Սեպտեմբերին եվրոգոտում տարեկան գնաճն արագացել է մինչեւ 1,8 տոկոս

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 18, 2010 11:58

Սեպտեմբերին եվրոգոտու երկրներում սպառողական գների աճի տեմպը տարեկան հաշվարկով, վերջնական գնահատման համաձայն, օգոստոսի 1,6 տոկոսից արագացել է մինչեւ 1,8 տոկոս: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասված է եվրոպական վիճակագրական գործակալության` Եվրոստատի մամլո տեղեկագրում:

Հրապարակված տվյալներն ամբողջովին համընկել են վերլուծաբանների` ավելի վաղ հրապարակված նախնական տվյալների հետ: Ամսական հաշվարկով եվրո օգտագործող 16 երկրներում սեպտեմբերին սպառողական գների 0,2 տոկոս աճ է գրանցվել: Սեպտեմբերին եվրոգոտում սպառողական գների աճի հիմնական գործոնները եղել են տրանսպորտային ծառայությունների, ալկոհոլի եւ ծխախոտի թանկացումը համապատասխանաբար 4,1 եւ 3,2 տոկոսով, ինչպես նաեւ 2,9 տոկոսով բնակարանային-կոմունալ ծառայությունների արժեքի աճը:

Միեւնույն ժամանակ սեպտեմբերին կապի ծառայություններն էժանացել են 0,9 տոկոսով, մշակութային-ռեկրեացիոն ծառայությունները` 0,2 տոկոսով եւ հագուստը` 0,2 տոկոսով: Եվրամիության 27 երկրներում տարեկան գնաճն ընթացիկ տարվա սեպտեմբերին կազմել է 2,2 տոկոս օգոստոսի 2,0 տոկոսի դիմաց: Ամսական արտահայտությամբ սպառողական գները տարածաշրջանում աճել են 0,2 տոկոսով: Գնաճի ամենաբարձր տարեկան մակարդակը սեպտեմբերին դիտվել է Ռումինիայում (7,7 տոկոս), Հունաստանում (5,7 տոկոս) եւ Էստոնիայում (3.8 տոկոս):

Դեֆլյացիա է գրանցվել Իռլանդիայում (-1,0 տոկոս): Գերմանիայում օգոստոսին տարեկան գնաճը կազմել է 1,3 տոկոս: Եվրոպայի կենտրոնական բանկի կանխատեսման համաձայն` 2010 թվականի արդյունքներով եվրոգոտում գնաճը կկազմի 1,4-1,6 տոկոս, իսկ 2011 թվականին` 1-1,2 տոկոս:

Դիտվել է 1102 անգամ:
Print Friendly

Leave a Reply