Տեղի ունեցավ «Իրան-Հայաստան 400կվ հզորությամբ երրորդ էլեկտրահաղորդման գծի» շինարարության հիմնարկեքի արարողությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 15, 2010 2:05
Գեղարքունիքի մարզում` Երեւան-Սեւան ավտոմայրուղու հարեւանությամբ, այսօր Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի եւ Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուի մասնակցությամբ տեղի ունեցավ «Իրան-Հայաստան 400կվ հզորությամբ երրորդ էլեկտրահաղորդման գծի» շինարարության հիմնարկեքի արարողությունը:
Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել նաեւ նոր` 400/220կվ հզորությամբ «Նորավան» ենթակայանը: Ա. Մովսիսյանի խոսքով, հայ-իրանական համագործակցությունը բնականոն զարգանում է բազմաթիվ ուղղություններով: «Անհերքելի է, որ մեր երկու բարեկամ երկրների միջեւ տնտեսական համագործակցության առաջատարն էներգետիկ ոլորտն է»,- ասաց նա` որպես օրինակներ բերելով վերջին տարիներին իրականացված մի շարք ծրագրեր` Իրան-Հայաստան գազատար, 220 կվտ հոզրությամբ երկու էլեկտրահաղորդման գծեր, Ագարակի փոխանջատիչ կետ, Պուշկինի լեռնանցքում կառուցված Հայաստանում առաջին հողմային էլեկտրակայանները եւ այլն: Նրա խոսքով, այսօր տրվում է էներգետիկայի բնագավառում հայ-իրանական համագործակցության կարեւորագույն նախագծերից մեկի` «Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի» շինարարության մեկնարկը: 400 կվտ լարման երկշղթյա այս էլեկտրահաղորդման գծի երկարությունը միայն Հայաստանի տարածքում 275 կմ է: Այն ձգվում է Իրան-Հայաստան սահմանից, մինչեւ Հրազդանի 5-րդ էներգաբլոկ:
Ըստ Ա. Մովսիսյանի, էլեկտրահաղորդման երրորդ գծի «Նորավան» ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա ավելի քան եռապատկել մեր երկու երկրների էներգահամակարգերի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը` այն հասցնելով մինչեւ 1000 մեգավատի: «Զգալիորեն կբարձրանա երկու երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի կայունությունն ու հուսալիությունը: Այս գծի կառուցումը կարեւորվում է ոչ միայն հայ-իրանական երկկողմ հարաբերությունների, այլեւ տարածաշրջանային համագործակցության առումով: Հաշվի առնելով, որ մեր օրակարգում է նաեւ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցումը` առաջիկայում հնարավոր կդառնա իրականացնել էլեկտրաէներգիայի զգալի հոսքեր` ամբողջ տարածաշրջանի համար»,- նկատեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը: Նրա վստահեցմամբ, Հայաստանի եւ Իրանի միջեւ տնտեսական համագործակցության զարգացման խնդիրները գտնվում են երկու երկրների նախագահների ուշադրության կենտրոնում, եւ դրանք օրեցօր իրականացվում են:
Մաջիդ Նամջուն, ողջունելով նշված ծրագրերի իրականացումը, նշեց, որ հայ-իրանական երկկողմ հարաբերությունները գնալով միայն զարգանում են` փոխադարձ վստահության հիման վրա: Նա պատահական չհամարեց, որ «Իրան-Հայաստան 400կվ հզորությամբ երրորդ էլեկտրահաղորդման գծի» շինարարության հիմնարկեքի արարողությունը տեղի է ունենում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունների միջանցքում: Նա հիշեցրեց, որ ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանում էր Իրանի խորհրդարանի նախագահը, իսկ առաջիկա օրերին սպասվում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի այցը` Իրան: Նշված էներգահամակարգերի շինարարության արժեքը կկազմի 10,9 մլն եվրո:
Ծրագրի ֆինանսավորումը կատարում է Իրանի «Զարգացման, արտահանման բանկ»-ը: Շինարարությունը պետք է իրականացվի 18 ամսվա ընթացքում:






Facebook
Tweet This
Email This Post
