Կործանված ինքնաթիռի զոհերից 31-ամյա Կարոն եկող տարի որոշել էր կնոջ հետ հաստատվել Հայաստանում

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | July 16, 2009 19:23

Կարապետն ու ԼուսինենԹեհրան-Երևան կործանված ինքնաթիռի զոհերից մեկը 31-ամյա իրանահայ Կարապետ Ղուկասյանն է, ով գալիս էր Երևան` հուլիսի 19-ին ընկերոջ երեխաների մկրտությանը կնքահոր պատասխանատու դերը ստանձնելու: Մի քանի օր առաջ էլ կնոջն էր  ուղարկել Հայաստան:

Ծնվել, մեծացել էր Թեհրանում: Տիկնոջ` Լուսինեի հետ ծանոթացել էր 4 տարի առաջ` Հայաստանում: 27-ամյա Լուսինեն ևս ծնվել, մեծացել է Թեհրանում, բայց ընտանիքը տեղափոխվել է Հայաստան 1999թ., իսկ Կարոյի ծնողներն ապրում են Թեհրանում:

Կարոն ընտանիքի մեծ երեխան էր: Բնավորությամբ կենսուրախ ու աշխույժ էր, աշխատասեր ու ամեն հարցում հետևողական: Անին` Լուսինեի քույրը, հիշում է, որ Կարոն շատ էր զարմանում հայերի մտածելակերպի վրա, որ իբր Հայաստանում գործ չկա:

«Շատ էր կրկնում`«հայերի տնտեսական ուղեղը պետք է աշխատեցնել, եթե փորձեն, լավ էլ կստացվի, եթե մարդ շատ է ուզում ու ձգտում ունի, կկարողանա որևէ բան ստեղծել»,-հիշում է Անին:

Կարոն մասնագիտությամբ հյուրանոցային և զբոսաշրջության մենեջեր էր, այս տարի էր ավարտել Թեհրանում Շոտլանդիայի համալսարանի մասնաճյուղերից մեկը:

Վթարի զոհ գնացած երիտասարդը Հայաստանում միջազգային կազմակերպությունների ու հյուրանոցային համալիրների հետ կապեր էր հաստատում. շինարարական կառույցները` մասնավորապես հյուրանոցները լուսավորող սարքերով ապահովելու գիտակ էր:

Կարոյի նորաստեղծ ընտանիքն ուզում էր գալիք տարում վերջնականապես հաստատվել Հայաստանում: Թեհրանի աշխատանքային գրասենյակն էլ էր ուզում այստեղ տեղափոխել:

«Հայրս 1996թ. է եկել Հայաստան, մասնագիտությամբ շինարար է, մեր տունն էլ է ինքը կառուցել,- հուզված ասում է Անին,- մի նոր տուն էլ նախատեսել էր նրանց համար կառուցել, բայց ճակատագիրը դաժան գտնվեց»:

Լուսինեն մոր ու փեսայի` Վարշամի հետ այսօր զոհվածների հարազատների համար նախատեսված հատուկ չվերթով մեկնել է Թեհրան: Անին ու հայրն էլ պատրաստվում են շաբաթ օրը մեկնել:

Կործանված ինքնաթիռի մեջ էր նաև Անիի ընտանիքի մոտ ընկերը` հոգեբույժ-հոգեբան Լևոն Դավթյանը, ով մեծ ճանաչում ունի Թեհրանում: Նա իր կնոջը շուտ էր ուղարկել և հիմա ինքն էր գալիս Հայաստան` ընտանիքի հետ հանգստանալու:

Դիտվել է 1869 անգամ:
Print Friendly

Leave a Reply