Թութք. առաջացման պատճառները և բուժումը
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | October 18, 2010 3:11
Թութքն ամենատարածված հիվանդություններից է, հայտնի է վաղնջական ժամանակներից: Առաջանում է հիմնականում այն մարդկանց մոտ, ովքեր միշտ ճնշված են կամ դժգոհ: Եթե թութքը չբուժվի, ապա այն կուղեկցի մարդուն նրա ողջ կյանքի ընթացքում: Սկզբից անհանգստություն է պատճառում հետանցքի շրջանում առաջացած ցավը, քորը, հետագայում կարող են հաճախակի սրացումներ լինել: Դրանք կարող են բարդություններ առաջացնել և, ի վերջո, հանգեցնել վիրահատական միջամտության:
Թութքը երակների վարիկոզ լայնացում չէ: Այն հետանցքային գլանիկների մեծացումն է, որոնք իջնում են ու դուրս գալիս արտաքին հատված, ապա արյունահոսում:
Թութքի պատճառներն են երկարատև նստած կամ կանգնած վիճակը, ժառանգականության գործոնը, լուծն ու փորկապությունը: Արդեն ապացուցված է, որ ալկոհոլային խմիչքները նույնպես կարող են ոչ միայն արյունատար անոթների հիվանդությունների, այլև թութքի պատճառ դառնալ: Թութքը լինում է արտաքին ու ներքին: Հաճախ հանդիպում է երկուսի համադրությունը:
Բուժումը կարող է լինել ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ օպերատիվ: Սկզբում, իհարկե, խորհուրդ է տրվում դիմել կոնսերվատիվ մեթոդների. դրանք են ՝1) ռացիոնալ սնունդը, 2) ալկոհոլային խմիչքների, այդ թվում և գարեջրի օգտագործման բացառումը, 3) չծխելը, 4) զուգարանի խնդրի կարգավորումը (կղանքը պետք է թանձր լինի, սակայն ոչ պինդ), 5) ֆիզիկական ծանր աշխատանքի սահմանափակումը, 6) երկար չկանգնելը կամ էլ չնստելը, 7) անոթների պատերն ամրացնող դեղորայքի ընդունումը, 8) հետանցքի շրջանում առաջացող քորի մեղմումը դեղամիջոցներով, 9) բուժական ֆիզկուլտուրան, 10) պարբերական այցելությունները բժշկին:
Ինչպե՞ս սնվել թութքի դեպքում. սա կարևոր է իմանալ: Հիվանդի կերակրացանկը պետք է հագեցած լինի այնպիսի մթերքներով, որոնք ամրացնում են անոթների պատերը: Գերադասելի են բուսական ու կենդանական ծագման այն մթերքները, որոնք պարունակում են վիտամիններ ու հանքային նյութեր. մրգեր, բանջարեղեն, վարսակաձավար: Սննդից հանվում են ապխտած, աղի, թթու մթերքները, պահածոները, մարինադները, շոկոլադը, թունդ թեյն ու սուրճը, թթու մրգերն ու բանջարեղենը: Սրացումների շրջանում պետք է բացառել նաև կաթնաթթվային մթերքը:
Վիտամինների մասին. անոթների ամրացման նպատակով պետք է C և P վիտամիններ ընդունել: Սրանք նվազեցնում են անոթների թափանցելիությունը, մասնակցում կոլագենի սինթեզին, կասեցնում արյունահոսությունը: Համաժամանակյա օգտագործման դեպքում մեկը մյուսի ազդեցությունը կլրացնի: Այս վիտամինների բնական աղբյուր են նարինջը, ազնվամորին, կաղամբը, սոխը, կանաչ թեյը, մասուրը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում թութքի բուժման ժողովրդական դյուրին միջոցներ.
–Ոչ բարձր մետաղյա թիթեղամանի մեջ ուժեղ տաքացրած աղյուս դնել ու վրան մանր կտրատած սխտոր ցանել: Երբ այն սկսի ծխալ, հարկավոր է նստել ամանի վրա` ծխի «լոգանք» ընդունելու համար:
–Հում կարտոֆիլից կտրել բութ մատի հաստությամբ, 7-8 սմ երկարությամբ շերտ: Քնելուց առաջ այն ամբողջությամբ մտցնել ներս:
– Կաշվե ձեռնոցի միջնամատը կտրել ու դրա մեջ մանրացրած սառույց լցնել: Կտրված «միջնամատին» ձեթ կամ վազելին քսել, որպեսզի մտցնելուց վնասվածքներ չառաջանան, ու կապել, որպեսզի պարունակությունը չթափվի: Քնելուց առաջ այն մտցնել հետանցքը (քուղերը դուրս թողնել), իսկ առավոտյան հանել:
Հիշեցնենք, որ թութքի դեպքում վիրաբուժական միջամտությունը ձեզ ժամանակավորապես կազատի անhանգստությունից , քանի որ այն կարող է կրկնվել: Ուստի անհրաժեշտ է կանոնավորել սննդակարգը:






Facebook
Tweet This
Email This Post
