Ինդիրա Գանդի.վարչապետական ցուցադրություն

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | October 19, 2010 8:15

Ջավարհարլալ Ներուն դստեր՝ Ինդիրայի հետ

Ինդիրա Գանդին «Արևելքի առաջին ազատագրված» կինն է, որ զբաղեցնում էր Հնդկաստանի վարչապետի պաշտոնն ու իր ճակատագիրը մանկուց էր որոշել: Տոհմը պարտադրում էր: Հնդկաստանում չկար մի այլ ընտանիք, որն ավելի հարգարժան լիներ: Մի ընտանիք, որի երեք անդամ ղեկավարել են Հնդկաստանը(Ջավարհարլալ Ներու, Ինդիրա Գանդի, Ռաջիվ Գանդի), երկիր՝ որի  Գանդի ազգանունը կրող երեք զավակներն էլ ընկան մոլեռանդ հավատացյալների ձեռքով:

Հնդկաստանում հայտնի երեք Գանդիներից ամենաավագը`  Մոհանդաս Կարամչանդ Գանդին  էր. հնդկական անկախ պետության հիմնադիրն ու  ինքնատիպ փիլիսոփայության՝ գանդիզմի ստեղծողը՝ բարի աչքերով, նիհար,կիսամերկ ու ոտաբոբիկ այդ ճգնավոր ծերուկին անվանում էին Մեծ հոգի: Նա երազում էր այն ժամանակների մասին, երբ իր հայրենիքն անկախություն ձեռք կբերեր առանց զոհերի ու արյուն թափելու: Նրա երազանքն իր իսկ ջանքերով իրականություն դարձավ: 1947-ին մոտ մեկ դար Հնդկաստանի վրա ճոճվող  անգլիական դրոշի փոխարեն երկինք  ձգվեց  հնդկական եռագույն դրոշը` ազգային խորհրդանիշով ` չակրայի անվով:( Տարածված թյուր կարծիքի համաձայն, ավագ Գանդին՝ Մոհանդաս Կարամչանդը  XX դարի Հնդկաստանը ղեկավարող հայտնի ընտանիքի արյունակից բարեկամն էր: Սակայն Գանդի ազգանունը, որ  Հնդկաստանում  շատ տարածված էր, ընդամենը պատահական զուգադիպություն էր):

Հեռանալով զավթիչները նախկին գաղութը բաժանեցին երկու երկրի` մահմեդական Պակիստանի ու հինդուիստական Հնդկաստանի: Երկու երկրներում էլ իսկույն ավերածություններ սկսվեցին. որոնց քննադատների առաջին դիրքում  Մոհանդաս Կարամչանդ Գանդին  էր: Սակայն նրա կոչը լսելի չդարձավ, և 1948-ի հունվարի 30-ին նա ընկավ մարդասպանի ձեռքով: Դաշունահարողը ոչ թե մահմեդական էր, այլ իր հավատակիցը` ծայրահեղական կազմակերպության անդամ:

Եվ այնուամենայնիվ, ինչ-որ կապ կար: Մոհանդաս Գանդիի ընկերն ու գաղափարակիցն  էր  Ջավարհարլալ Ներուն` անկախ Հնդկաստանի առաջին ղեկավարը, ով  դստերը կոչել էր ազատ ու անկախ երկրի`  Ինդիրա անունով: Հոր ընկերոջը` Գանդի ազգանունով,  Ինդիրան ծանոթ էր երկու տարեկանից, երբ չէր էլ կասկածում, որ կգա ժամանակ, երբ ինքը ևս կկրի այդ ազգանունը` ամուսնանալով մեկ այլ Գանդիի հետ: Իսկ 8 տարեկանում  Ինդիրան քաղաքում կազմակերպում է մանուկների տնայնագործ  ջուլհակագործական միավորում: Աղջիկը հաճախ էր ելույթ ունեում իր հասակակիցների առջև. նրան դուր էր գալիս «հոր» դերը խաղալը:

Հեղինակությունների հերթափոխ

Ջավարհարլալ Ներուն և Մահաթմա Գանդին

1934 թ. աղջիկն ընդունվեց ազգային համալսարան, որը հիմնադրել էր հռչակավոր հնդիկ գրող Ռաբինդրանաթ Թագորը: Նրա համար հոգևոր ամենամեծ հեղինակությունը հայրն էր, չնայած վերջինս խրված էր քաղաքականության մեջ, ու հաճախ ընտանեկան տաքուկ պատերը նրա համար փոխարինվում էին բանտի պատերով: Մի հերթական «աքսորի» ժամանակ  Ինդիրա Ներուի մայրը հիվանդացավ, ու երբ նրա վիճակը շատ վատացավ, աղջիկը թողեց ուսումն ու մոր հետ ուղևորվեց Շվեյցարիա: Սակայն ո՛չ ալպիական օդը, ո՛չ տեղական բժշկության լավագույն մասնագետներն այդպես էլ չկարողացան օգնել Քամալե Ներուին:

1936-ին Ինդիրան ընդամենը 19 տարեկան էր ու իրեն չափազանց միայնակ էր զգում: Եվ, ինչպես պատահում է նման իրավիճակներում, հայտնվեց մի երիտասարդ, ում կողքին Ինդիրան կարողանում էր առժամանակ մոռանալ միայնության մասին: Երիտասարդը վաղեմի ծանոթ ընտանիքից էր, իր հոր գաղափարակիցը, որ զարմանալի զուգադիպությամբ կրում էր նույն անզգանունը` Գանդի:  Ֆերոզ Գանդին բարեկիրթ էր, մեղմ, հուսալի ու հոգատար: Ինդիրան  երախտագիտությամբ ընդունեց նրա  օգնությունը: Ֆերոզը խենթի պես սիրահարված էր Ինդիրային, ինչը շատ կարևոր էր 19-ամյա աղջկա համար: Ֆերոզի աջակցությամբ Ինդիրան լցվեց նոր ուժով, նույնիսկ Օքսֆորդի համալսարան ընդունվեց, որտեղ սովորում էր նաև Ֆերոզը: Բնականաբար, նրանք շուտով ամուսնացան:

Նոր էր սկսվել Երկրորդ աշխարհամարտը, ու երիտասարդները որոշեցին վերադառնալ Հնդկաստան Քեյփթաունով: Հենց այստեղ  առաջին անգամ Ինդիրան քաղաքական ճառով ելույթ  է ունենում  հնդկական համայնքի առջև, որը կարծես կանխորոշեց նրա ապագան:

Դրանից հետո իրադարձությունները հերթագայեցին անսովոր արագությամբ: Ամուսիններն ունեցան երկու որդի, իսկ այդ ընթացքում, աշխարհի քաղաքական քարտեզի վրա ծնվեց նոր անկախ պետություն. իրականություն դարձավ երկու ընկերների` Գանդիի ու Ներուի երազանքը` Հնդկաստանն ազատ երկիր էր և այն գլխավորում էր Մահաթմայի համախոհը` Ինդիրայի հայրը: Ներուն կիրթ ու հավատարիմ օգնականների կարիք ուներ, ու շուտով նրա դուստրը համատեղեց անձնական խորհրդականի ու մամլո քարտուղարի  պարտականությունները:

Կինն ընդդեմ

Սկզբում ամուսինն ընդդիմանում էր կնոջ` քաղաքականությամբ զբաղվելու որոշմանը, սակայն շուտով հասկացավ, որ տարհամոզելն ապարդյուն է: Նա հիշեցնում էր անկասելի հրաբուխ. ոչինչ նրան չէր  կանգնեցնում: Նա գլխովին խրվել էր քաղաքականության մեջ ու մոռացել ամեն ինչ՝ նույնիսկ ամուսնուն ու ընտանիքը: Երկու որդի ունենալով` կարծես համարեց, որ իր մայրական պարտականությունները կատարել է, ու այլ պարտականություններ, հայրենիքից  բացի, չունի:

1960-ին  հոր խնդրանքով կատարած ուղևորության ժամանակ տեղեկանում է, որ ամուսինը սրտի նոպայով տեղափոխվել է հիվանդանոց: Նրա համար դժվարին օրեր էին սկսվել: Բժիշկները ոչինչ չէին խոստանում: Ինդիրան գիշերը ամուսնու մահճի մոտ  լուսացրեց, իսկ առավոտյան  ամուսինը մահացավ:

Նոր ցնցումը սկսնակ քաղաքական գործչին կարծես հունից հանեց, սակայն նա աստիճանաբար հաղթահարեց վիշտը և արդեն մի քանի ամիս անց վերադարձավ աշխատանքի: Իսկ չորս տարի անց մահացավ հայրը, և Ինդիրան մնաց մեն-մենակ դաժան ու սենտիմենտներից զուրկ  քաղաքական աշխարհի առջև:

Սակայն  հարազատների կորուստը միայն կոփեց նրան: Հոր մահից երկու տարի անց Ինդիրան, հոր կուսակցությունը ղեկավարելով, հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրություններում: Նա կնոջը հատուկ իմաստնությամբ դաս տվեց տղամարդ քաղաքական գործիչներին: Հնդկական սահմանադրության համաձայն` ընտրություններում հաղթանակած կուսակցությունը կարող էր իր թեկնածուին նշանակել երկրի վարչապետ: Բնազդը թե նուրբ հաշվարկը Ինդիրային հուշեց, որ շտապողականությունն ավելորդ է, նա գիտեր` բավական է  վարչապետի աթոռին նստի, ընդդիմությունը չի հապաղի  նոր կառավարությանը մեղադրել կլանայնության մեջ: Ուստի քվեարկեց մեկ ուրիշ քաղաքական գործչի օգտին, ով Ներուի հավատարիմ համախոհն էր, թույլ անհատականություն և մանավանդ տարիքն առած  մի մարդ. հենց այդ գործոնն էր որոշիչը:

Շուտով այդ վարչապետը մահացավ, իսկ մինչ այդ Գանդին ամրապնդեց իր դիրքերը կուսակցության  ու հասարակության մեջ: Եվ 1966-ին հնդիկ ժողովուրդը ողջունեց իր պետության նոր ղեկավարին`  Ներուի  48-ամյա դստերը, որ կրում էր Գանդի ազգանունը: Նրա հմայիչ ժպիտի տակ թաքնված էր  խիստ խառնվածք. նա ոչ ոքի թույլ չէր տալիս թուլանալ:

Հրե խառնարան

Պաշտոնավարությունը ձգվեց վարչապետական ամբողջ երեք ժամկետ՝ 12 տարի, որը անամպ համարել չի լինի: Եվ, վերջապես, 1977-ին նրա կուսակցությունն առաջին անգամ պարտություն կրեց: Դժվարությունների առջև Ինդիրան անկոտրում էր: Նա կարողացավ ուժ գտնել ու նոր կուսակցություն ստեղծեց`  հաջորդ ընտրություններին ռևանշ վերցնելով: Եվ պետության ղեկն այլևս ձեռքից բաց չթողեց մինչև մահ:

Ինդիրայի ողբերգական մահից հետո ժողովուրդը «Արևելքի ազատագրված կնոջ», կերպարն առասպելով հյուսեց, իսկ իրականում Գանդիին մեղադրում էին կոռուպցիայի, ավտորիտարիզմի մեջ, և հանուն ճշմարտության պետք է նշել, որ մեղադրանքներն անհիմն չէին:

Կին վարչապետին սպանեցին ոչ թե օտարերկրյա գործակալները, այլ նրա հայրենակից հնդիկները: Ավելին, նրա իսկ թիկնապահները՝  կրոնական ծայրահեղական կուսակցության անդամները, որոնց խնդիրն էր Փենջաբ գավառի առանձնացումը: Մահափորձից կես տարի առաջ Ինդիրա Գանդին հրամայեց գրոհել սիկհերի գլխավոր սրբատեղիի՝ Ոսկե տաճարի ու Ամրիտրանսի վրա: Գրոհի ժամանակ սպանվեց մոտ հազար  մարդ, ներառյալ կրոնական համայնքի ղեկավարները: Ճշմարիտ որոշում էր, թե ոչ, մինչ օրս պատմաբաններն ու քաղաքագետները քննարկում  են: Սակայն  մի բան պարզ էր, որ էթնիկ ու կրոնական այդ  պայթյունավտանգ խառնարանում, ինչպիսին էր անկախ Հնդկաստանը,  ցանկացած սրբարանի զինված գրավումը, որ առանց զոհերի չէր ընթանում, միաժամանակ նաև հրաման արձակողի մահվան դատավճիռն էր ազդարարում: Ինդիրան հիանալի գիտակցում էր դա ու սպասում… Միևնույն է, հոկտեմբերի 31-ին, անգլիացի հայտնի գրող, դրամատուրգ ու դերասան Պիտեր Ուստինովի հետ հեռուստահարցազրույցին նախապատրաստվելով, նա  վարվեց իսկական կնոջ նման. հրաժարվեց պաշտպանական բաճկոնից` համարելով, որ այն գիրացնում է իրեն, ընտրեց իր երկրի դրոշի գույնը խորհրդանշող  հագուստ՝ կարծելով, որ այն ազդեցիկ կնայվի հեռուստաէկրանին:

Դուրս գալով թիկնապահների մոտ, նա հասցրեց միայն  ժպտալ նրանց, ու ատրճանակից արձակվեց երեք գնդակ, որին հետևեց  ինքնաձիգի կրակահերթը: Նկարահանող խմբի անդամներից մեկը հիշում է.«Լսվեցին կրակոցներ. հասկանալի էր, որ  դրանք ուղղված էին վարչապետին:  Երևում էր, որ մարդասպանները ծրագրել էին խնդիրը կատարել 100 տոկոսով: Նրանք հույսի նշույլ անգամ չթողեցին…»:

Անկեղծ հարց

Մոր մահից հետո «ճակատագարական արահետ» ոտք դրեց Ինդիրայի ավագ որդին՝ Ռաջիվը: Մինչ 1981 թ. քաղաքական կարիերայի մասին նա չէր մտածում, մինչ այն  պահը, երբ չպարզաբանված պայմաններում ավիավթարից զոհվեց նրա կրտսեր եղբայրը՝ Սանջավը: Վերջինս  մոր ցանկությամբ գործը շարունակողն էր լինելու, սակայն նրա ողբերգական  մահից հետո Ինդիրան դիմեց Ռաջիվին  պետական գործերում իրեն օգնելու խնդրանքով: Մինչ այդ 36-ամյա Ռաջիվը հասցրել էր ավարտել Քեմբրիջի համալսարանը, որտեղ ծանոթացել էր իր ապագա կնոջ՝ իտալուհի Սոնյա Մաինոյի հետ ու աշխատում էր տրանսպորտային ավիաընկերությունում որպես օդաչու:

Մոր մահից հետո նրա գործը շարունակելը որդու համար պատվի խնդիր էր: Նախ կուսակցության գլուխ անցավ, ապա դարձավ վարչապետ:

Երրորդ Գանդիի ղեկավարությունը նշանավորեց երկրում տեխնիկական արդիականացման սկիզբը: Չնայած Ռաջիվը  դարավոր ավանդույթների ջատագով էր, երազում էր իր երկիրը տեսնել զարգացող երկրների շարքում: Գուցե   նա  շատ բան էր ուզում ու շատ կարճ ժամանակահատվածում, և գուցե դա էր պատճառը, որ Ռաջիվ Գանդիի հակառակորդներն ավելի շատ էին, քան համակիրները: Այդուհանդերձ,նույնիսկ Հնդկաստանում  սրբություն համարվող Գանդի ազգանունը չփրկեց նրան…

1989-ին նա ընտրություններում պարտվեց ու հրաժեշտ տվեց կուսակցության առաջնորդի ու երկրի վարչապետի  պաշտոններին: Այնուամենայնիվ, հանձնվել չէր կամենում ու երեք տարի անց նոր արշավ սկսեց՝ հուսալով կրկին իշխանության գլուխ անցնել:

Ձեռնարկն այդպես էլ ավարտին չհասավ. 1991-ին երկրի հարավ կատարած ուղևորության ժամանակ ահաբեկիչների պայթուցիչը կտրեց երրորդ Գանդի քաղաքական գործչի կյանքի թելը: Դրանից հետո բոլորի ուշադրությունը սևեռվեց Գանդիի այրուն. Սոնյան իր ամուսնու քաղաքական կարիերային դեմ էր, սակայն  սկեսուրի կենդանության օրոք չէր կարողանում հակադրվել: Եվ միայն նրա մահից հետո կարողացավ ձայն բարձրացնել ու հորդորել ամուսուն  հետ կանգնել, կարծես կանխագուշակում էր նրա վախճանը: Սակայն Ռաջիվն անդրդվելի էր:  Ամուսնու ողբերգական մահից հետո, Սոնյան, ի զարմանս բոլորի՝ իսկական սողոմոնյան վճիռ կայացրեց.  նա անցավ Գանդի-Ներու կուսակցության գլուխ և մոտալուտ ընտրություններում հաղթեց, ապա նույնքան անսպասելի էլ հրաժարվեց վարչապետական աթոռից: Գուցե սկեսուրն ու ամուսինը մեղադրեին նրան այդ որոշման համար, սակայն, անտարակույս կողջուներ հանրահռչակ ազգանվանակիցը, նա,  ով դարձավ Հնդկաստանի հոգևոր առաջնորդ և  պայքարեց երկրի անկախության համար՝ այդպես էլ պետական պաշտոն չզբաղեցնելով:

«Նրանք խենթացրին աշխարհը» ժողովածուից

Դիտվել է 3301 անգամ:
Print Friendly

Leave a Reply