Վերջին 41 տարում ՏՈՒ-154 ինքնաթիռների 54 վթարներից զոհվել է 2860 մարդ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | July 16, 2009 14:44

ՏՈւ 154Երեկ առավոտյան Իրանում վթարի ենթարկված ՏՈՒ-154 օդանավի 3 սև արկղերից երկուսն արդեն գտնվել են: «Վեստի»-ի հաղորդմամբ` ինքնագրերը խիստ վնասված են, ինչը կդժվարացնի վերծանման աշխատանքները: Իրանական կողմի հաղորդմամբ`ինքնագրերի վերծանման համար օգնություն կհայցեն ինքնաթիռն արտադրող ընկերությունից:


Իրանական «Caspian Airlines» ընկերության ՏՈՒ-154 ինքնաթիռի կործանման պատճառն Իրանում համարում են շարժիչում բռնկված հրդեհը, որի արդյունքում օդանավն օդում պայթել է: Հայաստանի փրկարար ծառայության նախնական տվյալներով` «վթարը տեղի է ունեցել ինքնաթիռի շարժիչում բռնկված հրդեհի պատճառով: Հարկադիր վայրէջք կատարելիս ինքնաթիռը բախվել է գետնին, ինչի հետեւանքով տեղի է ունեցել պայթյուն»: Ինչպես «LIFE.ru»-ին տված հարցազրույցում նշել է Ռուսաստանում Իրանի դեսպանատան խորհրդական Սաիդ Ադինելուն, պայթյունից բացի, ճշտվում են նաև այլ վարկածներ:

Ըստ Թեհրանի օդանավակայանի մենեջեր Ահմեդ Մոմենի հայտարարության՝ օդաչուի հետ վերջին կապի ընթացքում «ամեն ինչ նորմալ է եղել, ոչ մի տեխնիկական անսարքություն չի գրանցվել»: Օդանավը, ականատեսների վկայությամբ, մասերի է բաժանվել հենց օդում: Կտորները, որոնք ցիրուցան են եղել 200քմ տարածության վրա, այրվել են գետնին:

Ինքնաթիռի կործանման վայրում 10մ խորությամբ փոս է առաջացել, օդանավից մնացել են միայն բեկորներ, իսկ մարդկանց դիակները գրեթե մոխրացած են: Իրանական կողմի տեղեկացմամբ`դիակների որոնողական աշխատանքները դադարեցվել են, իսկ գտնվածների ինքնությունը պարզելու համար պետք է ԴՆԹ թեստ արվի: Կործանված ՏՈւ154 ինքնաթիռի կործանման վայրը

Ինքնաթիռը շահագործման է հանձնվել 22 տարի առաջ` 1987 թին: «Caspian Airlines» ընկերությունը 2008թ. սկզբին ունեցել է 4 ինքնաթիռ. 1` MD-82 վարձակալված ուկրաինական «Խորս» ավիաընկերությունից, և 3` ՏՈՒ-154: 1968 թ.-ից մինչ օրս տարբեր ավիաընկերությունների պատկանող ՏՈՒ-154 ինքնաթիռի վթարման 54 դեպք է եղել, որի ժամանակ զոհվել է 2.860 մարդ:

1979թ. Իրանում իսլամական հեղափոխությունից հետո արևմտյան երկրներում ինքնաթիռ արտադրող ընկերությունները մինչ օրս Իրանին հրաժարվում են ինքնաթիռ կամ ինքնաթիռի մաս վաճառել:

Թեհրանից Երևան թռչող կործանված ինքնաթիռում գտնված168 անձանցից(որից 15-ը` անձնակազմի անդամ) 35-ը  հայ է եղել, որից 6-ը` Հայաստանի քաղաքացիներ: Զոհված ՀՀ քաղաքացիներից 4-ը`Արթուր Գրիգորյանը, Կարինե Մարգարյանը, Արա Սիրոյանը, Աշոտ Ներսիսյանը, ուղևորներ են, 2-ը` Սուրեն Սողոմոնյանը և Գիրգոր Բարսեղյանը`անձնակազմի անդամ: Զոհված ուղևորներից 2-ն էլ եղել են վրացիներ` Չկագուա Գիվի և Նաթելա Նովիկովա անուններով. այս մասին Զվարթնոց օդանավակայանում հրավիրած ասուլիսի ժամանակ երեկ  ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետի տեղակալ Արսեն Պողոսյանը:

Զոհվածների թվում է նաև հայտնի իրանահայ հոգեբան, նախկինում` Իրանի խորհրդարանի անդամ Լևոն Դավթյանը, ով այժմ Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների ընկերակցության ղեկավարն է: Վթարի զոհ է գնացել նաև Հայաստանում Վրաստանի դեսպանատան ֆինանսական տնօրենը:

Ինքնաթիռում է եղել նաև Իրանի ձյուդոյի պատանեկան հավաքականի 10 անդամ:

Դիտվել է 1251 անգամ:
Print Friendly

Leave a Reply