ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողների Երևան կատարելիք այցը հետաձգվել է

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | October 14, 2010 15:29

Գորան Լինդբլադ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգի հանձնաժողովի նախորդ շաբաթավերջին կայացած նիստում որոշվել է հետաձգել Հայաստանի հարցով համազեկուցողների Երևան կատարելիք այցը: Այս որոշումը կայացվել է` ընդառաջելով  ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի խնդրանքին: Պատճառն այն է, որ համազեկուցողները ծրագրել էին այցելել Հայաստան հոկտեմբերի 16-ից 20-ն ընկած ժամանակահատվածում, սակայն հոկտեմբերի 19-ից 21-ը Երևանում տեղի է ունենալու  ԵԽ-ի «Հանուն ժողովրդավարության ապագայի» համաժողովը: Այն լինելու է բավականին ներկայացուցչական. մասնակցելու են  միջազգային և տեղական քաղաքական գործիչներ, քաղաքացիական հասարակության, լրատվական և գիտական ոլորտի ներկայացուցիչներ ողջ Եվրոպայից` քննարկելու Եվրոպայում ժողովրդավարության սկզբունքները և մարտահրավերները։

Ինչ վերաբերում է համազեկուցողների առաջիկա փաստահավաք այցին, ապա այն, ըստ ամենայնի, կկայանա տարեվերջին կամ գալիք տարվա հունվարին: Ի դեպ, ակնկալվում է նաև  վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներից մեկի` բրիտանացի պատգամավոր Ջոն Պրեսկոտի մասնակցությունը համաժողովին, սակայն նա այս այցի ընթացքում փաստահավաք առաքելություն չի իրականացնի: Երկրորդ համազեկուցողին` շվեդ պատվիրակ Գորան Լինդբլադին արդեն չի հաջողվի համազեկուցողի կարգավիճակում այցելել Հայաստան:

Ինչպես արդեն հայտնել ենք, Շվեդիայում սեպտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Գ. Լինդբլադը չի վերընտրվել, և հոկտեմբերի 30-ին նրա լիազորությունները ԵԽԽՎ-ում ավարտվում են: Այս գործիչը, ում վերջին ամիսներին հայկական պատվիրակության հատկապես իշխանական թևի, ինչպես նաև ՀՅԴ-ի ներկայացուցիչները բազմիցս քննադատել են Հայաստանի նկատմամբ, մեղմ ասած, անաչառ չլինելու  մեջ, արդեն իսկ պաշտոնապես հայտնել է իր դժգոհությունը:

«Չափազանց տարօրինակ է, որ մի երկիր, որն իրեն համարում է ժողովրդավարական, չի կարողանում ժամանակ գտնել Եվրոպայի խորհրդի` Ժողովրդավարության ապագայի համար ֆորումի նախաշեմին մոնիթորինգի խմբի համազեկուցողների հետ մի քանի բարձր մակարդակի հանդիպումների համար: Սա կարծես հաստատում է իմ այն կարծիքը, որ Հայաստանը դեռ բավականաչափ հասուն չէ ֆորումը հյուրընկալելու համար»,- ասված է, մասնավորապես, հայաստանյան պատվիրակության ղեկավարին ուղղված նամակում, որն, ի դեպ, ուղարկվել է նաև ԵԽԽՎ Գլխավոր քարտուղարին և ԵԽ մոնիթորինգի հանձնաժողովի նախագահին:

Նամակում Գ. Լինդբլադը նաև նշել է. «Ես զգացողություն ունեմ, որ հենց իմ անձը և մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության արժեքներին իմ նվիրվածությունն են ստիպում Հայաստանի իշխանություններին փորձել հետաձգել համազեկուցողների այցելությունը` գիտենալով, որ վեհաժողովից իմ մոտալուտ հեռանալը հնարավորություն կստեղծի նշանակելու մի նոր` պակաս անկախ համազեկուցողի: Այս հարցն իմ անձնական հեղինակությանը չի վերաբերում: Փոխարենը մոնիթորինգի գործընթացի թվացյալ խոչընդոտումը վիրավորանք է ԽՎ հասցեին` որպես հաստատության, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքների նկատմամբ, որոնք Հայաստանը կամավոր հանձն է առել պաշտպանել: Այս հանձնառության մի մասն էլ հնարավոր ամեն ինչ անելն է տվյալ երկիր համազեկուցողների փաստահավաք այցելություններին օժանդակելու համար»:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դ. Հարությունյանը, սակայն, վստահեցրել է, որ այցի հետաձգման համար որևէ քաղաքական դրդապատճառ չկա, ընդամենը տեխնիկական խնդիր է` պայմանավորված համաժողովին զուգընթաց համազեկուցողների այցը պատշաճ կազմակերպելու  դժվարություններով:

Ջոն Պրեսկոտ

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի հոկտեմբերի 5-ի նիստում հայկական պատվիրակության կազմում ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը և նիստին հրավիրված արտախորհրդարանական ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Արման Գրիգորյանն առաջարկել էին, որ վեհաժողովի բանաձևերի պահանջների կատարման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների քայլերի գնահատման նպատակով  համազեկուցողները հոկտեմբերին այցելեն Երևան:

«Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում ՀԱԿ-ի ներկայացուցիչն իրենց առաջարկի մերժման կապակցությամբ, մասնավորապես, ասել է, որ  այցի հետաձգումը կապված է Գորան Լինդբլադի խնդրի հետ, ինչը երկու կարևոր բաղկացուցիչ ունի: Ըստ Ա. Գրիգորյանի` նախ, քանի որ Լինդբլադը շուտով ստիպված է լինելու վայր դնել իր մանդատը, նրան այդ առաքելության մաս դարձնելը ԵԽԽՎ-ում համարում են անիմաստ և կարծում են, որ իրականում ճիշտ կլիներ, եթե նա կամովին հրաժարական տար ու հնարավորություն տար շուտափույթ նշանակել նոր համազեկուցող: «Ասեմ, որ ես համամիտ եմ այդ կարծիքին: Երկրորդ` նրա անաչառության վերաբերյալ կասկածները հայկական պատվիրակության կամ Հայաստանի իշխանությունների շրջանակով չեն սահմանափակվում, ինչը ԵԽԽՎ-ի որոշ պաշտոնյաներ համարում են ոչ միայն ինքնին անցանկալի, այլև նրա` որպես համազեկուցողի արդյունավետությունը նվազեցնող հանգամանք: Այս նկատառումներն են, որ ԵԽԽՎ-ին ստիպել են հետաձգել համազեկուցողների այցը»,- ասել է Ա.Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է Լինդբլադի անաչառության վերաբերյալ կասկածներին, ապա, ըստ Ա. Գրիգորյանի, ինքը հանդիպել է նրա հետ և խնդրել որոշ պարզաբանումներ տալ առկա մեղադրանքների ու քննադատության կապակցությամբ: «Պետք է ասեմ, որ նրա պարզաբանումները չհամոզեցին ինձ: Նա պարզապես հրաժարվեց որևէ արտառոց բան տեսնել նրանում, որ Հայաստանի հարցով ԵԽԽՎ-ում համազեկուցողը միաժամանակ շվեդ-թուրքական բարեկամության պատգամավորական խմբի նախագահն է: Նա հայտարարեց նաև, որ դեմ է քվեարկել Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը, որովհետև համարում է, որ նման բանաձևեր ընդունելը խորհրդարանների գործը չէ, բայց չկարողացավ փոքրիշատե հոդաբաշխ բացատրություն տալ, թե այդ դեպքում ինչո՞ւ է հենց ինքը ուկրաինական Գոլոդոմորի վերաբերյալ նմանատիպ բանաձևի նախագիծ ներկայացրել Շվեդիայի խորհրդարանում: Այս ամենն իսկապես որոշ հարցեր է առաջացնում պարոն Լինդբլադի շարժառիթների, ինչպես նաև արդյունավետ համազեկուցող լինելու կարողության վերաբերյալ»,- ասել է ՀԱԿ-ի ներկայացուցիչը:

Զ. Փոստանջյանն էլ հոկտեմբերի 12-ին Երևանում կայացած ասուլիսում հայտնել է, որ Հայաստանում համազեկուցող առաջադրելու լիազորությունը վերապահված է ԵԽԽՎ-ի EPP-ի` Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցությանը, որի անդամ է նաև ինքը: Պատգամավորը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե Լինդբլադն ինչ-որ անձանց նկատմամբ պարտավորություններ ունի՞,  թե՞ ոչ: Պատգամավորի համոզմամբ, Լինդբլադը քաջատեղյակ է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների վիճակին: «Կարծում եմ` ցանկացած համազեկուցող, եթե ստանձնում է նման պարտավորություն, առաջին հերթին պետք է մտածեր ոչ թե իր երկրի, իր կուսակցության քարոզարշավի համար, այլ երեք ամիսների ընթացքում կարող էր ունենալ երեք օր և այդ երեք օրվա ընթացքում այցելեր ՀՀ, եթե իրապես զեկույց կազմելու ցանկություն ուներ:

Զ.Փոստանջյանն ընդգծել է նաև, որ դեռևս հունիս ամսից համազեկուցողների այցի մասին որոշում կար: Ըստ նրա` Լինդբլադն իր հայտնի նամակում Հայաստան չայցելելու տարբեր պատճառներ է նշում, սակայն շատ ավելի անկեղծ կլիներ, եթե պատճառներից մեկը նշեր հենց քարոզարշավին մասնակցելը: «Քարոզարշավի երեք օրը նրա համար ավելի գերադասելի էր լինել իր երկրում, քան գալ Հայաստան և մեր խնդիրները բարձրացնել»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը` հավելելով, որ Հայաստանում առկա խնդիրները` քաղաքական դրդապատճառներով ազատազրկված անձանց առկայությունը, մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքների և մեղավորների չբացահայտվածությունը, համամարդկային են: «Սա առաջին հերթին հենց Լինդբլադի թերացումն է»,-ասաց Զ. Փոստանջյանը:

Գայանե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է 1714 անգամ:
Print Friendly

Leave a Reply