Համահայկական համաժողով. 21-րդ դարի մարտահրավերներն ու հայ լրագրությունը
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | Աննա Մուրադյան | October 13, 2010 12:31
Այսօր ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկեց «21-րդ դարի մարտահրավերները և տեղեկատվական անվտանգությունն ու հայ լրագրությունը» խորագրով համահայկական 5-րդ համաժողովը:
Համաժողովին մասնակցում են 200 լրագրող Հայաստանից և Սփյուռքից: Համաժողովը ֆինասավորում է Սփյուռքի նախարարությունը,իսկ Սփյուռքից և Հայաստանի մարզերից ժամանած հյուրերը Երևան են եկել իրենց միջոցներով:
Երեք ավտոբուսներով լրագրողների խումբը երեկ Երևանից շարժվեց առավոտյան, իսկ կեսօրին մոտ բարձրացավ Տաթև վանական համալիր: Սփյուռաքահայ լրագրողներից շատերն առաջին անգամն էին Հայաստանում, իսկ եղածներից շատերն էլ չէին եղել Տաթևում:
«Տաթև գնալու ճանապարհը երկար էր, բայց մեծ բավականություն ստացա այցելությունից,- «Անկախին» ասաց ԱՄՆ «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր Արա խաչատրյանը,- դա մի անսպասելի երևույթ էր իմ համար»:
Համաժողովը լավ առիթ էր լինել տեսնելու հայ հնագույն վանական համալիրներից մեկը, որտեղ էլ ամիս 16-ին կգործարկվի ճոպանուղին:
Առավոտյան համաժողովը բացեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` լրագրողներին կոչ անելով գրել կառուցողական քննադատական հոդվածներ: Լրագրողներին ողջունեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ու Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը:
Նախարարը ներկայացնելով համաժողովի ծրագրերը` խիստ կարևորեց լրագրության և տեղեկատվական պատերազմներում նախահարձակ լինելու նախաձեռնությունը: «Այնպես է ստացվում, որ մեր թշանամիներն են հարձակվում, իսկ մենք պաշտպանվում ենք,- ասաց նա,- մենք այս համաժողովի ընթացքում այնպիսի ծրագրեր պիտի մշակենք, որոնք առաջիկա 2 տարիների համար մեր համար կլինեն ուղենիշային, և որտեղ նախահարձակ լինելը պետք է գերակայի»:
«Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանն էլ ներկայացրեց հայաստանյան հայ մամուլի պատկերը: «Մեր մոտ գոյություն ունի ընդդիմադիր և իշխանական մամուլ,- ասաց նա,- ընդդիմադիրը քննադատում է իշխանությանն ու ծածկում սեփական դաշտի թերությունները, իսկ իշխանության տեսակետը ներկայացնող մամուլն էլ վերահսկվում է իշխանության կողմից և շատ խնդիրներ դուրս են մնում ուշադրությունից»:
Ըստ Ավետիքյանի` Արցախի մամուլը համասփյուռ հայկական մամուլի ամենաթույլ օղակն է, որը գտնվում է իներտ վիճակում:
Համաժողովը շարունակում է աշխատանքները և կամփոփվի հոկտեմբերի 16-ին:






Facebook
Tweet This
Email This Post
