Հանգած փեթակ հիշեցնող Այգեստանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | October 17, 2010 11:09

Վերջին շրջանում ադրբեջանական հրոսակների բազմաթիվ ոտնձգությունների պատճառով լրատվամիջոցների, հասարակայնության ուշադրության կենտրոնում էր հայտնվել Մարտակերտի շրջանի Այգեստան  (Չայլու) գյուղը: Չայլուի դեպքերը, իրադարձությունների  մասին պատմող  լուրերը հասան անգամ Արցախի հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող զբաղվող առաքելություններին ու Եվրախորհրդին, բայց ինչպես միշտ, այս անգամ էլ թացը չորի հետ խառնվեց ու հավասարության նշան դրվեց: Բայց այդ մասին չէ որ ուզում եմ խոսել: Իմ մտահոգությունն այլ է:  Ինչո՞ւ Չայլու, երբ դեռևս շարժումից առաջ գյուղն ազատվել էր իր մահմեդական անունից ու դարձել Այգեստան, իսկ մեր պաշտոնական լրատվությունը շարունակ` Չայլու  է վկայակոչում:

1992 թ. հունիսի 16-ը մռայլ օր էր, երբ Այգեստան գյուղի բնակիչները թողեցին իրենց տները: Մահաբեր խորշակը ցիրուցան արեց նաև այգեստանցիներին, ու նրանք էլ դարձան բնավեր: Երկարատև ռմբակոծություններից, հրետակոծություններից երեխաներին զերծ պահելու համար դեռևս մեկ շաբաթ առաջ էին նրանց հարևան լեռնային Տոնաշեն տեղափոխել:

– Վերջապես արդարությունը հաղթանակեց, արվեց ամեն հնարավորը, որ մեր հողը, հուշարձանները, մեր պապերի, հայրերի շիրիմները թշնամու ձեռքը չընկնեն:  Արցախն ազատագրվեց գերությունից: Ցավոք սրտի, չկարողացանք գերությունից ազատագրել նաև մեր  գյուղը` Այգեստանը,- ինչի հետ մինչև օրս անհաշտ է շուրջ երկու տասնամյակ  գյուղը ղեկավարած  Ռաֆիկ Մելքումյանը, որի հետ տարիներ առաջ  հանդիպեցի Բերձորում (ի դեպ, այստեղ  շատ այգեստանցիների, մարաղեցիների հանդիպեցի): -Այնուամենայնիվ, ներելու, հաշտվելու բան չէ, որ մեր հայրերի, մայրերի շիրիմներն այսօր գերության մեջ են: Եթե մեր գյուղը պահելու բեկորաչափ հնարավորություն ունենայինք, երբեք չէինք թողնի թշնամուն: Այսօր մեր համագյուղացիները ցրված են աշխարհով մեկ, բայց հարկ եղած դեպքում պատրաստ են մեկ մարդու պես հավաքվել ու վերադարձնել կորցրածը:

Դա գյուղի նախկին ղեկավարն իր պարտքն է համարում: Հույսը երբեք չի մարում:

Այգեստանցիների համար ավելի չքնաղ տեղ, քան իրենց գյուղն է, հնարավոր չէ գտնել: Գյուղը ձգվում էր Թարթառ գետի ձախ ափի երկայնքով, թաղերից մեկը կոչվում էր Վերին,  մյուսը` Ներքին Այգեստան:

Դեռևս «խաղաղ ժամանակներից» այգեստանցու հոգին խաղաղ չի եղել: Չի դիմացել ժամանակի անարդարություններին: Հայերի և ադրբեջանցի շահագործողների միջև հակասությունները գնալով խորանում  էին: Նախկին գյուղապետի կարծիքով` այդ հակասությունները գալիս էին վերին էշելոնի ղեկավարների թողտվությունից: Անգամ տարեկան հաշվետվությունները հանձնելիս անարդարացի մոտեցում էր դրսևորվում բոլոր  բնագավառներում,ինչն էլ հաճախ ավարտվում էր ծեծկռտուքով: Ֆինանսական միջոցներն այնքան անհավասար էին բաժանում, որ հաշտվելն անհնար էր դառնում: Նախկին գյուղապետը մի դիպուկ օրինակ է բերում:  Ադրբեջանական գյուղերում մեկ կովի տարեկան կաթնատվությունը 2000-2500 լիտր էր, իսկ Արցախի հայկական գյուղերի համար այդ  «պլան» կոչվածը 4000 լիտր էր.  ոչ մի կաթիլ  պակաս: Օրինակներն անթիվ են:

1992 թ. հունիսի 16-ին այգեստանցիները գյուղը թողեցին միայն մեկ պայմանով, որ մինչև առավոտ նորից վերադառնան, բայց հակառակորդը ատամներով պահեց գյուղը: Երբ արդեն պատերազմի ավարտին` հրադադարից օրեր առաջ, մեր պաշտպանական ուժերին հաջողվում է ազատագրել Թալիշ գյուղը, նաև Այգեստանը հետ վերցնելելու մի քանի փորձ է արվում… «Հակառակորդը հավանաբար գիտեր այգեստանցիների համառությունը, 10 րոպեում այնքան ուժ ու տեխնիկա թափեց գյուղի սահմանին, որ այն ազատագրելն այլևս անհնար էր»,- հավաստիացնում է  Այգեստանի գյուղապետը, գյուղ, որն այսօր հանգած փեթակ է հիշեցնում:

Լավ է, որ այսօր Արցախում Նոր Այգեստան, Նոր Մարաղա գյուղեր են կառուցվում: Քարվաճառն էլ Շահումյանի շրջան է դարձել, բայց վատ է, որ հաշտվել ենք այդ կորուստների հետ:

Ամալյա    ԵԴԻԳԱՐՅԱՆ

Դիտվել է 2735 անգամ:
Print Friendly

Leave a Reply