Տոլմայի փառատոն և տոլմաեփ սարք` ազգային խոհանոցը զարգացնելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | Հայկուհի Բարսեղյան | October 14, 2010 17:12
Մինչև տարեվերջ լույս կտեսնի ազգագրագետ Ռուզան Ծատուրյանի «Հայոց ավանդական տոնական ուտեստը» աշխատությունը, որտեղ հեղինակը ներկայացնում է հայկական տոների ժամանակ պատրաստվող կերակուրները, դրանց ծիսական նշանակությունը: Գրքում կներկայացվեն նաև որոշ կերակուրներ նկարներ և բաղադրատոմսեր: Ըստ հեղինակի` ընտրվել են միայն այն բաղադրատոմսերը, որոնք ընդունելի և կիրեռելի են այսօրվա շարքային հայաստանցու համար: Ծատուրյանն ասում է, որ 3 տարիների ընթացքում բաղադրատոմսեր է հավաքել Հայաստանի տարբեր մարզերի 60 բնակավայրերից, օգտագործել է նաև խորհրդային տարիներին հավաքած ազգագրական արխիվային նյութեր:
Աշխատության հրատարակությունը ֆինանսավորում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտը Կիրառական ազգագրությունը ծրագրի շրջանակներում: Ըստ հեղինակի, սակայն, գիրքը հրատարակությունից հետո չի վաճառվելու` այն նախատեսված է գիտական շրջանակներում օգտագործելու համար:
Ծատուրյանն ասում է, որ անկախության հռչակումից հետո որոշակիորեն վերադարձ է կատարվել դեպի ազգային խոհանոցը: Նրա խոսքով` երկու հիմնական պատճառ կա` 90-ականները ազգային զարթոնքի ժամանակաշրջան էին, դերակատարություն ունեցավ նաև մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը` մարդիկ սկսեցին սննդում հիմնականում կիրառել իրենց արտադրած բնամթերքը:
Ազգագրագետի խոսքով` այսօր շատ են խոսում, որ մեր հարևանները կամ այլ ազգեր յուրացրել են ազգային խոհանոցի բաղադրատոմսերը: Սակայն, ըստ նրա` բաղադրատոմսը գրի առնելով այն հնարավոր չէ յուրացնել . «պետք է լինի այն պատրաստելու և մատուցելու մշակույթ: Ազգային խոհանոցը ազգային մշակույթի անբաժան մասն է կազմում»:
Ծատուրյանն ասում է, որ ավանդույթները, նաև ազգային խոհանոցը միշտ էլ իրենց վրա կրում են ժամանակի դրոշմը: Սակայն մեր օրերում շատ ազգային բաղադրատոմսեր մոռացության են մատնվում, քանի որ ոլորտում չկա մասնագիտական մոտեցում, չկա մեկը, ով հանրային ճաշակ կձևավորի և նորից կիրառելի կդարձնի բազմաթիվ մոռացության կամ անուշադրության մատնված ազգային կերակուրներ:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հկ նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ ասում է, որ նախատեսում են գարնանը տոլմայի փառատոն կազմակերպել, որտեղ նաև կներկայացնեն տոլմաեփ սարք: «Փախանակ աղաղակելու, թե տոլման հայկական ազգային կերակուր է և մյուս ազգերն այն գողացել են, մենք զարգացնելու ենք ազգայինի հիմքը»,- ասում է նա` հավելելով, որ տոլմա բառն առաջացել է հին ուրարտերենի «տոլի» բառից, որ թարգմանաբար նշանակում է «խախողի տերև»:






Facebook
Tweet This
Email This Post
