Արծվաբերդ գյուղում աղվեսները 4 օրում 80 հավ են կերել

Օրվա լուր | | July 16, 2009 18:39

fox-7594Արդեն 4 օր է` Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղը դարձել է աղվեսների գիշերային զբոսավայր: Գիշերը` ժամը 4-5-ի կողմերում, աղվեսների խումբը հարձակվում է հավաբների վրա և ամբողջովին  տակնուվրա անում:

4օրվա ընթացքում մոտ 80 հավ են կերել: Իսկ գյուղում ընդհանուր մոտ 2500 հավ են պահում:

«Գիշերը քնած էինք, մեկ էլ որձակները (աքաղաղ) ձենները գլուխները գցեցին, դուրս եկանք, տեսանք աղվեսները հարձակվել, ուտում են հավերին,-պատմում է արծվաբերդցի Ալեքսան Չոբանյանը,-Ընկանք հետևներից, ձեռքի տակ եղած զենքով օդ կրակեցինք, բայց հաջորդ գիշեր նորից  հայտնվեցին»:

Գյուղացիներից ոմանք ասում են, որ մի երկու աղվես են սպանել, որ մնացածներին դաս լինի, բայց «հավի համն արդեն բերաններն է ընկել»:

84-ամյա Աստղիկ տատն ասում է, որ երկու օր առաջ գիշերը տան կտուրից ձայներ է լսել, վախից կուչ է եկել, սպասել լուսանա, որ իմանա` ինչ է պատահել:«Բոլոր 7 հավերիս կերել էին էտ անտեր աղվեսները»:

Գյուղապետ Վոլոդիա Ուզունյանը ևս մտահոգված է հավերի սպանդով, բայց խստիվ արգելել է գյուղացիներին կրակել աղվեսներին, ասում է`կենդանական աշխարհն ափսոս է: Նա խոստացել է լուծել հարցն այլ ճանապարհով:

«Պետք ա սպասենք, տենանք մնացածների հավերը ո՞նց են ուտում, դե իհարկե պիտի կրակենք, թե չէ ինչքան սպասենք, հո աղվեսները գյուղապետի հետ համաձայնության չեն գալու»,-ասում է 12 հավ կորցրած Ալեքսան Չոբանյանը:

Աղվեսների նման հարձակում գյուղացիները չեն հիշում. մինչ այս գայլերն էին հարձարկվում  ոչխարների վրա:

Դիտվել է 2309 անգամ:
Print Friendly

Leave a Reply