Գինու փառատոն` Արենիում
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 18, 2010 12:47
Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում հոկտեմբերի 17-ին անցկացվել է Գինու փառատոն: Դրա շրջանակներում կազմակերպվել են նաեւ մի շարք միջոցառումներ` գինու, պանրի համտես, խաղողի ճզմում, լավաշի, գաթայի, ռշտայի պատրաստում, նկարների ցուցահանդես, մի շարք մրցույթներ: Փառատոնն իրականացվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Վայոց Ձորի մարզպետարանի եւ Արենիի գյուղապետարանի նախաձեռնությամբ:
Ողջունելով ներկաներին` Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը նշել է, որ այս փառատոնը գյուղի բնակչության տարիների աշխատանքի արդյունքն է: «Արենիի բնակչության մի քանի սերունդ արդեն զբաղվում է խաղողագործությամբ` վստահ լինելով, որ դրանով կարողանալու է գումար վաստակել եւ կերտել իր զավակների ապագան»,-ասել է մարզպետը` հավելելով, որ հենց սա է գյուղի զարգացման ճիշտ ուղին:
Ս. Բագրատյանի խոսքով, Արենին առաջիններից մեկն էր, որ կարողացավ գյուղական համայքի զարգացման իր տեսակետի ճշմարտացիությունը գործով ապացուցել: «Տնտեսական ոլորտի զարգացմանը հետեւելու են կրթական, մշակութային եւ սպորտային հաջողություններ»,-նշել է մարզպետը` ընդգծելով, որ գյուղական համայնքի զարգացման այս տեսլականը կարող է օրինակ դառնալ նաեւ այլ համայնքների համար:
Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը նշում է, որ նմանատիպ միջոցառումները խիստ կարեւոր են ինչպես զբոսաշրջության զարգացման, այնպես էլ համաչափ տարածքային զարգացման համար: «Թե’ միջազգային, թե’ ներքին զբոսաշրջիկները, հանրապետության տարբեր մարզերից այցելելով նման միջոցառումների անցկացման վայրերը, պահանջարկ են առաջացնում տեղում արտադրվող ապրանքների եւ ծառայությունների նկատմամբ»,- ասել է Մ. Ապրեսյանը` հավելելով, որ այսպիսի փառատոների շնորհիվ դրանց անցկացման վայրերը հայտնի են դառնում զբոսաշրջիկներին:
Արենիի գյուղապետ Ժիրայր Եղյանի խոսքով, փառատոնի ընթացքում անցկացվող ազգային խաղերի ու գյուղական տեսարանների բեմադրումը նպատակ ունի հյուրերին ծանոթացնելու հայկական գյուղական մշակույթի գողտրիկ գեղեցկության հետ: «Այս տարին գյուղատնտեսության համար այնքան էլ բարենպաստ չի եղել, սակայն խաղողի առումով, կարող ենք նշել, որ բերքը բավականին առատ էր»,- ասել է նա:
Արենի գյուղում ներկայումս խաղողի այգիները շուրջ 150 հեկտար են, որից այս տարի մթերվել է շուրջ 700 տոննա խաղող: Ավելացնենք, որ Արենի գյուղի բնակիչները իրենց տների առջեւ տեղադրել էին սեղանիկներ` լի տարբեր մրգերով, ուտեստներով եւ, իհարկե, գինով` հյուրասիրելով զբոսաշրջիկներին ու անցորդներին:






Facebook
Tweet This
Email This Post
