Երբ ֆուտբոլը նաև մեծ քաղաքականություն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 15, 2010 12:31

Բոլորին է հայտնի, որ ֆուտբոլը շատ ավելին է, քան սպորտը, այն նաև քաղաքականություն է և կարող է շատ հարցերում ներազդել: Մարզասերները տեղյակ են, որ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի շրջանակում (A խումբ) Ադրբեջանի հավաքականը Բաքվում 1:0 հաշվով առավելության էր հասել Թուրքիայի ընտրանու նկատմամբ: Եվ ահա , այս իրադարձությունը հարազատ երկու երկրների ներկայացուցիչների միջև կարող սառնություն է առաջացրել: Թուրքերը վստահ էին, որ այդ ստուգատեսում ոչ մի բանի չհավակնող Ադրբեջանի հավաքականը պարզապես կպարտվի և 3 միավոր կնվիրի  լուրջ հավակնություններ ունեցող Թուրքիայի ընտրանուն: Սակայն անսպասելին էր կատարվել: Մինչև այդ մրցաշարում միայն պարտություններ կրած ադրբեջանցիներն այս մրցաշարում առաջին հաղթանակն էին տարել: Թերևս, այդ է պատճառը, որ թուրքերը որոշել են Ստամբուլի օդանավակայանում յուրովի վրեժը լուծել ադրբեջանական «Խազար» թիմի 6 ֆուտբոլիստներից և նրանց չեն թույլատրել  նստել ինքնաթիռ: Պարզաբանումն այն է եղել, որ խաղացողներն ուշացել են գրանցումից: Մինչդեռ, մյուս ուղևորների համար գրանցումը շարունակվել է: Երբ զարմացած ֆուտբոլիստները հետաքրքրվել են, թե ինչու են իրենց  հետ այդպես վարվում, թուրքերը պատասխանել են, որ Ադրբեջանի հավաքականը չպետք է հաղթեր այդ խաղում: Այնպես որ, «Խազար» թիմի ֆուտբոլիստները ստիպված են եղել սպասել հաջորդ չվերթին և լրացուցիչ փողեր են ծախսել Ադրբեջան վերադառնալու համար:

Թե ինչ տվեց Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլային դիվանագիտությունը, հայտնի է: Իսկ այժմ մեր երկրին այս առումով նոր փորձություն է սպասում: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում 2011-ի մարտի 26-ին հյուրընկալելու է Ռուսաստանի հավաքականին (B խումբ): Ինչպես հայտնի է, Ռուսաստանն էլ մեր երկրի ռազմավարական դաշնակիցն է, և այդ երկրի ներկայացուցիչներին հաղթանակ է պետք: Ի՞նչ իրավիճակ կառաջանա հետո, եթե մերոնք այդ խաղում առավելության հասնեն մրցակցի նկատմամբ, դժվար է ասել:

Դիտվել է 1758 անգամ:
Print Friendly

Leave a Reply