Բաքվի վերաբնակները չեն ցանկանում հեռանալ մայրաքաղաքից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 16, 2010 12:46

Բաքվի ուսանողական հանրակացարաններում եւ առողջատներում բնակություն հաստատած վերաբնակները չեն ցանկանում հեռանալ մայրաքաղաքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «war.az» կայքը, նրանք հայտարարել են, որ եթե ադրբեջանական կառավարությունը ցանկանում է լուծել իրենց բնակարանային հարցերը, ապա այն պետք է լուծել Բաքու քաղաքի շրջանակում:

Ադրբեջանի փախստականների եւ հարկադիր վերաբնակների գծով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը հայտարարել է, որ եկող տարվանից սկսվելու է Բաքվի 782 օբյեկտներում, որոնցից 242-ը հանրակացարաններ են, բնակվող փախստականների տարհանումն այլ բնակավայրեր, ինչի համար պետական բյուջեից 180 մլն մանաթ ֆինանսական հատկացում է արվել: 242 հանրակացարաններից 72-ը Կրթության նախարարությանը պատկանող ուսանողական հանրակացարաններ են: Կառավարությունը որոշել է հանրակացարաններից հանել փախստականներին եւ դրանք վերադարձնել ուսանողներին:

Փախստականներն իմացել են, որ իրենց համար կառուցվող ավանները Բաքվից շատ հեռու են լինելու, այդ պատճառով էլ հայտարարել են, որ չեն հեռանա մայրաքաղաքից: Ներկայում, Բաքվի շրջակայքում գտնվող բոլոր վրանային ավանները վերացվել են: Բաքվի պետական համալսարանի ռեկտոր Աբել Մահառամովը կայքի հետ զրույցում հայտնել է, որ ներկայում Ադրբեջանի շրջաններից եւ արտասահմանից եկած 7000 ուսանողներ, հանրակացարաններում տեղ չլինելու պատճառով, ստիպված վարձով են բնակվում, ինչը նրանց վրա շատ թանկ է նստում:

Դիտվել է 947 անգամ:
Print Friendly

Leave a Reply