Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կապանում մասնակցել է Սյունիքի մարզի երիտասարդ ընտանիքների համար նախատեսված շենքի հիմնարկեքի արարողությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 15, 2010 20:12

Մարզի երիտասարդ ընտանիքների համար Կապան քաղաքում բազմաֆունկցիոնալ շենքային համալիրը կառուցվում է “Աջակցություն երիտասարդ ընտանիք­ների բնակարանաշինութ­յանը” բնա­կարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում` ՀՀ Նախագահ, ԵՊՀ շրջանավարտ­նե­րի միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Շենքային համալիրի բնակարանները շուկայականից անհամեմատ էժան գներով կտրամադրվեն Սյունիքի մարզի երիտասարդ ընտանիքներին: Բնակելի համալիրը բաղկացած կլինի երեք մասնաշենքից եւ կունենա 335 բնակարան:

Կապանում Հանրապետության ղեկավարը ծանոթացել է նաեւ քաղաքի հրապարակում գտնվող վերանորոգված փոստի շենքի պայմաններին, բնակչությանը մատուցվող ծառայություններին եւ ներկա գտնվել` “Կոնվերսբանկ” ՓԲԸ-ի “Փոստբանկ Կապան 01” եւ “Կապան” մասնաճյուղերի բացմանը:

Նախագահ Սարգսյանին ներկայացվել է նորոգված եւ ժամանակակից սարքավորումներով հագեցած մասնաճյուղն ու փոստային բաժանմունքը: Մասնաճյուղերից “ՓոստԲանկ Կապան 01ը ֆիզիկական անձանց մատուցելու է փոստբանկային ծառայություններ, իսկ “Կապան” մասնաճյուղը իրավաբանական և ֆիզիկական անձանց կմատուցի “Կոնվերս բանկի” կողմից մատուցվող բանկային ողջ փաթեթը: Միաժամանակ, կգործարկվի նաև բանկի տարածաշրջանային օժանդակող գրասենյակը, որը կապահովի մարզում առկա և բացվելիք բանկի մասնաճյուղերի գործունեությունը:

Հանրապետության ղեկավարն այնուհետ այցելել է Սյունիքի մարզպետարան, որտեղ Նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Մարզպետ Սուրեն Խաչատրյանը ներկայացրել է ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզի սոցիալ-տնտեսական վիճակը, ըստ բնագավառների իրականացված աշխատանքն ու առաջիկա ծրագրերը:

Սյունիքի մարզում աշխատանքային այցի առաջին օրն ավարտելուց հետո, Նախագահ Սարգսյանը մեկնել է Վայոց Ձորի մարզ, որտեղ Երկրի ղեկավարին կներկայացվի Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի իրականացման ընթացքը: -0-

Դիտվել է 2040 անգամ:
Print Friendly

Leave a Reply