` 850 մլրդ դրամը, 2010 թ.-ի համար հաստատված ցուցանիշը` 742,8 մլրդ դրամը, գերազանցում է 14,4%-ով: 2011թ.-ին պետական բյուջեի եկամուտներ/ՀՆԱ հարաբերությունը կկազմի 22,6%` 2010 թվականի ծրագրային 23,1%-ի դիմաց:

ՙՄեր գնահատականներով, բավական լարված բյուջե է եկամտային մասի ապահովման տեսակետից, բայց այն ռեզերվները, որ մենք ձևավորում ենք, լավատեսություն է ներշնչում այն առումով, որ կկարողանանք ամբողջությամբ կառավարել ռիսկերը, որոնք կարող են բացահայտվել 2011թ.-ին, եթե հանկարծ մակրոմիջավայրը լավը չլինի կամ, եթե համախառն ներքին արդյունքի աճը, որ կանխատեսում ենք` 4,6 տոկոս, չկայանա՚,-մշտական հանձնաժողոների նիստում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Բյուջետային մուտքերի կազմում մեծ տեսակարար կշիռ կունենան հարկերը, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները` 91% ,այդ թվում` հարկերը և պետական տուրքերը` 76,5%: Պաշտոնական դրամաշնորհները և այլ եկամուտները կապահովեն տարեկան բյուջետային մուտքերի համապատասխանաբար 6,3%-ը և 2,7%-ը:

ՀՀ 2011թ.-ի պետական բյուջեի նախագծով ծախսային մասը 2010թ.-ի համար հաստատված մակարդակի համեմատ ավելացել է շուրջ 63,1 մլրդ դրամով: Ծախսերի ծավալի` 998,6 մլրդ դրամի, 83,6 %-ը կամ 835,3 մլրդ դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին, 16,4 %-ը կամ 163,3 մլրդ դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով զուտ ծախսերին:

Սոցիալմշակութային ճյուղերի (կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն, հանգիստ, մշակույթ, սպորտ) տեսակարար կշիռը բյուջետային ծախսերի ամբողջ ծավալում կազմում է 46,2%, պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ապահովման ոլորտներինը՝ 18,8 %, տնտեսության ճյուղերինը՝ 15,6%, պետական պարտքի սպասարկմանը՝ 4,5%, համայնքների բյուջեներին ՀՀ պետական բյուջեից պաշտոնական դրամաշնորհների տրամադրմանը՝ 3,3%, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի ձևավորմանը՝ 2,6 %:

Նախագծով դեֆիցիտի գումարը ծրագրվել է 148,6 մլրդ դրամի չափով, ինչը կկազմի ՀՆԱի 3,95 տոկոսը: Դեֆիցիտի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել ներքին և արտաքին աղբյուրների զուտ մուտքերի հաշվին, համապատասխանաբար` 82,8 մլրդ դրամի և 65,8 մլրդ դրամի չափով:

Ըստ Տ.Սարգսյանի, բյուջեի հիմքում ավելի կոշտ մակրոտնտեսական ցուցանիշներ են, ավելի ցածր բյուջեի դեֆիցիտ։ ՙԲնականաբար, դա հնարավորություն է տալու մեզ կուտակել բավարար պահուստային միջոցներ` անկանխատեսելի իրավիճակներում որոշակի զսպանակ ունենալու համար. դա մեր Կայունացման հիմնադրամն է, որը մենք ձեւավորել ենք Կենտրոնական բանկում, դրանք նաև այն վարկային ռեսուրսներն են, որ մենք Կենտրոնական բանկի միջոցով տրամադրում ենք մասնավոր հատվածին` խթանելով տնտեսական աճը և դրանով իսկ խթանելով մակրոտնտեսական կայուն իրավիճակը՚,-ընգծեց ՀՀ վարչապետը։

2011 թ.-ին անվանական ՀՆԱն կանխատեսվում է 3,7635 տրիլիոն դրամ` 2010թ.-ի 3,4703 տրիլիոն դրամի դիմաց, ՀՆԱի իրական աճը` 4,6%:

Վարչապետի մատուցմամբ, ընթացիկ տարվա վերջին երկու ամիսների արդյունքները վկայում են այն մասին, որ 2011թ.-ին կհաջողվի ապահովել գնաճի թիրախային ցուցանիշը, այն է` 4 տոկոս, 1,5 տոկոսանոց միջակայքում։ ՙԿարծում եմ` եթե հաջողվի, զսպելով գնաճը, պահպանել այս միտումները նաև նոյեմբերդեկտեմբեր ամիսներին, կհաջողվի իրատեսական դարձնել նաև 2011թ. գնաճային ցուցանիշը, որը կարեւորագույն մարտահրավերներից մեկն է մեզ համար, որպեսզի կարողանանք ապահովել ոչ միայն մակրոտնտեսական կայունություն, այլ նաև սոցիալական բնագավառում ունենանք ավելի բարենպաստ միջավայր՚,-ասաց վարչապետը։

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1586 անգամ:
Print Friendly

Leave a Reply