«Կամուրջներ մոռացության վրայով». Հայաստանում մեկնարկեց «Կինոաշունը»

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | October 14, 2010 14:37

«Մոսկվա» կինոթատրոնում հոկտեմբերի 11-ին մեկնարկեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից իրականացվող «Կինոաշուն» ազգային ամիս» ծրագիրը: Այն իրականացվում է առաջին անգամ, սակայն հավակնում է դառնալ ամենամյա ու ավանդական: Նպատակը հետևյալն է. հայ կինոն, ինչպես հին, բարի ժամանակներում, դարձնել հանրության մշակութային կյանքի անբաժանելի մասը՝ տարվա մեջ մեկ ամիս մայրաքաղաքում ու մարզերում ցուցադրելով ինչպես ազգային կինոֆոնդում պահպանվող, այնպես էլ  ժամանակակից հայկական ֆիլմեր:

Ծրագրի բացումը սկսվեց հայկական ֆիլմերի հատվածներից պատրաստված մի տեսանյութի ցուցադրումով, որի հեղինակը ռեժիսոր Արամ Սուքիասյանն է: Այն կարծես յուրօրինակ ու անկեղծ զրույց էր հայ կինոյի ու հանդիսատեսի միջև: Հայ կինոն ներկայանում էր անձնավորված և առաջին դեմքից զրուցում իր հավատարիմ ու սիրելի հանդիսատեսի հետ՝ մտերմիկ տոնով հիշեցնելով անցյալի դրվագներն ու հարազատ կերպարներին: Հաշված րոպեների ընթացքում դահլիճը լցվեց ջերմ, անկեղծ, բարի ու անկաշառ մթնոլորտով. մթնոլորտ, որ ինձ համար մի քիչ անսովոր, մի քիչ էլ հեքիաթային թվաց, իսկ դահլիճում նստած ավագ սերնդի ներկայացուցիչներին տարավ դեպի  երիտասարդություն:

Հետո բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, որ ակնհայտորեն խիստ հոզված էր: Նա խոստովանեց, որ ծրագիրը մտահղացվել է բազմաթիվ կշտամբանքներ ու քննադատություն լսելուց հետո. «Մեզ միշտ հարցնում են՝ եթե կա հայկական կինո, ապա ինչո՞ւ չենք տեսնում, ինչո՞ւ այն չի հասնում հանդիսատեսին. դա մեզ մտորելու տեղիք տվեց»,-ասաց Գևորգյանը:

Խոսեց նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նա նշեց, որ վաղուց արդեն ժամանակն է հասկանալու, թե ի՞նչ է մեր կինոն և ու՞ր է գնում. «Լիարժեք հաղորդակցությունը կինոյի հետ հեռուստատեսությունը չի կարող ապահովել»,-ասաց նախարարը՝ կոչ անելով ակտիվորեն մասնակցել կինոյի մեկամսյա ցուցադրություններին և խոստացավ անձամբ մասնակցել կինոդիտումներին:

Կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանն էլ նշեց, որ ժողովրդի սերը կինոյի նկատմամբ վերականգնելը մեկ-երկու օրվա գործ չէ, այլ մի քանի տարի է պետք, և ցավով ավելացրեց. «Սովետի փլուզումից հետո սկսվեց կինովանդալիզմ, ոչնչացվեց ու թալանվեց կինոպրակատը և շպրտվեց Սովետաշենի աղբակույտի մեջ»: Այնուամենայնիվ Մկրտչյանը հավատում է, որ մի օր կստեղծվի ավելի լավ կինոմթնոլորտ, քան նախկինում էր:

Այնուհետև կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը նվագեց հատվածներ հայկական կինոյի երաժշտադարանից՝ վեր հանելով արդեն սիրված ու հիթեր դարձած մեղեդիները: «Մի առանձին միամսյակ էլ պետք է նվիրել կինոերաժշտությանը»,-ասաց նա:

Հետաքրքիրն այն էր, որ դահլիճը միանգամից հիշում էր երաժշտությունն ու ձայնակցում, սակայն հաճախ դժվարանում էր մտաբերել, թե որ ֆիլմից է այն: Ինչպես Վարդազարյանը նշեց, շատ երգեր, որոնք ի սկզբանե ստեղծված են եղել ֆիլմերի համար, այնքան են սիրվել, որ հետագայում անջատվել են ֆիլմից ու  ապրել առանձին կյանքով: Վարդազարյանի կատարմամբ հնչած երաժշտությունն ու երգերը կրկին երջանիկ հիշողություններ արթնացրին ու ջերմ շունչ հաղորդեցին ողջ դահլիճին:

Վերջում միջոցառման վարողը մի ճիշտ խոսք ասաց. «Մեծ բան են կորցրել բոլոր նրանք, ովքեր չեն մասնակցել այս միջոցառման բացմանը»: Մենք ավելացնում ենք. «Ավելի մեծ բան կկորցնեն, եթե չմասնակցեն կինոդիտումներին»:

Նշենք, որ Ազգային կինոյի ամսվա շրջանակներում ցուցադրություններ կիրականացվեն «Մոսկվա» կինոթատրոնում, Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, «Նարեկացի» արվեստի կենտրոնում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, բացօթյա ցուցադրություններ կկազմակերպվեն նաև «Կասկադում» և Սիրահարների այգում: Այս տարի ծրագիրը կներառի միայն Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի և Արմավիրի մարզերը, իսկ հաջորդ տարվանից կընդգրկվեն նաև մյուս մարզերը:

Ի դեպ, «Կինոաշունի» շրջանակներում լինելու են ոչ միայն կինոցուցադրություններ, այլև կլոր սեղան-քննարկումներ՝ նվիրված կինոյի խնդիրներին, ինչպես նաև անցկացվելու է ժամանակակից ֆիլմերի վերաբերյալ լավագույն գրախոսականների մրցույթ:

Գրախոսականները պետք է ուղարկվեն Ազգային կինոկենտրոնի էլեկտրոնային փոստին՝ kinokentron@yahoo.com հասցեով, այնուհետև դրանք կտպագրվեն, և կներկայացվեն մրցութային հանձնաժողովի ուշադրությանը: Սահմանված է երեք մրցանակ՝ առաջին տեղի համար՝ 100 000, երկրորդի տեղի համար՝ 75 000 և երրորդի տեղի համար՝ 50 000 դրամ:

Գևորգյանը կարծում է, որ մրցույթը կխթանի նաև կինոքննադատության, կինովերլուծության վերականգնմանը, ինչը, նրա խոսքով, վերջին տարիներին, գրեթե վերացել է:

Այս գեղեցիկ երեկոյում, այնուամենայնիվ, մի տխուր հանգամանք էլ կար, որ չես կարող չարձանագրել:   Ներկա էր ընդամենը երկու կինոքննադատ, որոնցից մեկը՝ Դավիթ Մուրադյանը, մրցութային հանձնաժողովի նախագահն էր: Առհասարակ դահլիճում, որը տրամաբանորեն պետք է լեփ-լեցուն լիներ, մատների վրա կարելի էր հաշվել կինոաշխարհի հետ անմիջական կապ ունեցող մարդկանց՝ ռեժիսորների, դերասանների և այլն: Ներկա չէին նաև «Ոսկե ծիրանի» կազմակերպիչները, ինչը ստիպում է մտածել, որ այսօրվա հայ կինոյի աշխարհում ազգային ոգի ու թիմային մտածողություն չկա: Վստահաբար կարելի է ասել, որ ներկաների մեծ մասը հրավիրատոմս չուներ, մարդիկ եկել էին հենց այնպես, ինչ-որ կերպ ներս մտնելու հույսով, դատարկ էին այսպես կոչված «պրոտոկոլային» տեղերը:

Եվ այդ դատարակ աթոռները հուշում էին, որ «Կինոաշունը» ճիշտ ժամանակին է  մտահղացվել, եթե ոչ` քիչ ուշացած:

Հուսանք, որ գոնե հանդիսատեսի շրջանում այդ ոգին վերջնականապես չի մարել, և այս աշունը կօգնի վերաարժևորելու հայ կինոն, վերականգնելու կինոդիտումների բարի ավանդույթները և առաջ ընթանալու՝ սնունդ առնելով հայ կինոյի առողջ, անկեղծ ու ամուր հիմքերից:

Դիտվել է 1453 անգամ:
Print Friendly

Leave a Reply