Լրանում է Կարսի պայմանագրի 89-րդ տարին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | October 16, 2010 0:57

Իսկ ամեն ինչ սկսվեց Մոսկվայի չարաբաստիկ պայմանագրից

Այսօր շատ է խոսվում հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության, մշակութային, քաղաքական շփումների և շատ այլ իրողությունների մասին: Իսկապես, հայ և ռուս ժողովուրդների այդ բազմաշերտ շփումը դարերի խորքերից է գալիս, բայց արդյոք այդ հարաբերությունները միշտ բարեկամակա՞ն են եղել կամ, ավելի ճիշտ կլինի ասել` երկկողմանի՞ բարեկամական են եղել: Դեռ մ.թ.ա. առաջին դարից մեր քաղաքական իրականության մեջ ձևավորված արևելքարևմուտք ցավալի և իրարամերժ դիրքորոշումներն ինչքանո՞վ էին շահեկան հայության համար, մանավանդ երբ արևելք ասածը տվյալ պարագայում ներկայացնում էր Ռուսաստանը: Այսօր, երբ լրանում է Կարսի պայմանագրի ստորագրման 89-րդ տարեդարձը, կարծում եմ, տեղին է մեկ անգամ ևս այդ մասին խորհելը: Ինչքանո՞վ է նպատակահարմար պետական, ռազմական ու քաղաքական ողջ ներուժով ռուսական կառքին լծվելը: Չէ՞ որ պատմությունը մեզ պարզ դասեր է տալիս` շեշտելով դրա վտանգավորությունն ու կործանարար հետևանքները: Մի՞թե այսօր երաշխիք ունենք, որ «եղբայրական ռուս մեծ ժողովուրդը» և Կրեմլը հերթական անգամ չեն դավաճանի և աճուրդի չեն հանի «եղբայրական հայ ժողովրդին» ու նրա շահերը:

Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարությունը և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը, բաժանելով ազգերի եղբայրության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները, նշելով իրենց միջև գոյություն ունեցող համերաշխությունը իմպերիալիզմի դեմ մղվող պայքարում, ինչպես նաև այն իրողությունը, որ երկու ժողովուրդներից մեկի համար ստեղծված ամեն տեսակ դժվարությունները վատթարացնում են մյուսի դրությունը, և ամբողջովին խանդավառված միմյանց միջև մշտական սրտագին փոխհարաբերություններ և երկու կողմերի փոխադարձ շահերի վրա հիմնված անխզելի բարեկամություն հաստատելու ցանկությամբ, որոշեցին կնքել բարեկամության և եղբայրության պայմանագիր:  (մեջբերում 1920 թ. Մոսկվայի պայմանագրից)

Բայց սկսենք սկզբից:

1813 թ. Գյուլիստանի պայմանագրով (որի տարեդարձը լրանում է հոկտեմբերի 12-ին), Ռուսաստանը գրավեց Արևելյան Հայաստանը: Դրանից հետո Ռուսաստանն իր ծավալուն քաղաքականությամբ բազմիցս պատերազմի մեջ մտավ Թուրքիայի դեմ` ամրապնդելու համար իր դիրքերը Կովկասում և Բալկաններում: Այդ պատերազմների արդյունքում Հայաստանը և հայ ժողովուրդը լծվեց ռուսական ռազմական կառքին և, փաստորեն, լքվեց հյուսիսային մեծ հարևանի կողմից ու քավության նոխազ դարձավ Թուրքիայի համար:

1828-1829 թթ. Ռուս-թուրքական պատերազմի ընթացքում ռուսական բանակն ազատագրում է Արևմտյան Հայաստանի մի զգալի հատվածը, սակայն հետագայում այն կրկին հանձնում է Թուրքիային:

1853 թ. Ղրիմի պատերազմում ռուսական բանակը մեծ հաջողությունների է հասնում Կովկասի ճակատում, բայց պարտություն կրելով արևմուտքում` զիջում է իր նվաճումները Կովկասում, և հայ ժողովուրդը միայնակ մնում է դեմ  դիմաց Թուրքիայի առջև` դառնալով պետական դավաճան տարր:

Հոդված 1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը սկզբունքորեն համաձայնվում է չճանաչել ոչ մի հաշտության պայմանագիր կամ միջազգային որևէ այլ ակտ, եթե Պայմանավորվող կողմերից մյուսին ուժով են հարկադրում ընդունել այդպիսիք: Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարությունը համաձայնվում է չճանաչել Թուրքիային վերաբերող և այսօր Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ներկայացնող նրա ազգային կառավարության կողմից չճանաչված որևէ միջազգային ակտ:  (մեջբերում 1920 թ. Մոսկվայի պայմանագրից)

1878 թ. Ռուս- թուրքական պատերազմից հետո ռուսական բանակը փայլուն հաջողությունների է հասնում Կովկասյան և Բալկանյան ճակատներում, և Ադրիանապոլսի պայմանագրով ամրագրում է իր նվաճումները: Սակայն Բեռլինի վեհաժողովում Ռուսաստանը հրաժարվում է իր նվաճումների մի մասից և, որպես կանոն, զիջումների է գնում բացառապես հայկական տարածքների հաշվին: Հայ ժողովուրդը, որ դարձյալ լծվել էր ռուսական ռազմական կառքին, դարձյալ հայտնվում է լքյալ վիճակում և մեն-մենակ մնում Թուրքիայի դեմ հանդիման: Դարձյալ եղբայրական ռուս ժողովուրդը լքեց մեզ:

Թուրքիա հասկացության տակ սույն պայմանագրում հասկացվում են այն տերիտորիաները, որոնք մտցված են 1920  թվականի հունվարի 28-ի թուրքական Ազգային ուխտի մեջ, որը Կ. Պոլսում մշակել և հռչակել է օսմանյան դեպուտատների Պալատը և հաղորդել է մամուլին ու բոլոր պետություններին:

Թուրքիայի հյուսիսարևելյան սահմանը որոշվում է այն գծով, որը, սկսվելով Սև ծովի ափին գտնվող Սարպ գյուղից, անցնում է Խեդիսմթա սարի վրայով, հետո առաջանում է Շավշետ սարի և Կաննի-դաղ սարի ջրբաժան գծի ուղղությամբ, այնուհետև շարժվում է Արդահանի և Կարսի սանջակների հյուսիսային վարչական սահմանագծի երկարությամբ` Արփաչայ և Արաքս գետերի հնահունով` մինչև Ստորին Կարսուի գետաբերանը (սահմանագծի մանրամասն նկարագրությունը և դրան վերաբերող հարցերը պարզաբանված են 1(A)  և 1(B) հավելվածներում և երկու Պայմանավորվող տերությունների կողմից ստորագրված առդրվող քարտեզի վրա): (մեջբերում 1920 թ. Մոսկվայի պայմանագրից)

Առաջին համաշխարհային պատերազմ. Ռուսական բանակը հայ աշխարհազորայինների աջակցությամբ շռնդալից հաջողությունների է հասնում Կովկասյան ճակատում, բայց, դարձյալ… Ռուսաստանին պետք էր Հայաստանն առանց հայերի, և ռուսական կառավարությունը ոչ միայն գործուն ոչինչ չարեց ցեղասպանությունը կանխելու, այլև իր վարած քաղաքականությամբ շատ բանով ջուր լցրեց երիտթուրքերի ջրաղացին (Վանի անհասկանալի նահանջ, հայդուկային խմբերի ջարդ, հայոց դպրոցների փակում…):

Հոդված 2. Թուրքիան համաձայնվում է Վրաստանին զիջել Բաթում նավահանգստի ու քաղաքի և սույն Պայմանագրի առաջին հոդվածում նշված բաղադրիչ մասը կազմող տերիտորիայի սյուզերենությունը, պայմանով, որ

1) սույն հոդվածում նշված վայրերի բնակչությունը վարչական առումով կօգտվի լայն ինքնավարությամբ, որը յուրաքանչյուր համայնքին կապահովի կուլտուրական և կրոնական իրավունքներով, և բնակչությունը հնարավորություն կունենա սահմանելու իր ցանկություններին համապատասխանող հողային օրենք:

2) Թուրքիային կտրվի Բաթում նավահանգստի վրայով Թուրքիա կամ այնտեղից ուղարկվող ամեն տեսակ ապրանքների անմաքս, ազատ տրանզիտի իրավունք, տեղի չեն ունենա խափանումներ, ապրանքների վրա չի դրվի ոչ մի տեսակ տուրք: Թուրքիային կտրվի Բաթում նավահանգստից օգտվելու իրավունք, և դրա համար նրանից չեն գանձվի հատուկ տուրքեր:  (մեջբերում 1920 թ. Մոսկվայի պայմանագրից:)

1920 թ. Հայաստանի Հանրապետության դեմ թշնամական հարաբերություններ, հայ-թուրքական պատերազմի ժամանակ Թուրքիային հասցեագրված ուղղակի օգնություն, Հայաստանի նվաճում և մասնատում, Սևրի պայմանագրի վիժեցում…

Հոդված 3. Երկու Պայմանավորվող կողմերը համաձայն են, որ Նախիջևանի մարզը` սույն Պայմանագրի 1-ին (C) հավելվածում նշված սահմաններում կազմի ինքնավար տերիտորիա` Ադրբեջանի խնամակալության ներքո, պայմանով, որ Ադրբեջանը սույն խնամակալությունը չի զիջի մի երրորդ պետության:

Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակներից կազմված հանձնաժողովը կշտկի Նախիջևանի տերիտորիայի եռանկյունի կազմող գոտու` արևելքում Արաքսի հնահունի և արևմուտքում Դաղնա (3829) – Վելի-դաղ (4121) – Բագարզիք (6587) – Քյորմուրլու-դաղ (6930) լեռների վրայով անցնող գծի միջև պարփակված տերիտորիայի սահմանագիծը, որն սկսվում է Քյորմուրլու-դաղ (6930) սարից, հետո անցնում է Սերայ Բուլաք սարի վրայով դեպի Արարատ կայարանը և վերջանում է Քարասուի և Արաքսի տրամախաչման տեղում: (մեջբերում 1920 թ. Մոսկվայի պայմանագրից)

1921 թ. Կովբյուրոյի որոշմամբ Արցախը հանձնվեց Ադրբեջանին:

Երկրորդ համաշխարհային պատերազմ. Հայ ժողովուրդը Խորհրդային Միության մյուս ժողովուրդների նման լծվեց պատերազմին, հարյուրհազարավոր զոհեր տվեց, ու թվում էր, թե եկել է Հայկական հարցի լուծման ամենապատեհ ժամանակը, բայց, Կրեմլի կառավարությունը, հավատարիմ մնալով ռուս-թուրքական հիրավի բարեկամությանը, հապաղեց, ավելի ճիշտ` ուղղակի չցանկացավ հագուրդ տալ հայ ժողովրդի երազանքներին, երբ պահն իսկապես պատեհ էր, ու կարծես խանգարող լուրջ խոչընդոտներ չկային:

Հոդված 6. Պայմանավորվող երկու կողմերն ընդունում են, որ ցայժմ երկու երկրների միջև կնքված բոլոր պայմանագրերը չեն համապատասխանում փոխադարձ շահերին: Ուստի նրանք համաձայնվում են այդ պայմանագրերը համարել վերացված և ուժը կորցրած:

Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարությունը հայտարարում է, մասնավորապես, որ ինքը Թուրքիային համարում է ազատ առաջներում Թուրքիայի և ցարական կառավարության միջև կնքված միջազգային ակտերի վրա հիմնված դրամական կամ որևէ այլ պարտավորություններից:

Հոդված 7. Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարությունը, կապիտուլյացիաների ռեժիմը համարելով անհամատեղելի յուրաքանչյուր երկրի ազգային ազատ զարգացման, ինչպես նաև նրա սուվերեն իրավունքների լրիվ իրագործման հետ, գտնում է, որ կորցրել են իրենց ուժը և վերացվել են այդ ռեժիմին  որևէ առնչություն ունեցող բոլոր գործողություններն ու իրավունքները:

Հոդված 8.  Պայմանավորվող երկու կողմերը պարտավորվում են իրենց տերիտորիաներում արգելել այնպիսի կազմակերպությունների և խմբերի առաջացումն ու գոյությունը, որոնք ունեն մյուս երկրի կամ նրա տերիտորիայի մի մասի կառավարության դերը ստանձնելու հավակնություն, ինչպես նաև պարտավորվում է իր տերիտորիայում արգելել այնպիսի խմբերի գոյությունը, որոնց նպատակն է պայքարը մյուս երկրի դեմ: Ռուսաստանն ու Թուրքիան փոխադարձության պայմանով ստանձնում են նույնպիսի պարտավորություն նաև Կովկասի Սովետական Հանրապետությունների վերաբերմամբ:

Համարվում է որոշված, որ սույն հոդվածում հիշատակված թուրքական տերիտորիայի տակ հասկացվում է այն տերիտորիան, որը գտնվում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության զինվորական և քաղաքացիական անմիջական կառավարման ներքո: (մեջբերում 1920 թ. Մոսկվայի պայմանագրից)

1988-1990 թթ. Խորհրդային կառավարության (իմա` Ռուսաստանի) վարած քաղաքականությունը, մեղմ ասած, բարենպաստ չէր Հայաստանի և հայ ժողովրդի համար:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 2591 անգամ:
Print Friendly

Leave a Reply