Բալկանյան երեք երկրների քաղաքացիներ մուտք կգործեն ԵՄ առանց վիզայի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 16, 2009 15:59
Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է բալկանյան երեք երկրների` Սերբիայի, Մակեդոնիայի և Չեռնոգորիայի քաղաքացիներին ազատել ԵՄ մուտք գործելիս ներկայումս պահանջվող վիզայի անհրաժեշտության պայմանից: Եթե այս առաջարկն ընդունվի, ապա 2010 թվականի հունվարից այս պետությունների քաղաքացիները կկարողանան ազատ տեղաշարժվել Շենգենյան տարածքում:
Առանց վիզային ռեժիմի ներմուծման մասին համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար պետք է վավերացվի ԵՄ բոլոր 27 երկրներում: Բացի այդ, փաստաթուղթը պետք է հավանություն ստանա Եվրախորհրդարանում:
Այս որոշումը դեռևս չի վերաբերի Բոսնիայի և Հերցեգովինայի ու Ալբանիայի քաղաքացիներին:
ԵՄ տրանսպորտի հարցերով հանձնակատար Ժակ Բարրոյի խոսքերով` այս երկու պետությունների նկատմամբ կիրառվող սահմանափակումները պայմանավորված են նրանով, որ դրանցում, կենսամետրիկ տվյալներով, անձնագրավորումը պարբերական բնույթ դեռևս չի կրում:
Մակեդոնիան 2005 թ.-ից ԵՄ անդամակցության պաշտոնական թեկնածու է: Սերբիան և Չեռնոգորիան նույնպես դիմել են անդամակցության, սակայն Սերբիայի անդամակցությունը բարդ խնդիր է դարձել, քանի որ վերջինից պահանջվում է Հաագայի տրիբունալին հանձնել ռազմական հանցագործություններում մեղադրվող Ռադկո Մլադիչին: Մլադիչի գտնվելու վայրը հայնի չէ. ենթադրվում է, որ նա թաքնվում է Սերբիայի տարածքում:
AFP գործակալություն
Լուսանարը` AFP






Facebook
Tweet This
Email This Post
