Այս տարի 1.2 մլն ծառ կտնկվի Հայաստանում

Օրվա լուր | | July 21, 2009 16:52

2009 թ.  Հայաստան ծառատունկ ծրագիրը WWF-ի (բնության համաշխարհային հիմնադրամ) և «Հայանտառ» պետական անտառային ֆոնդի հետ համատեղ Լոռու մարզում նախատեսել է 1,2 մլն ծառ տնկել: Ծառատունկը կիրականացվի «Հարավային Կովկասում անտառային լանդշաֆտների վերականգնում` կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացման նպատակով» ծրագրի շրջանակներում:

Հանրապետության քաղաքային հողերի ընդհանուր մակերեսը 65 հազար 856 հա է, որից կանաչ զանգվածների և ծառատնկված վայրերի ընդհանուր մակերեսը 11 հազար 359 հա է:

1994-ից սկսած «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը (Հայաստան Ծառատունկ Ծրագիր) Հայաստանի կանաչապատման, անապատացման դեմ պայքարի ծրագրերի շրջանակներում վերջին 15 տարում տնկել է ավելի քան 3 մլն ծառ: Ծառատունկի  սեզոնային ծրագրերի շնորհիվ հարյուրավոր աշխատատեղեր են բացվել:

«Էյ Թի Փի»-ն իրականացնում է 3 խոշոր ծրագիր`անտառապատումն ու անտառվերականգնում, համայնքային ծառատունկ` քաղաքի ու գյուղերի տարածքներում,  բնապահպանական կրթություն` նպաստելով շրջակա միջավայրի պաշտպանությանը, հասարակության տեղեկացվածության բարձրացմանը:

«Էյ Թի Փի» հիմնադրամի բնապահպանական կրթության բաժնի կողմից 2005 թ. հրատարակվել է Կարլա Ուեսլիի «Միտք սերմանելը նույն է, թե ծառ տնկես» ուսումնական ձեռնարկը:

«Ձեռնարկը պարզ է գրված, ներառված դասերը տեղայնացված են և դյուրին են կիրառման տեսանկյունից, որի շնորհիվ բնագիտական առարկաների ուսուցիչները հնարավորություն ունեն միջառարկայական կապ ստեղծել հիմնական կրթական ծրագրում ընդգրկված թեմաների և բնապահպանական խնդիրների միջև,-ասում է հիմնադրամի բնապահպանական կրթության ծրագրի պատասխանատու Մանյա Գևորգյանը,-Այդ նպատակով Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում մեր կողմից անց են կացվում բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների հնգօրյա վերապատրաստման դասընթացներ (միայն 2008 թ. վերապատրաստվել է 539 ուսուցիչ)»:

Ձեռնարկը երաշխավորված է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի կողմից՝ որպես հանրակրթական դպրոցի բնագիտության ուսուցիչների ձեռնարկ: Այն 2009թ. ապրիլի 13-ին Պրահայում ճանաչվել է «Energy Globe» մրցանակաբաշխության ազգային հաղթող:

Դիտվել է 1813 անգամ:
Print Friendly

Leave a Reply