ՀՅԴ-ն և Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը տեսակետ կներկայացնեն Արցախի հարցի կարգավորման սկզբունքների վերաբերյալ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 13, 2010 17:17

«Ադրբեջանցի դիվերսանտի դիակի վերաբերյալ Բաքվում իմ հայտարարությունը նույն ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումն է արտահայտել,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ բյուրոյի պատասխանատու Կիրո Մանոյանը, ով առավոտյան է վերադարձել Բաքվից, որտեղ մասնակցում էր Սոցինտերնի ԱՊՀ, Կովկասի և Սև ծովի հանձնախմբի ժողովին:- Հայտարարել եմ, որ դիակը չեզոք գոտում է գտնվում և եթե Ադրբեջանն ուզում է, կարող է վերցնել այն»:

ՀՅԴ պատվիրակությունը երկօրյա այցով հոկտեմբերի 11-12-ը  մեկնել էր Ադրբեջան՝ մասնակցելու Ընկերվար Միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ-ի, Կովկասի և Սև Ծովի հանձնախմբի խորհրդաժողովին։

Ժողովին մասնակցած Կիրո Մանոյանը և ՀՅԴ Բյուրոյի անդամ,  Սոցինտերնի  համանախագահ Մարիո Նալպանտյանը ժողովը համարում են հաջողված: Նրանք նշում են, որ Բաքվում խնդիրներ չեն ունեցել. անվտանգության խիստ ռեժիմ է գործել, իրենց հետ էլ քաղաքավարի են վարվել: «Որևէ բողոքարարի, կամ բողոքի ակցիայի ականատես չենք եղել»,-ասում է Մանոյանը՝ անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ի՝ բողոքի ակցիաների մասին լուրերին:

Անդրադառնալով իր և Ադրբեջանի Սոցիալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Արազ Ալիզադեի հեռուստատեսային հարցազրույցին՝ Մանոյանը նշեց, որ  «Նա իր պատասխաններով նախընտրական քարոզարշավ էր տանում և անգամ այնպիսի անհեթեթ բաներ հայտարարեց, որ իմաստ չուներ դրանց պատասխանել, բայց անպատասխան թողնելն էլ ճիշտ չէր, օրինակ` ինքը Աղթամարի մասին գիտի որպես կոնյակ և ասաց, որ ամեն տեղ հայկական տարածք ենք փնտրում»:

Նրա խոսքով, Ալիզադեի պահվածքից ակնհայտ էր, որ նրա արտահայտած մտքերը ոչ թե «իր կողմից հասկացողություն ցուցաբերելու համար էին, այլ նախընտրական քարոզարշավ էր վարում»:

ՀՅԴ ներկայացուցիչները հայտարարեցին, որ Բաքվում կայացած Սոցինտերնի ժողովում առաջարկվել է ՀՅԴ-ին և Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը ձևակերպել իրենց տեսակետները Ղարաբաղի հարցի կարգավորման սկզբունքների վերաբերյալ, որպեսզի դրանք ներկայացվեն Փարիզում նոյեմբերի 15-16-ին կայանալիք Սոցինտերնի ընդհանուր համաժողովին: «Եթե այստեղ հնարավոր եղավ համադրել կողմերի մոտեցումները, ապա կընդունվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձև»,- ասում է Նալպանտյանը:

Կիրո Մանոյանի կարծիքով, սակայն,  ադրբեջանական կուսակցությունը մինչև նշված ժամկետը որոշակի մոտեցում չի կարող  ներկայացնել, քանի որ նոյեմբերի 7-ին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են:

Դիտվել է 1763 անգամ:
Print Friendly

Leave a Reply