Քաղաքացիները պետք է իմանան ընկերությունների սեփականատերերի անունները

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | October 14, 2010 15:24

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստից առաջ վարչապետը շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարության ֆուտբոլի հավաքականին, որը ճանաչվել է «ՀՀ վարչապետի գավաթ-2010» մրցաշարի հաղթող։ Տիգրան Սարգսյանը կարևորել է զանգվածային սպորտի զարգացումը և նշել, որ կառավարությունն իր անելիքն ունի այդ խնդրում։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերին։ Սույն փաթեթը նպատակ ունի կարգավորել մասնագիտացված կազմակերպությունների կողմից ընկերության բաժնետերերի ռեեստրում ներառված տեղեկությունների թույլատրելի օգտագործման հետ կապված հարցերը, ինչպես նաև արգելել բաժնետերերի անհատական տվյալներ բովանդակող տեղեկությունների տարածումը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը սույն օրենքների փոփոխությունները կարևորել է այն հանգամանքով, որ մեր քաղաքացիներն այսուհետև կկարողանան իմանալ, թե ովքեր են բաժնետիրական ընկերությունների սեփականատերերը։ «Մեր պետությունը պարտավոր է համապատասխան միջավայր ապահովել, որպեսզի այդ տեղեկությունը բաց լինի բոլոր ձեռնարկությունների համար», – նշել է վարչապետը։

Կառավարության հավանությունն է ստացել «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց և նրանց ընտանիքի անդամների` քաղծառայողի արձակուրդի ժամանակ ՀՀ տարածքի հանգստյան տներում ուղեգրի գնի փոխհատուցմամբ հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ։

Կառավարության հավանությանն է արժանացել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որի մշակումը պայմանավորված է ՀԴՄ-ներով իրականացված դրամական հաշվարկների վերաբերյալ հարկային մարմնին տեղեկություն տրամադրելու և հասույթը լիարժեք հաշվառելու նկատմամբ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմամբ։
Գործադիրը հավանություն է տվել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում, «Դատական օրենսգրքում» և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին։

Կառավարության նիստում հավանություն է ստացել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով ապահովվում են անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու և օգտագործելու կարգի խախտման իրավահարաբերությունները։

Նշված նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

ՀՀ կառավարությունը ԿԱ պետեկամուտների կոմիտեում գործող TWM համակարգի մաքսային գանձումների վճարման էլեկտրոնային ենթահամակարգերի ներդրման նպատակով կոմիտեին հատկացրել է 98765,7 հազար դրամ։ Համակարգի ներդրումը բարեխիղճ տնտեսվարողներին հնարավորություն կտա հսկողության կանաչ ուղիով անցնելիս զգալիորեն կրճատել մաքսային ձևակերպման ժամանակը, պահանջվող փաստաթղթերի քանակը։ Մեկ այլ որոշմամբ փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, գործադիրը հստակեցրել է ապրանքները և տրանսպորտային միջոցները մեկ մաքսային մարմնից մյուսը փոխադրման ընդունած անձի` փոխադրող անձի պարտավորությունների դադարեցման հետ կապված գործողությունները։

Իր նիստում կառավարությունը «Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը» ճանաչել է Գյումրու տեխնոպարկի ծրագրի իրականացման հետ կապված աշխատանքների և ՀՀ կառավարության կողմից համապատասխան տարվա «Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման պետական աջակցության» ծրագրի միջոցառումների կատարման գլխավոր օպերատոր։ Այսպիսով, հիմնադրամին է վերապահվում կարևորագույն տարածքների և շինությունների սեփականության և կառուցապատման պատասխանատվությունը, հիմնական ծրագրերի իրականացումն արագացնելու իրավասությունը։

Ի կատարումն ՀՀ նախագահի 2010թ. հոկտեմբերի 7-ի «2010թ. աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի ՀՀ կառավարությունը որոշել է 2010թ. աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով, ՀՀ վարչատարածքային միավորներում` մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ, հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը։ Որոշմամբ համապատասխան պարտականություններ են վերապահված  պաշտպանության,  առողջապահության,  արտաքին գործերի,  տրանսպորտի և կապի նախարարներին,  գլխավոր դատախազին,  մարզպետներին և Երևանի քաղաքապետին, ոստիկանության պետին։
Կառավարությունը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2009թ. հունիսի 29-ին և 2009թ. հունիսի 30-ին ստորագրված «202.400 մլն հատուկ փոխառության իրավունքին (ՀՓԻ) համարժեք գումարի չափով վարկ տրամադրելու մասին» նամակների փոխանակման ձևով կնքված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» նամակների փոխանակման ձևով կնքվող համաձայնագրի կնքման առաջարկությանը։ 2010թ. հունիսի 28-ի դրությամբ ՀՀ կառավարությունը փաստացի ստացել է 127.601 մլն ՀՓԻ։ Հայկական կողմի խնդրանքով ԱՄՀ գործադիր խորհուրդը Հայաստանի համար հաստատել է 266.8 մլն ՀՓԻ-ի նոր ծրագիր և չեղյալ համարել նախորդ` օժանդակության ծրագիրը։ Նոր` «Երկարաժամկետ վարկային գործիք» ծրագրով ԱՄՀ-ն նախատեսում է բյուջետային աջակցության վարկային միջոցները Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 0 տոկոս դրույքաչափով։

Կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ 2010թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր նախկին որոշումներից մեկում և ավագ դպրոցների շենքերի և հատուկ կրթական հաստատությունների հիմնանորոգման համար նախագծային աշխատանքների իրականացման նպատակով  քաղաքաշինության նախարարությանը հատկացրել 49 մլն 700 հազար դրամ։
Իր որոշմամբ նվազեցնելով «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ կանոնադրական կապիտալը, ՀՀ կառավարությունը Երևանի Չարենցի 17 հասցեում շենքային համապատասխան պայմաններով է ապահովել «Համահայկական բանկ» բաց բաժնետիրական ընկերությունը` գործակալությանը վարձակալության իրավունքով հանձնելով Երևանի Կոմիտասի 49/3 շենքի 10-րդ և 11-րդ հարկերի 800 քառ. մետր տարածքը։

Գործադիրը փոփոխություններ է կատարել իր նախկին որոշումներից մեկում և վերաբաշխել ՀՀ պետբյուջեով հուշարձանների վերականգնման համար հատկացված ֆինանսական միջոցները։ Ընդունված որոշմամբ աշխատանքներ կիրականացվեն Քոբայրավանք համալիրի գլխավոր եկեղեցում, Լճաշենի ամրոցում, «Ցախաց քարի վանք» համալիրում, Օձունի տաճարում, Ս. Փարաջանովի թանգարանում և պատմամշակութային այլ օջախներում։

Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց նպատակն է փաստաթուղթը համապատասխանեցնել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի «ՀՀ համայնքների պարզեցված գլխավոր հատակագծերի մշակման փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» որոշման դրույթներին։ Հաջորդ որոշմամբ կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել տարբեր տարիների իր այն որոշումները, որոնցով, մինչև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի և այլ համապատասխան օրենքների ուժի մեջ մտնելը, հաստատվել էին նկարագրերը Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերի այն համայնքների, որոնց վարչական սահմանները կրել են փոփոխություններ։

Գործադիրը փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը, որով սահմանվել են տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները։ Դրանց համապատասխանող «U», «Օ», «S» և «L» տառերից զատ այսուհետև կարող են օգտագործվել նաև «P», «N», «T», «D» և «V» տառերը, քանի որ որոշմամբ սահմանված տառեր պարունակող և հետաքրքրություն ներկայացնող համարանիշները գրեթե սպառվել էին։

Այսօրվա նիստում գործադիրը փոփոխություններ ու լրացումներ է կատարել միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման և դրանց կառուցման արտոնագրման կարգերը և արտոնագրի ձևերը հաստատելու որոշումներում։ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցմամբ, ինչը անվտանգության նոր պահանջներ է նախատեսում նշված գործընթացներում։ Մեկ այլ որոշման մեջ կատարվել է լրացում, որի համաձայն «Մեծամորէներգաատոմ» ՓԲԸ-ն, որն ստեղծվել է միջուկային նոր էներգաբլոկ(ներ)ի կառուցումն իրականացնելու համար` որպես պատվիրատու կազմակերպություն, կստանձնի նաև շահագործող կազմակերպության պարտականություններն ու իրավասությունները։

Դիտվել է 2054 անգամ:
Print Friendly

Leave a Reply