Մտորելու առիթ տվող նախադեպ
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | October 20, 2010 0:31
Ալեքսան Ավետիսյանն ազատեց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը և այսուհետ կկատարի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալի պարտականությունները: Վերջին օրերին խոսակցությունները շատ էին, որ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մի խումբ ներկայացուցիչներ անվստահություն են հայտնել Ալեքսան Ավետիսյանին: Իրավիճակը բարդ էր, քանի որ լուրջ մեղադրանքներ էին հնչում, խոսում էին նաև ֆինանսական չարաշահումների մասին: Ընդ որում, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ներկայացուցիչները բողոք-դիմում էին ներկայացրել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ղեկավարներին: Մի բան ակնհայտ էր, որ ֆեդերացիան այդպիսի պայմաններում չի կարող շարունակել աշխատանքը:
Եվ ահա, որոշվել էր անցկացնել Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի արտահերթ համաժողով: Իսկ համաժողովին մասնակցելու համար անսպասելիորեն Երևան էր ժամանել Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերը: Նա էլ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ միասին ներկայացավ մայրաքաղաքի «Մարիոտ Արմենիա» հյուրանոցի նիստերի դահլիճում կազմակերպված Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի համաժողովին: Անորոշ էր, թե ինչպիսին կլինի Վիզերի դիրքորոշումը: Բանն այն է, որ Ավետիսյանը հայտարարել էր, որ պահանջվող հրաժարականը չի տալու, փորձելու է պաշտպանել իր իրավունքները, մինչդեռ Ծառուկյանը հրապարկավ հայտնել էր, որ «Ալիկը կիմանոներ է ծախել աշակերտներին, երբ պետք է բաժաներ, Ալիկը ծնողներից գումարներ է վերցրել»:
Համաժողվի սկզբում Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը հայտնեց, որ վայր է դնում իր լիազորությունները, որպեսզի ստեղծված իրավիճակում որոշում կայացվի, և ինչպիսին էլ լինի այն, իր համար ընդունելի կլինի: Եվ ահա, Ծառուկյանը հայտարարեց, որ Ավետիսյանը նշանակվում է ՀԱՕԿ-ի փոխնախագահ, իսկ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի կառավարումն իրականացնելու է Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի գործուղած մասնագետը: Նրան է միանալու նաև Հայաստանի մեկ ներկայացուցիչ: Փաստորեն, երկիշխանություն է լինելու: Օտարերկրացի մասնագետի անունը հայտնի է դառնալու մինչև հոկտեմբերի վերջը: Նրան վարձատրելու է Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան: Հայաստան է գործուղվելու նաև օտարերկրացի բարձրակարգ մարզիչ, որի բարձր աշխատավարձը հատկացնելու է հայկական կողմը: Իսկ առայժմ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ղեկը ժամանակավոր ստանձնելու է ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Ըստ երևույթին, այս ամենն արդեն համաձայնեցված էր Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ: Վիզերն էլ իր ելույթում նշեց, որ դիտել է բողոքների տեսագրությունը, չի կասկածում, որ չարաշահումներ եղել են, և այդ ամենը անցանկալի է, բայց միայն դատավորը, այսինքն` հետաքննությունը կարող է բացահայտել, թե իրականում ինչ է կատարվել: Այդուհանդերձ, նա տեղեկացրեց, որ Ավետիսյանը կոպիտ սխալ է թույլ տվել: «Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը 2004-ից «Նորիս» ֆիրմայի հետ պայմանագիր է կնքել և այդ ընկերության մարզագույքը վաճառել է որպես Հայաստանում այդ ֆիրմայի ներկայացուցիչ: Իսկ այդպիսի բան ֆեդերացիայի նախագահը չպետք է աներ: Եթե հետագայում բացահայտվի, որ տարբեր երկրների ձյուդոյի ֆեդերացիայի նախագահները, տարբեր ֆիրմաների հետ հյամագործակցելով, այդպիսի աշխատանքով են զբաղվել, նրանք ևս կդադարեցնեն իրենց աշխատանքը»,- ասաց Վիզերը: Ինքնին հարց կարող է ծագել, թե հակամարտության այսպիսի լուծումն արդյոք նախադեպ չի՞ դառնա, որ բողոք-դիմումներ ներկայացնեն նաև Հայաստանի այլ մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչներ, որոնցում նույնպես տարաձայնություններ կան, կամ էլ պահանջեն կազմակերպությունների նախագահների հրաժարականը: Իսկ մեղավոր էր Ավետիսյանը, թե ոչ, դժվար է ասել, սակայն նրան նոր` իրականում շատ ավելի բարձր պաշտոնի վստահումը հակասական մտորումների առիթ է տալիս: Մի՞թե անհիմն են եղել լուրջ մեղադրանքները:






Facebook
Tweet This
Email This Post
