Բացահայտվել են զինծառայողի մահվան մեղավորները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 13, 2010 17:22

Ի լրումն հոկտեմբերի 3-ին ՊՆ տարածած հաղորդագրության՝ առ այն, որ նույն օրը N զորամասի զորանոցի նկուղում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Գևորգի Խաչատրյանի դին, ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հայտնում է.

Ձեռնարկված անհրաժեշտ և անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, բռնություններ են գործադրել Ս. Խաչատրյանի նկատմամբ, հայհոյանքներով ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն առաջացրել է ծանր հետևանքներ) և 375-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալված են մարտկոցի հրամանատարը, պարտադիր ժամկետային ծառայող երեք սերժանտ և երեք շարքային զինծառայողներ:

Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1133 անգամ:
Print Friendly

Leave a Reply