Ադրբեջանի ընտրական հանձնաժողովում ծեծել են ընդդիմադիր թեկնածուին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 14, 2010 10:21
Ջալիլաբադի թիվ 67 ընտրական օկրուգում Ադրբեջանի ընդդիմադիր Ժողճակատ-Մուսավաթ բլոկից թեկնածու առաջադրված Թազախան Միրալամլին հայտարարել է, որ օկրուգային ընտրական հանձնաժողովի քարտուղար Իսա Ալլահվերդիեւը ծեծի է ենթարկել իրեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ «Բիզիմ յոլ» թերթի, Թ.Միրալամլին Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հայտնել է, որ հոկտեմբերի 12-ին` ժամը 12.00-ին, փորձագետների խմբի նիստին մասնակցելու համար այցելել է այն շենքը, որտեղ տեղավորված է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը:
«Նիստի ժամանակ հանձնաժողովի մի անդամ ներկայացրել է ստորագրությունից հրաժարվողների դիմումները, ինչին ես առարկել եմ՝ ասելով, որ դրանք անօրինաբար հավաքված դիմումներ են: Այդ պահին հանձնաժողովի քարտուղար Իսա Ալլահվերդիեւը հարձակվեց ինձ վրա եւ սկսեց ապտակել երեսիս: Նա աշխատում էր ինձ ներքաշել դիվերսիայի մեջ», -ասել է ընդդիմադիր թեկնածուն: Թ.Միրալամլին հավելել է, որ հանձնաժողովի քարտուղարի վարքի հետ կապված՝ բողոքի դիմում է ներկայացրել Ջալիլաբադի շրջանային դատախազություն, սակայն, դատաբժշկական փորձաքննություն անցնելու համար տեղեկանք իրեն մինչ այժմ դեռ չի տրվել:






Facebook
Tweet This
Email This Post
