Բակո Սահակյան. «Անգնահատելի է հայ լրատվության դերը համահայկական կարեւորագույն խնդիրների լուսաբանման գործում»

Պաշտոնական, Օրվա լուր | | October 14, 2010 10:43

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը երեկ  մասնակցել է Ստեփանակերտում մեկնարկած «21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգությունը եւ հայ լրատվությունը» լրատվամիջոցների եւ լրագրողների 5-րդ համահայկական համաժողովին, որտեղ հանդես է եկել  ողջույնի խոսքով:

Ողջունելով ներկաներին՝ Բակո Սահակյանն ասել է,  թե  «այն, որ համաժողովը անց է կացվում մեզ մոտ` Արցախում, չափազանց կարեւոր ու խորհրդանշական է բոլոր առումներով:  Համոզված եմ, որ այն դրական դերակատարություն կունենա համահայկական տեղեկատվական դաշտի զարգացման գործում:  Միանգամայն ակնհայտ է, որ տեղեկատվության ոլորտը հայոց անկախ պետականության զարգացման ու զորացման, աշխարհով մեկ սփռված հայության ազգային ինքնության պահպանման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդման, Արցախի միջազգային ճանաչման, համազգային նպատակների իրականացման հանգուցային բաղադրամասերից է:

Անգնահատելի է հայ լրատվության դերը համահայկական կարեւորագույն խնդիրների` հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ Արցախյան հիմնահարցի ճշմարտացի լուսաբանման գործում: Այս խնդիրների լուծումն անհնարին է առանց հայ ժողովրդի բոլոր հատվածների միասնական ջանքերի համախմբման: Աշխատանքներն այս ուղղությամբ պահանջում են սերտ կապեր Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի քաղաքական, լրատվական, գիտակրթական, վերլուծական եւ այլ շրջանակների միջեւ:

Ողջունելի է, որ համաժողովի ընթացքում լայնորեն կքննարկվեն վերոհիշյալ հարցերը: Հուսով եմ, այդ քննարկումներն օգտակար կլինեն միասնական լրատվական ճակատն ուժեղացնելու, առկա բացերը շտկելու, կեղծիքների վրա հիմնված հակառակորդի քարոզչությունը չեզոքացնելու ուղղությամբ կոնկրետ քայլերի մշակման տեսանկյունից»:

Սահակյանը  վստահություն է հայտնել, որ  համաժողովը հաջողությամբ կիրականացնի իր առջեւ դրված խնդիրները եւ կնպաստի տեղեկատվական ոլորտում գործնական կապերի ընդլայնմանն ու խորացմանը:

Դիտվել է 1208 անգամ:
Print Friendly

Leave a Reply