Հոգեհանգիստ Երևանի Կապույտ մզկիթում. իրանցիները սգում են կործանված օդանավի զոհերի համար

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | July 17, 2009 12:08

ՄզկիթԵրեկ Երևանի Կապույտ մզկիթում 21:30 սկսվեց Իրանում կործանված ինքնաթիռի զոհերի հոգեհանգստի աղոթքը:

Մզկիթի այգում հավաքվել էին իրանցիներ, որոնք սպասում էին աղոթքի արարողությանը: Երևանում սովորող իրանցի ուսանողերից բացի, եկել էին նաև առանձին ընտանիքներ: Ֆատիմա Ասադին եկել էր բժիշկ ամուսնու և երեխայի հետ: Ամուսինն աշխատում է Հայաստանում, իսկ Ֆատիման երեխայի հետ հաճախ գալիս է Հայաստան` ամուսնուն տեսության:

«Զոհվածների մեջ հարազատներ չունենք, սակայն շատ ենք ցավում դժբախտ պատահարի համար»,- ասում է Ֆատիման: Նա երկու ամսից վերադառնալու է Իրան. շատ է վախենում. «Ես էլ կարող էի երեխայիս հետ լինել այդ նույն ինքնաթիռում, սակայն որոշել էի ավելի շուտ գալ Հայաստան»:

Ռաուահու Յութֆին 37 տարեկան է, սովորում է պետհամալսարանի մաթեմատիկայի բաժնում: Ընկերներից երկուսը` Քարիմին և Նայսիրին, Բժշկական համալսարանի ուսանողներ էին և զոհ են գնացել ավիավթարին: «Նրանք Երևան էին վերադառնում արձակուրդից, սակայն այդպես էլ չվերադարձան…»,- լացակումաց ասում է Ռաուահուն:

Նամազը պետք է սկսեր աղոթքից հետո: Ռաուահու Յութֆին ասում է, որ աղոթքն ու նամազը տարբեր են. աղոթքին, ի տարբերություն նամազի, կարող են մասնակցել և’ կանայք, և’ տղամարդիկ: Իսկ աղոթքի ժամանակ կանայք աղոթում են առանձին սրահում, որը բաժանված է տղամարդկանց սրահից` վարագույրով:

Գլխավոր սրահում, որտեղ հնչում էր արաբերեն աղոթքի երգ, գետնին նստած աղոթում էին տղամարդիկ. նրանց հետ միասին աղոթում էին 5-6 տարեկան փոքրիկ տղա երեխաներ, որոնք այնքան էլ չհասկանալով` ինչ է կատարվում, նայում էին առջևում նստած արտասվող տղամարդուն:

Հեդա Ռահմաթին ուշացած եկավ աղոթքի և արագ հանելով կոշիկները` մտավ կանանց սրահ: Նա մեզ հետ երկար չխոսեց. շատ մոտ ընկեր էր կորցրել:

Սեյեդե Ախթարը Գիտությունների ազգային ակադեմիայի ուսանող է: Նա թեև ազգական կամ ընկեր չի կորցրել, սակայն եկել է` աղոթելու զոհված հայրենակիցների համար:

Կապույտ մզկիթը կառուցվել է 1765թ. Երևանի կառավարիչ Հոսեյնալի խանի կողմից:  Կենտրոնական սրահը 442 քմ է, կենտրոնական գմբեթը` 20մ: Մզկիթն ունի նաև գրադարան և 26 փոքր սրահներ:

Մզկիթում  կազմակերպում են հոգևոր արարողություններ, ինչպես նաև պարսկերենի անվճար դասընթացներ:

Թեպետ վաղուց մութն ընկել էր, բայցմզկիթում դեռ հնչում էր աղոթքի երգը, և մարդիկ չէին հեռանում. սգում էին:

Իրանի դեսպանատնից տեղեկացրին, որ այսօր` ժամը 10.00-13.00-ը և 16.00-18.00-ը, ցանկացողները հուշամատյանում կարող են ցավակցություններ գրել:

Գայանե Գալստյան

Գայանե Ասրյան

 

Դիտվել է 1982 անգամ:
Print Friendly

Leave a Reply