Կործանված ինքնաթիռի ավիատեխնիկ Սուրեն Սողոմոնյանի 8 հոգանոց ընտանիքը մնաց առանց կերակրող ձեռքի
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | Աննա Մուրադյան | July 17, 2009 12:00
Զոհված ավիատեխնիկ Սուրեն Սողոմոնյանը`Թեհրանի օդանավակայանում
«Օգոստոսին աղջկաս վարձը պիտի տայինք, ընդունվել էր կոմպյուտերների քոլեջ,- մղկտում էր հուլիսի 15-ի ավիավթարից մահացած օդանավի
անձնակազմի տեխնիկ Սուրեն Սողոմոնյանի այրին` Սաթենիկ Սողոմոնյանը,- ասում էր` չմտածես կնիկ ջան, կտանք: Օգոստոսին չհասավ»:
Թե ինչպես է գոյատևելու Սուրենի ընտանիքն այսուհետ, տիկին Սաթենիկը դեռ չի մտածել: «Հլը դեռ տաք են, չեն գիտակցում, հետո ծանրությունը կզգան»,- ասում է Վարդիթերը` Սուրենի եղբոր կինը:
Էջմիածինցի Սուրեն Սողոմոնյանը 46 տարեկան էր: 1983թ. ավարտել էր Մինսկի ավիացիոն տեխնիկումը և նույն տարում էլ աշխատանքի ընդունվել Զվարթնոց օդանավակայանում` որպես տեխնիկ:
Տեխնիկն ավիացիոն համակարգը սպասարկող անձնակազմից է և ապահովում է գործող սարքերի անխափան աշխատանքը:
«Սովետի ժամանակ ինքը չէր թռնում, մնում էր օդանավակայանում,- ասում է տիկին Սաթենիկը,- բայց երբ աշխատանքի ընդունվեց «Կասպյան ավիաուղիներ»-ում, օդանավակայանի սեփականատերը պահանջում էր, որպեսզի տեխնիկը թռիչքի ժամանակ օդում լինի, որ եթե հանկարծ մի բան էն չլնի, տեղում սարքի»:
Սուրենը «Կասպյան ավիաուղիներ» աշխատանքի էր ընդունվել մոտ 1,5 տարի առաջ, աշխատում ու ապրում էր Թեհրանում: Ստացած 1000-1500 դոլար աշխատավարձը բավարարում էր բազմանդամ` 8 հոգուց բաղկացած ընտանիքի կենցաղային կարիքները հոգալու համար. կոմունալ ծախսեր, սնունդ, ուսանողական վարձեր: Հասարակ, սովետական ժամանակների վերանորոգմամբ 4 սենյականոց բնակարանում էր ապրում Սուրենի ընտանիքը:

Սուրեն Սողոմոնյանի սիրելի դուստրը`Աշխենը
Քրիստափոր, Աշխեն, Մարիամ, Քրիստինե. Սուրենի երեխաներն են: Քրիստափորն այս տարի ավարտել էր Էջմիածնի Գրիգոր Լուսավորիչ համալսարանն ու ճակատագրի հեգնանքով հենց այսօր պիտի ստանար դիպլոմը: Իսկ Աշխենը սովորում է նույն համալսարանի 4-րդ կուրսում: «Ամենաշատը Աշխենիս էր սիրում,- հեկեկոցով ասաց տիկին Սաթենիկն ու այդ խոսքի վրա Աշխենը լաց լինելով սենյակից դուրս եկավ:
«Բացի կնոջից ու երեխաներից, իր խնամքի տակ էին նաև նրա երկու անաշխատունակ քույրերը` Ռիտան ու Ռոզան(մեկը հաշմադամություն ուներ),- ասում է Սուրենի քրոջ ամուսինը` Նվեր Մկրտչյանը,- ինքը հարազատի նեղին հասնող մարդ էր՝ հարգանքով, պատվով: Ով մտներ նրա տուն, տան հացը պիտի ուտեր»:
Սաթենիկն ասում է, որ ամուսինը քչախոս մարդ էր ու աշխատանքային խնդիրներով չէր ծանրաբեռնում ընտանեկան մթնոլորտը: «Բայց տանը ինչ խնդիր որ լիներ, անպայման պիտի իմանար,- ասում է Սաթենիկը,- Նրա համար առաջնայինը երեխեքն էին: 23 տարի ա` իրար հետ ենք ապրել, հլը չեմ լսել, որ երեխեքին չէ բառը ասած լինի»:

Սուրեն Սողոմոնյանի հարազատները. ձախից առաջինը`կինը`Սաթենիկը
«Կասպյան ավիաուղիներում» աշխատելու ընթացքում Սուրենն ընտանիքին տեսնում էր շաբաթը երեք անգամ`20-40 րոպեով, երբ իրականացվում էր Թեհրան-Երևան չվերթները: 2 ամիսը մեկ անգամ էլ մի շաբաթով արձակուրդ էր գալիս: «Գալուց առաջ էլ զանգում էր: Էդ օրը առավոտը` ժամը 10-ին տաս պակաս, զանգեց, ասեց թռնում ենք, 13.30 աերոպորտում կըլնեք,- լացը զսպած պատմում էր տիկին Սաթենիկը,- Երեխեքիս հետ գնացինք: Գնացինք ու չտեսանք»:
Երեկ Թեհրան են մեկնել Սուրենի որդին, աներձագն ու քրոջ որդին: Սուրենի հարազատները դեռ չգիտեն, թե ինչ կարգի թաղում են անելու: «Սպասում ենք Թեհրանից գան, հետո կորոշենք մեր գլխի գալիքը»,- ասում է տիկին Սաթենիկը:






Facebook
Tweet This
Email This Post
