Հայաստանում աճել է հիպերտոնիկ հիվանդություններով տառապող անձանց թիվը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | October 16, 2010 13:03

Հիպերտոնիկ հիվանդությունների դրսեւորման համար ժառանգական գործոնը խիստ կարեւոր է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի սիրտ-թոքային կլինիկայի ղեկավար, սրտաբան Մարինե Օրդյանը` hավելելով, որ եթե անհատը, այնուամենայնիվ, վարի առողջ ապրելակերպ, հրաժարվի վնասակար սովորություններից, ինչպես, օրինակ, ծխելուց կամ ալկոհոլ օգտագործելուց եւ ավելի շատ զբաղվի սպորտով, այդ դեպքում արդեն ժառանգական գործոնի առկայությունը կարող է մեղմվել:

Մ.Օրդյանի տեղեկացմամբ, վերջին շրջանում Հայաստանում աճել է հիպերտոնիկ հիվանդություններով տառապող անձանց թիվը: «Եթե 2008թ-ին այդ թիվը 20 903 էր, իսկ 2009թ-ին` շուրջ 22 000, ապա, կործում եմ, որ 2010թ-ին այդ թիվը կավելանա»,- նշեց սրտաբանը` ավելացնելով, որ նման հիվանդությունները հիմնականում բնորոշվում են բարձր արտերիալ ճնշմամբ եւ սրանում են աշնանը եւ գարնանը:

«Հիպերտոնիկ հիվանդությունների պատճառ կարող են հանդիսանալ խրոնիկ սթրեսները, որոնք ժամանակակից կյանքի պայմաններում բավական հաճախակի են դարձել»,- ընդգծեց Մ.Օրդյանը` հավելելով, որ վերջին շրջանում նկատվում է հիպերտոնիկ հիվանդությունների երիտասարդացում:

Սրտաբանի խոսքով, հիպերտոնիկ հիվանդությունների նախանշաններն են գլխացավը, գլխապտույտը, կտրուկ գունատումը, ինչպես նաեւ սթրեսային իրավիճակներում կրծքավանդակի շրջանում առաջացող սուր ցավերը: «Այս նշանների առկայության դեպքում, հիվանդը պետք է անպայման եւ անհապաղ դիմի բժշկի օգնությանը»,- ասաց Մ.Օրդյանը: Նա նաեւ խորհուրդ տվեց տարին առնվազն մեկ անգամ անցնել ամբողջական բուժզննություն:

Դիտվել է 1346 անգամ:
Print Friendly

Leave a Reply