Ինչ է տալու համահայկական լրագրողական համաժողովը՝ համահայկական լրատվամիջոցներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | October 18, 2010 16:19

Հոկտեմբերի 12-16-ը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացված լրագրողների 5-րդ համահայկական համաժողովի ադյունքում ընդունվել է 10 կետից բաղկացած բանաձև, որն արտահայտում և առաջնահերթության սկզբունքով կարևորում  է համաժողովի ընթացքում հնչած առաջարկներն ու կարծիքները:  Առաջնային են համարվել հայկական ազգային պետականության ամրապնդումն ու հզորացումը, Հայաստան-Սփյուռք-Ղարաբաղ  եռամիասնության հզորացումը, համահայկական տեղեկատվական գործուն համակարգերի ստեղծումը,  հայկական հարցերի շուրջը միջազգային հանրությանը տեղեկատվության նպատակով ներգործուն լրատվամիջոցների ստեղծումը և այլն:

Համաժողովը կրում է «21-րդ դարի մարտահրավերները և տեղեկատվական անվտանգությունն ու հայ լրագրությունը» խորագիրը, որի նպատակը համահայկական լրատվամիջոցների միասնական ռազմավարություն ընտրելն ու  միասնական քաղաքականություն իրականացնելն է: Նախաձեռնության հեղինակը Սփյուռքի նախարարությունն է՝ Հայաստանի Ժուռնալիստների միության և Լրագրողների համահայկական ընկերակցության հետ համատեղ:

Միջոցառմանը մասնակցում  էին 200 լրագրողներ Հայաստանից, Սփյուռքից և Արցախից: Համաժողովից դուրս՝ Սփյուռքից և Հայաստանի շրջաններից ժամանած լրագրողների կեցավայրի և ճանապարհի ծախսերը հոգացել էին իրենց  լրատվամիջոցները:

Համաժողովի  կազմակերպչական մասն ակնհայտորեն կաղում էր: Ծրագրի փաստացի ընթացքն ու ծրագրված ժամանակացույցը ժամանակային առումով իրարից տարբերվում էին, թեպետ ամբողջապես իրականացվեց: Իսկ մասնակիցներից որոշների անունները ցուցակում չկային, հետևաբար նրանք ներկայացված չէին նախօրոք կազմված կոնտակտային տվյալների բազայում, հաշվառված չէին որևէ հյուրանոցում, պատրաստ չէին բեյջերը: Նրանց մեջ էր նաև «Անկախի» լրագրողը:

Նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ  Թևոս Ներսիսյանն «Անկախին» ասել էր, որ մասնակիցներն ընտրվել են լրատվամիջոցի առավել ճանաչված ու հայտնի լինելու սկզբունքով, որի շրջանակներում «Անկախը» հետո տեղավորվեց:

Համաժողովն անցավ Ստեփանակերտի Մշակույթի տան դահլիճում՝ սովետական մշակույթի վառ արտահայտմամբ: Համաժողովի մասնակիցներին ողջունեցին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի հոգևոր առաջնորդ Պարգև սրբազանը: Բոլոր ելույթներից հետո դահլիճը բուռն ծափահարում էր, որը ավագ սերնդին կարող է հիշեցնել ոչ վաղ անցյալում հնչած  «կեցցե Սովետական Հայաստանը կամ կեցցե ՍՍՀՄ-ի լուսապայծառ ապագան.. ուռաաա..» լոզունգներին հաջորդած արձագանքը:

Հրանուշ Հակոբյանը խիստ կարևորեց լրագրության և տեղեկատվական պատերազմներում նախահարձակ լինելու նախաձեռնությունը: «Այնպես է ստացվում, որ մեր թշանամիներն են հարձակվում, իսկ մենք պաշտպանվում ենք,- ասաց նա,- մենք այս համաժողովի ընթացքում այնպիսի ծրագրեր պիտի մշակենք, որոնք առաջիկա 2 տարիների համար մեր համար կլինեն ուղենիշային, և որտեղ նախահարձակ լինելը պետք է գերակայի»: Նախարարը լրագրողներին կոչ արեց հոդվածներ գրելուց առաջնորդվել կառուցողական քննադատության սկզբունքով:

Համաժողովն անցնում էր նիստերի անցկացման սկզբունքով, որի ընթացքում մասնակիցները ելույթներ էին ունենում և առաջարկներ հնչեցնում:

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանն իր ելույթում ասաց, որ համաժողովի համար պետք է ընտրվեր ավելի նեղ թեմա: Նրա կարծիքով Ղարաբաղի՝ Ադրբեջան-Թուրքիա հակամարտության ենթատեքստով, անվտանգության ապահովման խնդիրները այլ թեմա է, Սփյուռքը այլ խնդիր: «Չնայած նման դեպքերում ասվում է, որ դրանք բոլորը համահայկական խնդիրներ են, բայց մեր մոտ ամեն ինչ խառնվում է իրար,- ասաց նա,- որո՞նք են մեր  նպատակները: Եթե մենք որոշենք ինչ ենք ուզում, դրան հասնելու միջոցները  լուծելի խնդիրներ են»:

Քաղաքագետ Կարեն Բեքարյանն «Անկախին» ասաց, որ կարևորում և առանձնացնում է  այս համաժողովը՝ հատկապես վայրի ճիշտ ընտրությունը: «Հայաստանյան, ղարաբաղյան ու Սփյուռքի  լրատվամիջոցները տարբեր խնդիրներ ունեն,- ասաց նա,- երբ այդ խնդիրներն արծարծվում են, շատ դեպքերում մարդկանց մոտ ստեղծվում է տպավորություն, թե ինչի  շուրջ պետք է համագործակցել: Սակայն երբ խնդիրները դառնում են հասկանալի՝ հատման եզրերն էլ են դառնում հասկանալի»:

Բեքարյանի կարծիքով՝ համաժողովն ակնհայտորեն անելիքներ ունի: «Սակայն կա հարցի մյուս կողմը,- մանրամասնեց նա,- հավաքն ընթանում է մեծ սեսիաներով, որը բարդացնում է լոկալ խմբերով աշխատանքը, դրա ողջ ծանրությունը հետո կընկնի կազմկոմիտեի վրա: Նա պետք է տարբերակի թեմատիկ և այլ բլոկների հնչած առաջարկներն ու կարծիքները, մշակի դրանք կյանքի կոչելու համար միջոցներն ու դրան հասնելու գործիքները և հետո կապ պահելով բոլորի հետ՝ փորձի հասնել նրան, որպեսզի այդ ամենը դառնա իրականություն»:

«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը՝  վերլուծելով հայաստանյան մամուլի պատկերն ասաց, որ գոյություն ունի ընդդիմադիր և իշխանական մամուլ: «Ընդդիմադիրը քննադատում է իշխանությանն ու ծածկում սեփական դաշտի թերությունները,- ասաց նա,- իսկ իշխանության տեսակետը ներկայացնող մամուլն էլ վերահսկվում է իշխանության կողմից և շատ խնդիրներ դուրս են մնում ուշադրությունից»: Ըստ Ավետիքյանի` Արցախի մամուլը համասփյուռ հայկական մամուլի ամենաթույլ օղակն է, որը գտնվում է իներտ վիճակում: Արամ Աբարհամյանն ասաց, որ ծանոթ չէ ղարաբաղյան մամուլին՝ գնահատական տալու համար, սակայն համեմատելով հայաստանյան և ղարաբաղյան մամուլն ասաց. «եթե հայկական լրատվամիջոցները ճնշման տակ են իքս անգամ, ապա արցախյանը՝ 10իքս անգամ»:

Քառօրյա միջոցառումը հարուստ էր մշակութային ծրագրով: Մասնակիցները տարբեր օրերի եղան Տաթևի վանական համալիրում, Նորավանքում, այցելեցին Տիգրանակերտ, Գանձասար, Շուշիում եղան սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում, իսկ Գորիսում Սփյուռքի լրագրողները հանդիպեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Համաժողովը յուօրինակ հարթակ էր, որի ընթացքում  Սփյուռքի, Արցախի և հայկական լրագրողները ծանոթանում ու շփվում էին  միմյանց հետ, փոխանակվում կոնտակտներով:

«Նոր յառաջ» երկօրյա թերթի խմբագիր Ժիրայր Չոլաքեանն առաջին անգամ է մասնակցում լրագրողական համաժողովներին: «Քանի որ մեր թերթը նոր է, մեզի համար շատ կարևոր է ճանչնալ մյուս գաղութներու կամ Հայաստանի  լրատվամիջոցներու հեղինակներուն հետ և մամուլի գործակցական դաշտ մը ստեղծել միասին, տեսնել հիմանախնդիրներն ու  բաժանելու մեր հոգսերը»,- ասաց նա:

Կիպրոսի «Գիբրահայեր» կայքէջը ներկայացնող Սիմոն Այնեդջյան ևս առաջին անգամ է մասնակցում համահայկական լրագրողական հավաքին: Նա ասում է, որ անհրաժեշտ է մշակված մարտավարություն և կենտրոնական հսկողություն, որպեսզի որևէ արդյունք լինի: «Շատ ժամանակ լրագրողներն ու խմբագիրները կլանվում են լուրերի մեջ,- ասում է նա,- լավ կըլլա, որ մարդիկ կլանվեն քարոզչական աշախտանքի մեջ և իրենց խոսքը ավելի լայն շրջանակներու մեջ հասու դարձնեն, նկատի ունեմ  մեր թշնամիներուն»:

Նրա կարծիքով՝ կարևոր է, որպեսզի լայնորեն օգտագործվի ինտերնետի հնարավորությունները, կոնկրետ սոցիալական ցանցերի միջոցով, որպեսզի  թուրք  և ադրբեջանցի ժողովրդին հասցվի մեր խոսքը. « դա կօգնի  ձևովարելու մեր թշնամիներու  ժողովրդի հանրային կարծիքը»:

Իսկ Թուրքիայի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը  բոլոր հինգ համաժողովներին մասնակցել է և նկատել, որ ամեն անգամ քննարկվող բովանդակությունը ստանում է նոր երանգներ, այսինքն չի կրկնում նախորդին: «Դա նշանակում է, որ հայ մամլո սպասավորը գիտակցում է  իր առջև ծառացած մարտահրավերները,- ասաց նա,- հայ մամուլը  նախանձախնդիր է համահայկական միտքը նպատակասլաց և պրոֆեսիոնալ դարձնելու»:

Լրագրողների համահայկական առաջին համաժողովն անցկացվել է Սլովակիայում՝ մոտ 30 հոգանոց կազմով, որին հաջորդած համաժողովներն անցկացվել են Ծաղկաձորում: Տարբեր համաժողովներում միջոցառումները կազմակերպվել են «Նոյան տապան» լրատվական գործակալության, Հայաստանի Ժուռնալիստների միության, ինչպես նաև անհատ մարդկանց նախաձեռնությամբ: Այս համաժողովն աչքի էր ընկնում  Սփյուռքի լրատվամիջոցների լայնածավալ ներկայացուցչությամբ, իսկ  Ղարաբաղյան լրատվամիջոցները մասնակցում էին առաջին անգամ:

Դիտվել է 2694 անգամ:
Print Friendly

Leave a Reply