Լուժկովը կնոջ հետ հիմնավորվեց Ավստրիայում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 16, 2010 13:23
Վիեննայից հարավ, Բրայտենբրուն, Գոթֆրիդ-Կումպֆ 18. Այս հասցեում է երկար ժամանակ գրանցված եղել Ելենա Բատուրինան և վերջերս հեռացել է այնտեղից: Սակայն, ինչպես պարզվում է, գրանցված լինելով` նա երբեք չի բնակվել այնտեղ: Ինչպես ենթադրում են «Դի պրեսի» լրագրողները, այս տունը գնվել է ոչ բնակվելու համար:
Նախ` դա անշուք շենք է` 150 քմ տարածքով, երկրորդ` նույն հասցեում գրանցված է նաև «Ինտեկոյի» փոխնախագահ Օլեգ Սոլոշանսկին, ևս մի ռուսաստանցի, երրորդ` ոչ Բատուրինային, ոչ Լուժկովին ոչ ոք այդ բնակավայրում չի տեսել: Բրայտենբրունի բնակիչները տարակուսում են. «Նրանց ինչ պետք էր այս տունը: Այն այդ ամբողջ ընթացքում դատարկ է մնացել»: Իսկ քաղաքապետը ափսոսում է. «Ափսոս, որ այդպես էլ չեկան: Ես ֆրաու Բատուրինային պատվավոր քաղաքացու կոչում կտայի»:
Այդ տան ընտրությունը, այնուամենայնիվ, անհասկանալի է, քանի որ Լուժկով ամուսինները շքեղ վիլլա ունեն Աուրախում` գնված 20 մլն եվրոյով: Նրանց հարևաններն են Սվարովսկիների ընտանիքը, «Հերթի» առևտրային ցանցի տերերը և բոհեմի ներկայացուցիչներ:
«Բոլորն էլ գիտեն, որ Լուժոկովն ու Բատուրինան այստեղ են ապրում: Բայց առաջ նրանց մասին ոչ ոք չէր հարցնում: Բոլորը հետաքրքրվում էին, թե որտեղ է ապրում Հանզի Հինտերզեերը»,- ասում է բենզալցակայանի աշխատողը:
«Հիմա մեզ հանգիստ չեն տալիս լրագրողները, և միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը շատ փող ունի»,- բողոքում է Լուժկովների հարևանը:
Պատմում են, որ նախկին քաղաապետի կինը սիրում է խանութ գնալ, և այստեղ նրան ոչ ոք չի ճանաչում:
Ինչպես պատմում է Կիտցբյուելի բուրգոմիստր Կլաուս Վինկլերը, ի տարբերություն այստեղ եկած մյուս հարուստների, Լուժկովը և Բատուրինան միակն են, որ ինչ-որ բան են արել շրջանի համար: «Ինտեկո» ընկերությունը երրորդ տարին է, ինչ հովանավորում է տրիատլոնի աշխարհի գավաթի մրցումները, ռոտարի ակումբի համագումարները, երկու անգամ աջակցել է երաժշտական «Ջազնովա» փառատոնին: Նրանք 2008 թ. այստեղ են բերել Կարլոս Սանտանային, իսկ 2009-ին` Սթիվի Ուանդերին. իսկական սենսացիա: «Ինտեկոյի» նախկին վիլլայից քիչ հեռու կառուցել է«Գրանդ տիրոլիա» հյուրանոցը` գոլֆի դաշտով: Նրանց գոլֆի ակումբի անդամավճարը 16 հազար եվրո է: Միաժամանակ պատմում է, որ Բատուրինայի նախկին խորհրդականը մի լավ խաբել է նրան` գրպանելով մարդասիրական նպատակների համար հատկացված գումարների 15 տոկոսը:
Սակայն այս տունն արդեն Լուժկովների սրտով չէ, քանի որ ճանապարհի եզրին է, մարդիկ ուղղակի ներս են նայում պատուհաններից, դա նրանց դուր չի գալիս:
Լուրեր են պտտվում, որ Լուժկովները վիլլա են գնել Վիեննայի Դյոբլինգ շրջանում: Հենց Վիեննայում է գրանցված Բատուրինայի անշարժ գույքի առևտրի «Սաֆո ԳմԲԽ» ֆիրման, որում կենտրոնացած է «Ինտեկոյի» կապիտալի զգալի մասը, ինչը հնարավորություն է տալիս տնտեսելու հարկերի վրա` ներդրումներ անելով երկրում:






Facebook
Tweet This
Email This Post
