1 միլիոնից ավել մարդ է զոհվել ավիավթարների պատճառով

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | July 17, 2009 12:39
airplane-crash-in-1977

1977-ին տեղի ունեցած աշխարհի խոշորագույն ավիավթարը

Ավիացիայի սկզբնավորման օրերից` 1910-ից, մինչ այժմ` 99 տարվա ընթացքում, տեղի է ունեցել 5000-ից ավելի ավիավթար, ինչը դարձել է 1 մլն-ից ավել մարդու մահվան պատճառ:

Ավիացիայի ոլորտի մասնագետների կարծիքով, եթե օդային փոխադրումների ծավալները շարունակեն աճել, 2020-ին աշխարհում ավիավթար տեղի կունենա ամեն շաբաթ:

Ըստ ավիացիայի ոլորտում գործող բրիտանական խորհրդատվական Ascend ընկերության` «Տու 154» մակնիշի ինքնաթիռի յուրաքանչյուր 431 200 թռիչքից մեկն ավարտվում է մարդկային զոհեր պատճառող ավիավթարով, իսկ «Բոինգ 737»-ի դեպքում` 1 աղետալի վթար յուրաքանրյուր 2 680 000 թռիչքի դեպքում:

Ավիավթարների հիմնական պատճառը, ըստ aviakatastrofa.net կայքի, ֆինանսական միջոցների սղությունն է, ինչի պատճառով ժամանակին նոր ինքնաթիռներ ձեռք չեն բերվում և շարունակում են օգտագործել արդեն գերմաշված ինքնաթիռներ: Սակայն, ըստ պաշտոնական տվյալների, ավիավթարների միայն 20 տոկոսն է տեղի ունենում տեխնիկական անսարքությունների պատճառով, իսկ 80 տոկոսը` ավիացիայի սպասարկող աշխատակիցների սխալի պատճառով: aircrash11

Մարդկության պատմության մեջ խոշորագույն ավիավթարը տեղի է ունեցել մարդկային գործոնի պատճառով· 1977 թվականին Կանարյան կղզիներում միմյանց են բախվել 2 «Բոինգ 747» ինքնաթիռներ· օդանավակայանի դիսպետչերի և օդաչուն միմյանց չէին հասկացել, ինչի հետևանքով 2 ինքանթիռները հայտնվել էին նույն թռիչքուղու վրա: Վթարի պատճառով զոհվել է 583 մարդ: Մեծությամբ հաջորդ խոշոր աղետը տեղի է ունեցել 1985-ին: Ճապոնիայի տարածքում «Բոինգ 747» -ի վթարի ենթարկվելու պատճառով զոհվել է 520 մարդ:

Տարեկան մարդկային զոհեր պատճառող շուրջ 20 ավիավթար է տեղի ունենում, որոնց զոհ են դառնում 500-1500 մարդ: Օրինակ` 2006-ին տեղի ունեցած 23 ավիավթարներից զոհվել է 1293 մարդ, 2007-ին տեղի է ունեցել 20 ավիավթար, զոհվել է 692 մարդ, 2008-ին` 23 ավիավթար և 502 զոհ: Այս տարվա ընթացքում տեղի ունեցած 6 ավիավթարների պատճառով 600 մարդ է զրկվել կյանքից:

Հունիսի 1-ին Էյր ֆրանս ընկերության «Աէրոբուս 330-200» ինքնաթիռը ռադարների տեսանելիության դաշտից կորավ Ատլանտյան օվկիանոսի վրա թռիչքի պահին: Վթարի պատճառով զոհվեցին ինքնաթիռի բոլոր 228 ուղևորները:

japan-aircrash-in-19853

1985-ին Ճապոնիայում տեղի ունեցած ավիավթարը

Հաջորդը հունիսի 30-ին Կոմորյան կղզիների մոտակայքում կործանված «Աէրոբուս A310» ինքնաթիռն էր, որ պատկանում է Եմենական ավիաընկերությանը և թռչում էր դեպի Փարիզ: Ինքնաթիռի 150 ուղևորներից 149-ը զոհվեցին, փրկվեց մի 13-ամյա աղջնակ:

Այս ավիավթարներին հաջորդեց հուլիսի 15-ին իրանական Ղազվին քաղաքում տեղի ունեցած «Տու 154»-ի ավիավթարը, ինչի պատճառով զոհվեց 168 մարդ· զոհվածներից 36-ը հայազգի էր, 5-ը` Հայաստանի քաղաքացի:

Դիտվել է 1719 անգամ:
Print Friendly

Leave a Reply