Եվս մեկ որբացած ընտանիք. 41-ամյա էջմիածինցի ավիատեխնիկ Գրիգոր Բարսեղյանն ավիավթարի զոհերից է
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | Աննա Մուրադյան | July 17, 2009 11:50
Գրիգոր Բարսեղյանի ընտանիքն ու հարազատները սգում են Գրիգորի մահը
«Պապաս ինձ հետը սոտովի պիտի բերեր: Էնի իմը չի»,- դեռ ամեն ինչ մինչև վերջ չհասկացած` կրկնում էր 12-ամյա Անին, իսկ կողքի սենյակից լսվում էր 75-ամյա Էմմա մայրիկի բայաթին.«Իմ գահել-ջիվան Գրիգոր ջան, վույ-վույ-վույ-վույ, ես քո բալեքին ղուրբան ըլնեմ Գրիգոր ջան, վույ-վույ-վույ-վույ-վույ»:
Հուլիսի 15-ի Թեհրան-Երևան չվերթի ընթացքում կործանված օդանավի տեխնիկ, էջմիածնի Առատաշեն գյուղի բնակիչ Գրիգոր Բարսեղյանի հայրական տանը մեծ բազմություն էր հավաքված: Գրիգորենց տան դուռը փակ էր. կինը՝ Ռիմա Մակարյանը, Ռիմայի եղբայր Ռոմիկն ու Գրիգորի միջնեկ եղբայր Եղիազարը մեկնել էին Թեհրան:
«Ասում են` ինչ-որ մարդկային մարմիններ են գտել ու տարել,- ասում է զոհված Գրիգորի եղբայրը՝ Սամվել Բարսեղյանը,- մարդ պիտի էրկաթից ներվեր ունենա, որ գնաս ու մարդկային մարմինների կտորների մեջ փորձես ինչ-որ բան գտնես: Ես հարսիս ասել եմ, որ դու Գրիգորի բիրկեն ման արի, դրանով կգտնես»:
«Վույ-վույ-վույ-վույ-վու,յ էս ինչ զուլում բերիր դու իմ գլխին Գրիգոր ջան,- բայաթի էր կանչում Էմմա մայրիկը,- ես իմ բալին եմ ուզում, թող կաստիլով գար իմ տղեն, մենակ թող գար իմ բալեն, վույ-վույ-վույ-վույ-վույ»:

Գրիգոր Բարսեղյան
Գրիգորը 41 տարեկան էր, իսկ Ռիման՝ 29: Երկու զավակ ունեին՝ Անին ու Նաիրին, որոնք դպրոցական տարիքի երեխաներ են: Գրիգորը տան 4 զավակներից կրտսերն էր, 1887թ. ավարտել էր Տամբովի մարզի Կիրսանով քաղաքի քաղավիացիայի ուսումնարանն ու նույն տարում աշխատանքի ընդունվել Զվարթնոց օդանավակայանում:
«Գրիգորը մերոնցից թաքուն էր տվել ավիացիայի բաժին,- տխրությամբ հիշում է Սամվելը,- Ու ես եմ իրա հետ գնացել քննություններին: Ինքը մանկական տարիներին պարի էր գնում, հետո գնաց` ծանրաձողի աշխարհի չեմպիոն Յուրի Սարգսյանի մոտ պարապելու: Չհասկացանք, թե ոնց 9-10 դասարաններում սերը հանկարծ միամիտ բռնեց սամալյոտների հանդեպ»:
Գրիգորը 1.5 տարի առաջ ընկերոջ՝ Սուրենի հետ աշխատանքի ընդունվեց «Կասպյան ավիաուղիներ» ու ապրելով Թեհրանում՝ ուշ-ուշ էր տեսնվում ընտանիքի հետ: Բայց անցյալ տարի ավիակամպանիայի միջոցներով նոր տարվա 2 ամիսներն անցկացրել էր ընտանիքի հետ:
«Մեզ պապայի բոսսը շուտ-շուտ հյուրասիրությունների էր տանում,- պատմում է այդ ամիսներին Թեհրանում անցկացրած Անին,- մեզ տիկնիկ ու գնացք էր նվեր տալիս: Մենք էլ իջնում էին բակ խաղալու, այնտեղ ընկերներ էինք ձեռք բերել»:

Գրիգորի եղբայրը`Սամվելն ու դուստրը`Անին
Սամվելն ասում է, որ եղբայրը նպատակ ուներ այս տարի էլ նոր տարին անցկացնել ընտանիքի հետ:
«Վույ-վույ-վույ-վույ-վույ, իմ բալին բերեք տվեք ինձ, երեխեքիդ վիզը ծուռ թողած Գրիգոր ջան,- չէր հանգստանում Էմմա մայրիկը,- Թերթի թեմա դարձած Գրիգոր ջան»:
Սամվելը պատմում է, որ հարսը շատ տղամարդավարի տարավ կորուստը: «Ինքն իրեն զսպում էր, որ երեխեքի վրա շատ չազդեր»,- ասում է Սամվելը:
«Մի անկյունում նստած էր ու ոչ ոքի հետ չէր խոսում»,- ավելացրեց Վարդուհին՝ Գրիգորի եղբոր աղջիկը:

Ձախից`Գրիգորի մայրը`տիկին Էմման, մեջտեղում`քույրը` Կարինեն
Սամվելն ասում է, որ հարսն ինքն է ուզել գնալ Թեհրան: «Ես մնացել եմ էդ սենյակում, ուզում եմ գնամ կարոտս սենյակից առնեմ,- ասել էր Ռիման մեկնելուց առաջ,-Գոնե շորերը կբերեմ»:






Facebook
Tweet This
Email This Post
