«Space»-ն ընդդեմ Ադրբեջանի կառավարությանը…
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 15, 2010 10:23
Վերջին ամիսներին ադրբեջանական «Space» հեռուստաալիքում տարօրինակ իրադարձություններ են տեղի ունենում: Բանը հասել է նրան, որ հեռուստաալիքի նախագահն ամիսներ շարունակ չի կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձը եւ վերջիններս որոշել են ամբողջ թիմով հրաժարական տալ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վակայակոչելով «Pia.az» կայքը, ըստ հեռուստատեսության աղբյուրի, պատճառն այն է, որ երկար ժամանակ է, ինչ Ադրբեջանի ամբողջ բնակչությանը համայն ուշադրությամբ դիտում է «Space»-ով հեռարձակվող «Hazreti-Yusif» (Սուրբ Յուսիֆ) հեռուստասերիալը, որը կարող է դառնալ հեռուստաալիքը միանգամայն փակելու կամ էլ ղեկավարությանը հեռացնելու առիթ: Բանը նրանում է, որ հեռուստասերիալի գլխավոր հերոս Յուզարսիֆը ֆիլմում պայքարում է Յուսիֆ մարգարեի կռապաշտական գաղափարախոսության դեմ եւ դառնում ժողովրդի արդարացի ղեկավարը:
Ադրբեջանի ղեկավարությունը գտնում է, որ հեռուստասերիալով ուղերձ է հղվում զանգվածներին: Սակայն, խնդիրը միայն դա չէ: Աղբյուրի փոխանցմամբ, «Space»-ի փաստացի սեփականատերը Ադրբեջանի նախագահի՝ Լոնդոնում բնակվող քույրն է՝ Սեւիլ Ալիեւան, ում հանձնարարականով էլ ֆիլմը թարգմանվել եւ ցուցադրվում է հեռուստաալիքով: Ըստ էության, Ադրբեջանում յոթ ամիս շարունակ այդ ֆիլմի հեռարձակումը ղեկավարությունը գնահատում է որպես ուղերձ՝ երկիրը արդարացի կերպով չղեկավարվելու եւ նման ղեկավարությունից ժողովրդի ազատվելու մասին:
Աղբյուրը տեղեկացրել է, որ իշխանությունը դա հասկացել է անցյալ ամիս եւ որոշել է ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցնել ալիքը եւ փոխել ղեկավարությանը, իսկ դա հնարավոր չլինելու դեպքում էլ՝ չեղյալ համարել ալիքին տրված արտոնագիրն ու փակել այն: Իշխանության առաջին քայլը հեռուստաալիքի աշխատակիցներին հասանելիք աշխատավարձի խոչընդոտներ ստեղծելու միջոցով ներսում դժգոհություն առաջացնելն ու նրանց՝ ղեկավարության դեմ հանելն է: «Հեռուստասերիալն այնքան է դուր եկել Ադրբեջանի բնակչությանը, որ այն CD-ներով արդեն տարածվել է ամբողջ երկրով մեկ», -գրում է «Pia.az»-ը:






Facebook
Tweet This
Email This Post
