Դասագրքերի և կարծիքների շիլաշփոթ ավագ դպրոցում

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | October 18, 2010 6:00

Ավագ դպրոցի գործող 10-րդ  և 11-րդ դասարաններում այս տարի ուսուցումն իրականացվում է հոսքային ուսուցման համար նախատեսված նոր դասագրքերով: Համապատասխան դասագրքեր չկան միայն հումանիտար հոսքի բնագիտական առարկաների և ռուսերենի համար. հայտարարած մրցույթում որևէ տարբերակ հաղթող չի ճանաչվել:  Նոր դասագրքերով մեկուկես ամիս  ուսումնական գործընթացը կազմակերպելուց  հետո, երբ արդեն թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները հասցրել են յուրացնել գրքերի էությունը, թեժանում են քննարկումները գրքերի որակի, դրական և բացասական կողմերի  մասին:

Ուսուցիչներն էլ, աշակերտներն էլ գրքերի որակի մասին տարակարծիք են: Մասնագետների մատնանշած հիմնական թերությունն այն է, որ հոսքային դասագրքերի միջև բովանդակային տարբերություններն ակնհայտ չեն, բացի այդ,  հաճախ հաշվի չեն առնվել նաև աշակերտի տարիքային առանձնահատկությունները, շարադրանքը մատչելի չէ:

Երևանի թիվ 112 ավագ դպրոցի տնօրեն Սարգիս Քարամյանն ասում է, որ դասագրքային խնդիրն ընդհանրապես բնորոշ է դպրոցական ողջ համակարգին, ոչ միայն ավագ դպրոցին:  Որպես օրինակ մատնանշում է 6-րդ դասարանցիների համար նախատեսված «Տեխնոլոգիա» առարկայի դասագիրքը.«Գուցե սա շատ որակյալ և խորը գիտելիքներ  բովանդակող դասագիրք է, սակայն նյութը և շարադրանքը  մատչելի չեն 6-րդ դասարանի աշակերտի համար»:

Քարամյանի խոսքով` կա դասագրքերի, դրանց մատուցած գիտելիքների յուրացման խնդիր:  «Հումանիտար և բնագիտամաթեմատիկական  հոսքերի մաթեմատիկայի դասագրքերի միջև տարբերությունը շատ մեծ չէ: Եթե հանրահաշիվը և երկրաչափությունը բնագիտամաթեմատիկական հոսքում ուսումնասիրում են շաբաթական  6-7 ժամ, ապա հումանիտար հոսքում` շաբաթական ուսումնասիրում են 3 ժամ: Ուստի այստեղ գրքերը պետք է բավական թեթևացված լինեն: Հումանիտար հոսքում սովորող աշակերտը մաթեմատիկայով ծանրաբեռնված չպետք է լինի, գրքերի տարբերությունը պետք է ակնառու լինի,- ասում է Քարամյանը:- Ներկայիս դասագրքերում  կրճատվել է խնդիրների, վարժությունների քանակը, բայց որակը, բայց բարդությունը  նույնն է»:

Հոսքային տարբերությունների ոչ ակնառու լինելը բնորոշ է նաև այլ առարկաների դասագրքերին, ինչպես, օրինակ` հայ գրականության, հայոց պատմության և այլն:

Ֆիզիկայի ուսուցիչ Հրայր Սարգսյանի կարծիքով`  դասագրքերը գիտական բարձր մակարդակ ունեն` գրված գիտնականների ձեռքով: Սակայն գիտական բարձր մակարդակ ապահովող դասագրքերը մատչելի չեն աշակերտների  համար. «Անգամ ես դասը մի քանի անգամ եմ կարդում, համադրում  իմ ուսանողական տարիների  գրքերի հետ, որպեսզի դասի ժամանակ մատչելի բացատրեմ թեման»:

Սարգսյանը նշում է նաև, որ  հումանիտար հոսքերում ծրագրային խնդիր կա. այստեղ պարապում են հին ընդհանուր դասագրքով, որը նախատեսված է 4 ժամով ուսուցման համար, մինչդեռ հումանիտար հոսքում ուսուցումը երկու ժամով է: Սարգսյանը ստիպված մի քանի դասի կոնսպեկտ է կազմում և թելադրում, որպեսզի երեխաները սովորեն: «Այլապես օրական մի քանի դաս պետք է հանձնարարեմ, ինչը իրատեսական չէ հումանիտար հոսքում»,- ասում է նա:

Դասագրքերի մատչելիությունից դժգոհում է նաև բնագիտամաթեմատիկական հոսքում սովորող, 10-րդ դասարանցի  Ռուբինա Հայրապետյանը:  Նա նշում է, որ շատ հաճախ դպրոցական դասագրքով չեն սովորում. «Կարդում ենք, կարդում ու բան չենք հասկանում, դրա համար էլ գրքով դաս անելուց խուսափում ենք»: Նա պատմում է, որ հաճախ ուսուցիչներն իրենց մշակումն են տալիս կամ թելադրում, որպեսզի ավելի հեշտ սովորեն.«Օրինակ` քիմիայից մի երկար պարբերությունը, որը կարդում ու ոչինչ չենք հասկանում, ուսուցիչը ձևակերպում է մեկ նախադասությամբ, որն անմիջապես հասկանում ենք»:

Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) մասնագետները, սակայն, նշում են, որ դասագրքերի որակի և մատչելիության մասին դժգոհություններ գրեթե չեն ստանում:

ԿԱԻ հայագիտական և սոցիալ-մշակութային առարկաների բաժնի վարիչ Արամ Նազարյանն ասում է, որ հայագիտական առարկաների դասագրքերում հոսքային տարբերակման խնդիրը լուծված է, գրքերը տարբեր են թե՛ ծավալով, թե՛ բովանդակության խորությամբ: Օրինակ` 11-րդ դասարանում պատմության բնագիտամաթեմատիկական հոսքի դասագրքի ծավալը  240 էջ  է, իսկ հումանիտարինը` 352, տարբեր են նաև ժամանակային ընդգրկումները:  Ըստ Նազարյանի` այն կարծիքը, թե բնագիտամաթեմատիկական հոսքի  պատմության դասագրքերն ավելի բարդ են, պայմանավորված է նրանով, որ այստեղ նյութն ավելի սեղմ է շարադրված: Օրինակ` 10-րդ դասարանում բնագիտամաթեմատիկական հոսքի համաշխարհային պատմության դասագրքում ներկայացված են մինչև XX դարի պատմական անցքերը, մինչդեռ հումանիտար հոսքի դասագիրքը հասնում է մինչև միջին դարեր:  Որոշ թեմաներ միջին դպրոցի համեմատ ավելի խորն  են գրված, սակայն Նազարյանը դա բարդություն չի համարում` նշելով, որ ավագ դպրոցում պատմությունը գրեթե նույն նյութն է մատուցում, ինչ հիմնական դպրոցում:

Նազարյանն ասում է, որ նոր դասագրքերում ներկայացված են նաև թարմ պատմագիտական տվյալներ, որոշ պատմական անցքեր այլ տեսանկյունից են մեկնաբանվում, քան նախկինում, ինչն էլ մասնագետների դժգոհության հիմնական  պատճառ է համարում. «Սովորել են տարիներ շարունակ գերակայած ստերեոտիպերին և նոր մոտեցումները դժվարությամբ են ընդունում: Նոր մոտեցումը և մեկնաբանությունը նախ իրենք պետք է սովորեն, որպեսզի կարողանան նյութը ճիշտ մատուցել աշակերտներին»,- ասում է Նազարյանը` հավելելով, որ այդ խնդիրը լուծվում է վերապատրաստումների միջոցով:

ԿԱԻ բնագիտամաթեմատիկական առարկաների բաժնի վարիչ Սարիբեկ Հակոբյանն ասում է, որ չնայած հումանիտար հոսքի համար բնագիտական առարկաների դասագիրք դեռևս չկա, սակայն ուսուցման համար մշակվել  է հատուկ  ուսումնական ծրագիր-ձեռնարկ, որով էլ պետք է առաջնորդվեն ուսուցիչները: Ի պատասխան այն հարցին, թե ինչպես պետք է չորս ժամի համար նախատեսված դասագիրքը հումանիտար հոսքում ուսումնասիրեն շաբաթական 2 դասաժամով, Հակոբյանն ասում է, որ ողջ գիրքն ուսումնասիրելու կարիք չկա: «Հումանիտար հոսքում բնագիտական առարկաներ ուսումնասիրում են ուղղակի ծանոթացման կարգով, որոշակի բնագիտական կարողություններ, գիտելիքներ ունենալու համար»,- ասում է Հակոբյանը` հավելելով, որ ծրագրում հստակ նշված է, թե որ թեման որ գրքից է պետք դասավանդել, անգամ թեմայի որ մասը պետք է ուսումնասիրեն հումանիտար հոսքում, որը ոչ. գրքի միայն մի մասը պետք է ուսումնասիրեն ուսումնական տարվա ընթացքում:

Անդրադառնալով հանրահաշվի և երկրաչափության դասագրքերին` Հակոբյանն ասում է, որ սրանց  դեպքում հոսքային  տարբերություններն ակնհայտ են:  Մաթեմատիկան հումանիտար հոսքի համար թեթևացված է: «Երկրաչափության դեպքում անգամ թեորեմները չեն ապացուցվում: Հումանիտար և ընդհանուր հոսքերի համար նախատեսված խնդիրներն էլ տարբեր գույներով են նշված, որպեսզի հանկարծ ուսուցիչը սխալմամբ դրանք չհանձնարարի աշակերտին,- ասում է Հակոբյանը:- Գուցե թե հանրահաշվի դեպքում որոշակի բարդություններ կան, մաթանալիզի տարրերը հանված չեն հումանիտար հոսքի ծրագրից»:

Հակոբյանի կարծիքով` գրքերը բարդ կարող են թվալ, եթե  չօգտվեն հոսքային տարանջատումների մասին  հուշող նշումներից, ծրագրից. «Հաջողված գրքեր են և բավական լավ են ընդունվում»:

Դիտվել է 4509 անգամ:
Print Friendly

Leave a Reply