Ի՞նչ է կատարվել Խանտի Մանսիյսկում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | October 24, 2010 2:06

Խանտի Մանսիյսկում կայացած Շախմատի համաշխարհային օլիմպիադայում երևանցի միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը գլխավոր մրցավարի տեղակալ էր: Վերադարձից հետո խնդրեցինք նրան տպավորությունները պատմել այդ օրերին կազմակերպված Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի ընտրությունների, նաև ստուգատեսում մեր շախմատիստների ունեցած մրցելույթների մասին:

– Օլիմպիադան փայլուն էր կազմակերպված: Ութ օլիմպիադաներում եմ աշխատել  և այն կարծիքին եմ, որ Խանտի Մանսիյսկում կազմակերպվածը լավագույնն է: Վատ ու լավ կազմակերպված օլիմպիադաներ են եղել: Լավերի շարքն է դասվում նաև 1996-ին Երևանում անցկացված Շախմատի համաշխարհային օլիմպիադան: Այդուհանդերձ, Խանտի Մանսիյսկում արվեց այն, ինչը նախկինում չի եղել: Հարցն այն է, որ ժամանակն առաջ է շարժվում, և հնարավորությունները մեծանում են: Փաստորեն, մեծ փողեր էին տրամադրվել: Բոլոր երկրների շախմատիստներին հնարավորություն էր տրվել Մոսկվայից անվճար հասնելու մրցավայր: Հյուրանոցային հիանալի պայմաններ էին, սնունդը` գերազանց:

Խանտի Մանսիյսկի համալսարանի հանրակացարանո՞ւմ էլ պայմանները լավ էին:

 

– Հանրակացարանում բնակվել են  միայն այն մրցավարները, ովքեր ցածր կարգ ունեն: Ինքս եղել եմ նրանց կացարաններում և կարող եմ ասել, որ լավ պայմաններ էին: Սնունդն էլ կարգին էր, բոլորը գոհ էին: Թերևս միակ անցանկալի հանգամանքն այն էր, որ հարևանությամբ գտնվող երկտեղանոց երկու համարները մեկ ընդհանուր սանհանգույց ունեին: Ընդ որում, ամեն համար ուներ առանձին խոհանոց, միկրոալիքային վառարան և այլ հարմարություններ: Տրանսպորտի սպասարկումը բարձր մակարդակով էր: Իսկ մասնակիցների մեծ մասը մնում էր նորակառույց «Օլիմպիական» հյուրանոցում: Ի դեպ, դրա շինարարությունն ավարտվեց օլիմպիադայի մեկնարկից անմիջապես առաջ: Ուշագրավն այն է, որ ռեստորանի երկու ընդարձակ դահլիճում սպասարկելու համար Սանկտ Պետերբուրգի հայտնի ռեստորանային ֆիրմայից շուրջ վեց տասնյակ աշխատողներ էին հրավիրել: Փաստորեն, բարձրակարգ մասնագետներ էին  աշխատում, և ամեն բան հիանալի էր կազմակերպված, թեև 1000-ից ավելի մասնակից էր այդ հյուրանոցում տեղավորվել: Ընդ որում, ՖԻԴԵ-ն պայմանագիր էր կնքել և հստակեցրել, թե ինչ պետք է լինի ճաշացանկում: Մասնավորապես, աղացած մսով ոչ մի կերակրատեսակ չկար: Շվեդական սեղան էր, իսկ ընտրությունը բազմատեսակ էր` խոզի, տավարի, հավի մսեղեն, ձկնեղեն և այլն:

Տրանսպորտի լավ աշխատանքի մասին էր վկայում այն հանգամանքը, որ պարտիաներից ոչ մի ուշացող չի եղել: Իսկ այս անգամ ՖԻԴԵ-ն որոշում էր ընդունել, որ  այդպիսի դեպքերում պարտություն էր գրանցվելու կարգը խախտած շախմատիստի հաշվին: Ամբողջ համակարգն անթերի էր գործում: Հայաստանի պատվիրակությունն իջևանել էր «Յուգորսկայա դոլինա» հյուրանոցում, որտեղ մնում էին նաև ՖԻԴԵ-ի համաժողովի պատգամավորները, Ռուսաստանի առաջին և երկրորդ, Վրաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի հավաքականները: Իսկ շախմատիստները խաղում էին թենիսի կենտրոնի երկու ընդարձակ դահլիճներում: Առանձին տարածքում, երկու ընդարձակ դահլիճներում զուգահեռ ընթանում էր ՖԻԴԵ-ի համաժողովը: Այստեղ էլ պայմանները շքեղ էին:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, նրա առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը Խանտի Մանսիյսկում չէին: Ո՞վ էր մեր երկիրը ներկայացնում այդ համաժողովում:

– Հայաստանը ներկայացնում էր մեր երկրի շախմատի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Վանիկ Զաքարյանը, միաժամանակ նա ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահն էր: Առաջ անցնելով հայտնեմ, որ այս համաժողովում Զաքարյանը վերընտրվեց և պահպանեց ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահի պաշտոնը: Համաժողովին մասնակցում էր Գագիկ Հովհաննիսյանը, նաև ես էի պատգամավորների թվում: Մենք ՖԻԴԵ-ի տարբեր հանձնաժողովներում ենք: Ինքս 5 հանձնաժողովի անդամ եմ: Այնպես որ անգամ ազատ օրերին գերբեռնված եմ աշխատել:

Ինչպե՞ս ընթացան ՖԻԴԵի նախագահի ընտրությունները:

– Հավանական հաղթող հավակնորդը ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն էր: Այդուհանդերձ, նրա մրցակիցը` աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը, նախապատրաստական մեծ ծավալի աշխատանք էր տարել: Նրա հետ մի քանի իրավաբան էին եկել, որոնք փորձում էին փոխել ՖԻԴԵ-ի որոշ կանոնակարգերը, սակայն, ի վերջո, ակնհայտ առավելությամբ` ձայների 95:55 հարաբերակցությամբ, ընտրվեց Իլյումժինովը:

Ի՞նչն էր հիմնական դժգոհության պատճառը:

 

– Կարպովը բողոքում էր, որ 20 երկրների շախմատի ֆեդերացիաներ, որոնք պատգամավորներ չունեին համաժողովում,  չերաշխավորեն  այս կամ այն երկրի ֆեդերացիային, որպեսզի իրենց փոխարեն քվեարկեն: Մինչդեռ ՖԻԴԵ-ն այդպիսի կարգ ունի: Իսկ պատճառն այն է, որ ֆինանսների հետ կապված` ոչ բոլոր երկրների շախմատի ֆեդերացիաներն էին պատվիրակներ ուղարկել: Ընդ որում, այդ պատվիրակներն իրենց միջոցներով էին մասնակցում համաժողովին: Իսկ ՖԻԴԵ-ի անդամ է 170 երկիր: Ի դեպ, աֆրիկյան, ասիական երկրների մեծ մասն այդ իրավունքը տվել էր շախմատի Աֆրիկայի, Ասիայի ֆեդերացիաների նախագահներին: Դա էր, որ դժգոհություն էր առաջացրել:

Իրավիճակը բարդ էր այնքանով, որ եթե Աֆրիկան և Ասիան որևէ թեկնածուի միասին չպաշտպանեին, ապա  նա չէր կարող հաղթել ընտրապայքարում: Իսկ Կարպովը և նրան սատարող աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովն Աֆրիկայի և Ասիայի ներկայացուցիչների համար ծրագրեր չէին առաջարկում: Նրանք շախմատի բարձր մակարդակ ապահովելու ծրագրեր էին ներկայացրել, որոնք իրագործելի են Եվոպայում, Ամերիկայի որոշ երկրներում: Մինչդեռ Իլյումժինովի ծրագիրն ավելի ընդգրկուն է: Մասնավորապես, նա ցանկանում է հասնել այն բանին, որ աշխարհի բոլոր երկրների դպրոցներում շախմատ դասավանդվի: Այդ ծրագիրը ներկայումս արձագանք է գտել, և մեծ հաջողություններ են արձանագրվում: Տարբեր երկրների  ֆեդերացիաների ներկայացուցիչները հաշվի էին առնում այն հանգամանքը, որ երկու թեկնածուներն էլ Ռուսաստանի քաղաքացիներ են, և այդ երկիրը պաշտպանում է Իլյումժինովի թեկնածությունը: Ընտրությունների ժամանակ կրքերը փոքր-ինչ բորբոքվեցին, Կասպարովը դահլիճում փորձեց միջամտել, աղմուկ բարձրացրեց: Միջոցառումը մի քանի անգամ ընդհատվեց, կոպիտ խոսքեր ասվեցին: Բայց Կասպարովը համաժողովում ոչ մի իրավունք չուներ: Նա պատգամավոր չէր: Ուղղակի, նրան` որպես աշխարհի նախկին չեմպիոնի, ոչ ոք չէր կարող արգելել ներկա գտնվել:

Իսկ ինչո՞ւ Կարպովը չընդունեց Իլումժինովի` ՖԻԴԵի փոխնախագահ դառնալու առաջարկը:

– Համաժողովից հետո նրանք միասին մամուլի ասուլիսի մասնակցեցին, Կարպովը շնորհավորեց մրցակցին: Նա հայտնեց, որ իր էությամբ ինքն առաջատար է և չի կարող աշխատել որպես փոխանախագահ: Բացի այդ, նա միջազգային մի շարք կազմակերպությունների ղեկավար է և շատ զբաղված: Հարցը փակվեց նրանով, որ Իլյումժինովը Կարպովին նշանակեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՖԻԴԵ-ի դեսպան: Հավելենք, որ կտրուկ աճեց ՖԻԴԵ-ի փոխնախագահների թիվը: Եթե նախկինում երեք փոխնախագահ էր ընտրվում և երկուսին էլ նշանակում էր այդ կազմակերպության նախագահը, ապա այս անգամ երեքն ընտրվեցին և հինգն էլ նշանակվեցին: Բացի այդ, երկու պատվավոր փոխնախագահ էլ կա, որոնցից մեկն էլ Վանիկ Զաքարյանն է:

Ի՞նչ տպավորություն թողեցին օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների մրցելույթները:

 

– Հայաստանի ներկայացուցիչները  տարբեր արդյունքներ ունեցան: Եթե սկսենք տղամարդկանց հավաքականից, ապա մի բան ակնհայտ էր, որ Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանն ամենևին էլ լավ մարզավիճակում չեն: Իսկ նախկինում հատկապես Սարգսյանի հաջող մրցելույթներն էին օգնել, որ Հայաստանի հավաքականը երկու անգամ դառնա օլիմպիադայի չեմպիոն: Նախկինում այս երկու շախմատիստներն էին հիմնականում մեր հավաքականին միավորներ բերում: Բայց այս անգամ նրանց խաղը չստացվեց: Ընդ որում, Հակոբյանը, լավ մարզավիճակում չլինելով, համառություն էր դրսևորում և մի քանի պարտիաներում, հայտնվելով գրեթե անհուսալի դիրքերում, կարողացավ խուսափել պարտվելուց: Թերևս դրանով էր պայմանավորված, որ Հայաստանի հավաքականը մինչև վերջին օրը հավակնում էր մրցանակային տեղի:

Ինչո՞վ կբացատրեք, որ Ավետիք Գրիգորյանը օլիմպիադայում միայն մեկ պարտիա խաղաց:

– Դա Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի որոշումն էր: Ինքս այն կարծիքին եմ, որ Գրիգորյանը հունվարին Հայաստանի չեմպիոն դառնալուց և մեր երկրի հավաքականում ընդգրկվելուց հետո լրջորեն էր նախապատրաստվել, նաև միջազգային մրցաշարերի էր մասնակցել և կարող էր շատ ավելի օգտակար լինել հավաքականին: Ընդ որում, մեկնարկում խաղացած միակ պարտիայում նա առավելության հասավ մրցակցի նկատմամբ: Կարծում եմ, երբ զգացվեց, որ Հակոբյանը և Սարգսյանը լավ մարզավիճակում չեն, պետք էր Ավետիքին խաղալու հնարավորություն տալ, և գուցե պատկերն այլ լիներ: Իսկ Հայաստանի հավաքականի զբաղեցրած 7-րդ տեղը վերջին 5 օլիմպիադաներում ամենացածր արդյունքն է, քանի որ երկու անգամ մերոնք հաղթել են և նույնքան անգամ էլ երրորդ մրցանակակիր են դարձել:

Հայաստանի կանանց հավաքականի մասին ի՞նչ կասեք:

 

– Լավ խաղաց միայն առաջատարը` Էլինա Դանիելյանը: Իմ կարծիքով` Հայաստանի կանանց հավաքականն այս անգամ ավելի լավ էր նախապատրաստվել, քան երկու տարի առաջ, սակայն գրավեց 11-րդ տեղը: Հիմնական պատճառն այն է, որ պահեստային խաղացողի խնդիր ունենք: Ի տարբերություն տղամարդկանց հավաքականի, որում  եղած շախմատիստին մարզիչը չխաղացրեց, կանանց հավաքականում պատկերն այլ է: Պահեստային Անահիտ Խառատյանը, թեև մեկ պարտիա անցկացրեց և հաղթեց մրցակցուհուն, ակնհայտորեն իր խաղամակարդակով զիջում է թիմակիցներին: Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյանը լավ մարզավիճակում չէին, իսկ հավաքականի մարզիչը` Աշոտ Անաստասյանը, չէր կարող այլ խաղացողի մրցասպարեզ հանել: Այդուհանդերձ, մեր հավաքականի մրցելույթը նորմալ էր:

Դիտվել է 2146 անգամ:
Print Friendly

Leave a Reply