ՀՅԴ. «Հայաստանի արտաքին քաղաքականությունը շեղվել է Ազգային անվտանգության ռազմավարության հիմնարար դրույթներից»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 16, 2009 17:59

ՀՅԴ Գերագույն մարմինը ԼՂ հիմնախնդրի կարգավորման առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ և նամակներ է հղել ՀՀ-ում ԱՄՆ, Ռուսաստանի, Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպաններին` իր մտահոգությունն արտահայտելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ:

«Արցախի հարցում ինչ-ինչ արագացված լուծումներ պարտադրելու` համանախագահող երկրների փորձը վտանգում է մեր ազգային-պետական շահերը»,- ասված է հայտարարության մեջ:

Դաշնակցականները համոզված են, որ այս զիջումները կվտանգեն Հայաստանի, ԼՂՀ-ի և հայ ժողովրդի անվտանգությունը, կմեծացնեն ադրբեջանական նոր ագրեսիայի հնարավորությունը և կվնասեն այս հակամարտության իրական կողմերի կարողությանը` հասնելու իսկապես երկարատև և կայուն խաղաղության:

«Հայաստանի արտաքին քաղաքականությունը շեղվել է Ազգային անվտանգության ռազմավարության և Ռազմական դոկտրինի հիմնարար դրույթներից: Իբրև հետևանք չի գործնականացվում Հայաստանի Հանրապետության` որպես ԼՂՀ ժողովրդի անվտանգության և նրա ընտրած զարգացման ուղու երաշխավորն ու աջակիցը լինելու առանցքային դրույթը, շարունակում է խոչընդոտվել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, չկա համարժեք պայքար թուրք-ադրբեջանական հետևողական հակահայկական գործողությունների դեմ, ներքին ու արտաքին քարոզչության մեջ ՀՀ արտգործնախարարության գործունեությունը մնում է խիստ անբավարար».- ասված է ՀՅԴ-ի տարածած հայտարարության մեջ:

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանն այսօր հայտարարել է, որ նախապես ծրագրված բողոքի ցույցները ՀՀ արտգործանախարարության շենքի, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահ և տարբեր երկրներում այդ պետությունների դեսպանատների մոտ տեղի չեն ունենա` Թեհրան-Երևան ինքնաթիռի կործանման հետևանքով հուլիսի 16-ը Հայաստանում սգո օր հայտարարելու պատճառով: Ցույցների փոխարեն կանցկացվեն բողոքի այլ ակցիաներ:

Դիտվել է 1557 անգամ:
Print Friendly

Leave a Reply