Վարչապետի գավաթին արժանացավ պաշտպանության նախարարության թիմը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 14, 2010 10:48

Երեկ վարչապետ Տիգրան Սարսգյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ – 2010» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղին, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Միմյանց հետ մրցում էին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և պաշտպանության նախարարության թիմերը։

Խաղը ավարտվել է 3։0 հաշվով` հօգուտ պաշտպանության նախարարության թիմի, որն էլ վարչապետի կողմից ստացել է առաջին տեղի համար նախատեսված գավաթը։ Երկրորդ և երրորդ տեղերը գրավել են գլխավոր դատախազության և առողջապահության թիմերը։ Բացի գավաթներից մրցաշարի հաղթողները ստացել են մեդալներ, մարզահագուստ և հավաստագրեր։

Սահմանված էին նաև այլ մրցանակներ. լավագույն դարպասապահ, լավագույն պաշտպան, կիսապաշտպան, ռմբարկու, լավագույն խաղացող, մրցաշարի մասնակից, լավագույն քաղաքացիական ծառայող, որոնց համապատասխանաբար արժանացել են Պարույր Հակոբյանը (մշակույթի նախարարություն), Սամվել Բարոյանը (էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն), Կամո Հարությունյանը (անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե), Խորեն Զաքարյանը (կենտրոնական բանկ), Հարություն Ծատուրյանը (կրթության և գիտության նախարարություն)։ Ամենկարգապահ թիմի մրցանակը հանձվել է Հայաստանի կառավարության աշխատակազմի թիմին։

Փակման հանդիսավոր արարողության ժամանակ վարչապետը նշել է. «Ֆուտբոլը Հայաստանում վերելք է ապրում։ Հայաստանի ազգային հավաքականի երեկվա փայլուն հաղթանակը Անդորրայի նկատմամբ դրա վկայություններից մեկն է։ Իսկ այսօրվա հաղթանակը ոչ միայն պաշտպանության նախարարությանն է` այլ բոլորինս, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ։ Մեր նպատակը սպորտը` ֆուտբոլը, զանգվածային դարձնելն ու մեր ֆուտբոլի 1973թվականի համբավը վերադարձնելն է։ Համոզված եմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր առջև դրել է այդ նպատակը և հաջողության կհասնի։ Այս մրցաշարի նպատակը, սակայն, հանրության ուշադրությունը դեպի ֆուտբոլը հրավիրել է»։

Դիտվել է 1227 անգամ:
Print Friendly

Leave a Reply