Ցուցահանդես.«Խորհրդավոր ծերունու տված դասը»

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 15, 2010 14:56

«Գրաֆիկան լուրջ ասպարեզ է, որտեղ անհրաժեշտ է նուրբ, ինտելեկտուալ մոտեցում»,- այսպիսի խոսքերով ցուցահանդեսը բացեց արվեստաբան Զառա Մալոյանը:

Նարեկացի արվեստի կենտրոնում Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտներ Արևիկ Գրիգորյանը և Ալիսա Մալոյանը ներկայացրին իրենց գրաֆիկական աշխատանքները:

Էկսպոզիցիային Արևիկ Գրիգորյանը ցուցադրեց «Չինական հեքիաթներ» գրաֆիկական շարքը: Չինական մշակույթը միշտ էլ հեքաքրքրություն է ներկայացնում իր ամբողջականությամբ, ներդաշնակությամբ, խորաթափանցությամբ և խաղաղությամբ: Դժվար թե գոնե մեկ անգամ դրան բախված մարդը կարողանա անտարբեր մնալ և չսիրել այն: Համենայն դեպս Արևիկ Գրիգորյանի աշխատանքները ձեզ դրանում կօգնեն` ավելի հաղորդակից դարձնելով չինական մտածողությանը:

Արևիկն ընտրել է մի քանի հեղինակների բավականին հետաքրքիր հեքիաթներ: Նկարազարդումները արված են մատիտով և լինոգրաֆիայի տեխնիկայով, ինչն ավելի ռիտմիկ և դինամիկ է դարձնում գրաֆիկանան էջերը: Հեքիաթների ամենաառնցքային պահերը արված են մատիտով, իսկ մեկ ու մեջ լուսանցքազարդերի նման հայտնվում են փոքրիկ լինոգրաֆիաներ, որոնք անպայման ժպիտ կառաջացնեն ձեր դեմքին:

Ալիս Մալոյանը իր աշխատանքների համար ընտրել էր չորս տարբեր թեմաներ. «Կյանքի քարը» կոմիքսների շարք, Հովհանեսս Թումանյանի «Մի կաթիլ մեղր» և «Շունն ու կատուն» հեքիաթները, «Իմ քաղաքը» գրաֆիկական շարքը և «Հին քաղաքի հողմացույցերը»: Աշխատանքների համար ընտրել է հիմնականում գրիչը և գունավոր մատիտներ: Նյութերի և թեմաների բազմազանությունը պատահական չէ: Ալիսան, օրինակ, շատ է սիրում աշխատել գրիչով:  Ինչպես ինքը նշեց գրիչով նկարելիս հատկապես ուշադիր և զգույշ պետք է լինել, քանի որ ամեն սխալ գիծ անհնար է ջնջել և ստիպված ես սովորել սեփական սխալների վրա: Միշտ արդիական ու սիրված են Թումանյանի հեքիաթները, որոնց անդրադարձել է հեղինակը` փորձելով ավելի նորովի, ռետրո ոճով ներկայացնել: Շատ ինքնատիպ և հետաքրքրաշարժ էր «Իմ քաղաքը» շարքի մտահղացումը: Պատկերված է ոչ միայն քաղաք, այլև այն քաղաքը, որը հեղինակը կուզեր տեսնել: Դա երևակայական, դիցաբանական քաղաք է, որտեղ արտասովորը, դիցաբանականը միահյուսված է ժամանակակից քաղաքի առօրյային:

Դեռ անվերջ կարելի է խոսել ցուցահանդեսի մասին, սակայն մոտակա երկու շաբաթների ընթացքում կարող եք ինքներդ այցելել ցուցահանդեսըև ավելին բացահայտեք ձեզ համար:

Հովհաննիսյան Սոնա

Դիտվել է 1277 անգամ:
Print Friendly

Leave a Reply